Արտահանման խնդիրները քննարկելու նպատակով երեկ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում (ՀԱԱՊ) հրավիրվել էին արտահանող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Երեւանի ԱԱՊ նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը ներկաներին առաջարկեց մատնացույց անել առկա խնդիրները, որոնք կարող են կապված լինել ինչպես առեւտրաարդյունաբերական պալատի գործունեությանը, նաեւ լինեն օրենսդրական, իրավական եւ այլ բնույթի, որպեսզի ներկայացվեն կառավարության ուշադրությանը: Սակայն, որքան էլ տարօրինակ էր, սովորաբար տարատեսակ խոչընդոտներից մշտապես բողոքող գործարարները գրեթե միաբերան փաստեցին, որ իրենք խնդիրներ չունեն:
Մասնավորապես, «Երեւանի գարեջուր», «Ձորագյուղ» ադամանդի մշակման եւ այլ ընկերությունների ներկայացուցիչները իրենց գոհունակությունը հայտնեցին ՀԱԱՊ կողմից տրամադրվող հավաստագրերի գներից եւ տրամադրման գործընթացներից: Ըստ նրանց, ապրանքի ծագման հավաստագրի 15 հզ. դրամը մեծ գումար չէ իրենց համար, եւ նպատակահարմար չէ այդ հավաստագրի ստացման գործընթացը տեղափոխել մաքսային կոմիտե:
«Էքսպերտիզա» ընկերության տնօրեն Գեորգի Նանյանը հավաստիացրեց, որ իրենց տված սերտիֆիկատները, որոնք պարտադիր պահանջ են Հայաստանից ապրանք ներմուծող երկրներում, որեւէ խնդիր չեն առաջացրել: Իսկ եթե դրանք չտրամադրվեն, ապա արտահանող կազմակերպությունները խնդիրներ կունենան այդ երկրներում: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենք կառավարությանը առաջարկ են ներկայացրել, ըստ որիՙ արտահանման համար պահանջվող հավաստագրի վճարը լինի սանդղակովՙ սկսած 5 հազար դրամից ավելի փոքր արտահանողների համար եւ ավելի մեծ գումարներՙ ավելի մեծաքանակ ապրանքներ արտահանողների համար:
Մեկ խնդիր արտահանող գործարարներն այնուամենայնիվ նշեցին: Խոսքը արտահանման թույլտվության գրության մասին է, որ պետք է ստորագրի մաքսատան ղեկավարը: Մինչդեռ նա կարող է այդ պահին զբաղված լինել, եւ բեռների արտահանումը ուշանա 2-3 ժամով:
Ա. Մ.