«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2010-12-17 | #234, 2010-12-18 | #235, 2010-12-21


ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՀԱՄԱՐ ՓԱԿԵՑ ՄԻ ԷՋ ԵՎ ԲԱՑԵՑ ՆՈՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ճիշտն ասած` ՀՀԿ 20-ամյակի հանդիսությանը նախագահ Սարգսյանի ելույթին հասարակությունը սպասում էր` մի քանի հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ ստանալու առումով, սակայն չի կարելի ասել, որ բոլոր հարցերի պատասխանները ստացվեցին. մի քանի հարցեր նույնքան ահասկանալի մնացին, որքան եւ ելույթից առաջ. օրինակ` քաղաքապետի հրաժարականը հետեւա՞նք էր, թե՞ պատճառ, կամ ԲՀԿ առաջնորդից նախագահ Սարգսյանը հստակեցում պահանջե՞լ է, թե՞ ոչ: Բայց շատ հարցեր վերջակետ ու բացատրություն ունեցան: Բոլոր դեպքերում այս` վերջին ելույթը, նախորդած (տարբեր ձեւաչափերով եւ առիթներով) ելույթների հետ մեկտեղ, ազդարարեց, որ երկրի նախագահը ինքն իր համար փակեց մի էջ եւ բացել է նորը, որտեղ գործելու է նպատակասլաց, առանց սխալվելու իրավունքի եւ ուժգնությամբ ու ծավալով համարժեք քայլերով: Ասենք միայն, որ այս դեպքում սայթաքել չի կարելի, սայթաքումը ընթացք եւ շարունակություն կկասեցնի, ինչի վտանգավությունը միայն անսանձ ձիու վրա երբեւէ եղած մարդը կարող է հասկանալ: Այլ խոսքով` նախագահը մուտք գործեց նախընտրական ժամանակի մեջ` իր եւ ՀՀԿ-ի համար:

Գնահատելով Աշոտ Նավասարդյանին, Վազգեն Սարգսյանին եւ Անդրանիկ Մարգարյանին` նրանց անունները շահարկողներին հասկացրեց` նրանց երազած Հայաստանն իրողություն դարձնելու հնարավորությունն ու պարտավորությունը նաեւ իրենն է, ու հենց իրենն է, ու ինքը գործի է անցնում: Ներքին քաղաքական կայունություն ապահովող հսկա կոնգլոմերատին` ՀՀԿ-ին սպառնացող վտանգը` կարծրացման, դինամիկայի թուլացման, կանգնած ջրերի ճահճանալու մասին «Ազգը» եւս բազմիցս մատնանշել է, բայց որ դա հնչում էր արդեն կուսակցության ղեկավարի շուրթերից, եւ դա գովելի էր, ՀՀԿ-ն մոդեռնանալու կարիքն ունի՛: Սակայն դեղատոմսը նրա առաջարկած ընդհանուր ֆրազների մեջ շատ տեսանելի չէ, միայն երեւում է մտմտուքը` «անելու է առանց բացառությունների եւ վերապահումների». «Մի կողմից մենք պետք է բացառենք հեղափոխական ցնցումները, որ ոչ մի երկրի բարօրություն չեն բերել երբեք, մյուս կողմից մենք պետք է բացառենք տեղում դոփելու վտանգը, պետք է նոր բարձր տեմպ հաղորդենք մեր քայլերին: Մեր ճանապարհը ոսկե միջինն է»:

Շատ լավ: Իսկ ի՞նչ է ոսկե միջինը. մեր կարծիքով` մարտի 1-ին առնչվող եւ բանտերում նստած մարդկանց ազատ արձակում, եւ նախ եւ առաջ` Նիկոլ Փաշինյանի: Ոսկե միջինը երկխոսության հարթակներ գտնելն է ընդդիմադիր բոլոր միավորների հետ ամենատարբեր հարցերի շուրջը, Հանրապետականի առանձնահատուկ դերով հանդերձ: Բայց եթե դա միայն կարգախոս է, ինչպես վերջին երեք տարում բազմիցս եղել է, այդ կարգախոսն արդեն սպառել է գործի դնելու բոլոր առիթները, իսկ եթե գործի է դրվելու, ապա մինչեւ նոր տարի պիտի գործի դրվի` վերստին չիմաստազրկվելու համար: Ուրեմն` նախ բանտարկյալները...

Դե իսկ առաջընթացի թիվ մեկ խոչընդոտ կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը լուծելու առումով երեւի Վրաստանի մասին բերված օրինակը (նախագահն, իհարկե, երկրի անունը չի նշել) նախագահ Սարգսյանը հեքիաթ չի համարել, ինչպես հայ հասարակության մեծ մասն է համարում, այլ «վաղվա իրականություն»` այնպիսի նվազագույնի հասցվեն կաշառակերությունն ու կոռուպցիան, որ ժողովուրդը սկսի հավատալ պետական չինովնիկներին. «Օրենքի առաջ բոլորի հավասարությունը եւ պատժի անխուսափելիությունը պետք է ապահովեն պետական կառույցները: Մենք դա պետք է անենք: Այո՛, դժվար է լինելու, բայց ոչ մի լավ բան այս աշխարհում հեշտ չի լինում»: Այո` եթե մեխը մեխով չհանեն, եւ սղոցի դեմ այլ սղոց չօգտագործեն: Հենց թեկուզ վերջին` Գագիկ Բեգլարյանի հրաժարեցման դեպքը հիշենք. դեպքի մանրամասները մամուլ են հասել միջնորդավորված, եւ անգամ ուղիղ այդ պաշտոնյաները տեղի ունեցածը չեն մեկնաբանել անձամբ: Ու անկախ Բեգլարյանի կերպարի` հասարակությանն անընդունելի լինելու պարագայի , ընտրության ինստիտուտ ներկայացնող պաշտոնյայի հեռացումն ի վերջո վարչական եղանակով է կատարվել, հենց դա խոսում է այն մասին, որ օրենքի առաջ էլի բոլորը հավասար չէին: Որովհետեւ ընտրովի ինստիտուտի ղեկավարին եւ նշանակովի նախարարին հավասար սկզբունքով պաշտոնանկելը հենց հետքայլ է ժողովրդավարական մոտեցումից: Բա հարցնեիք երեւանցուն, բայց թե ինչպե՞ս, երբ ժամանակին մայրաքաղաքի ղեկավար ընտրելու ոչ այնքան ժողովրդավար սկզբունք է որդեգրվել: Իսկ մամուլում (եւ իբր ընդդիմադիր հորջորջվող) կուտ գցելու եղանակով հարցի լուծման ուտվող տարբերակ հորինելը եւս ձեւ է, բայց ոչ նախագահի ելույթում առաջադրած նպատակներին եւ սկզբունքներին համարժեք, առաջիկայում այդպիսի ձեւերից լավ կլիներ ձեռնպահ մնալ:

Ընդհանրապես, կարծում ենք, միջոցառումները կադրային փոփոխություններ, ակտիվ ելույթներ` տարբեր բաց տեքստերով եւ տարբեր ենթատեքստերով, խոսում են այն բանի մասին, որ նախագահ Սարգսյանը փակում է իր կառավարման ժամանակի մի էջը եւ նորն է բացում. եթե մինչեւ այժմ ձեռքերը մի փոքր կապված էին (հետընտրական զարգացումներից սկսած, հայ-թուրքականով եւ ղարաբաղյան խնդիրներով շարունակվող), ապա այսուհետ իրեն ազատ է համարում տարբեր կապանքներից եւ ակտիվորեն խաղալու է քաղաքական, տնտեսական եւ չինովնիկական դաշտում: Այլ ելք գործող նախագահը չունի, անգամ ուշացել է, քանի որ նախագահ դառնալուց հետո նրանից շատ բան էր սպասում հասարակությունը` ներքին փոփոխությունների իմաստով, սակայն նա տարբեր պատճառներով բաց թողեց ժամանակը եւ հիմա փորձում է հետ բերել բաց թողածը: Որպես արդեն ճանապարհ անցած նախագահ` նա հիմա անսահմափակ հնարավորություն ունի, ինչը չունի ընդդիմությունը, եւ չունի կոալիցիոն մյուս մեծ միավորում ԲՀԿ-ն, քանի որ իշխանության մաս լինելով` վերջինս այնքան մեծ չէ, որ թելադրի: ԲՀԿ-ն պետք է ի վերջո ընտրի` ընդդիմություն դառնա՞ ու զրկվի՞ լծակներից` մեկուկես տարի հետո ժողովրդի ավելի ստվար քվե հուսալով, թե՞ մնա ու փորձի կերպար պահել: Ընդդիմության կողմ քայլ գցելը կնշանակեր հարվածի տակ դնել Ծառուկյանի եւ նրա կուսակիցների բիզնեսները, ինչը բոլորովին չէին ողջունի նրա ազդեցիկ կուսակիցներից շատերը: Վերջին շրջանում ԲՀԿ-ի մասին տարածվող լուրերի ֆոնին` այնպես որ անսպասելի չէր նախագահ Սարգսյանի անդրադարձը: Անսպասելի չէր, բայց համարյա ոչինչ չորոշակիացրեց. առողջ մրցակցություն եւ ոչ թե` խարդավանքներ, ձեւակերպեց նա: Վերջնագիր չի ներկայացրել ԲՀԿ-ին` դա շեշտեց, բայց չժխտեց փաստորեն, որ այդ «վերջնագրերը» իր պահանջներն են ե՛ւ իր կուսակիցներին, եւ ե՛ւ կոալիցիոն գործընկերներին, որն օրինաչափ համարեց: Ծառուկյանն էլ հենց նույն օրը հայտարարեց, թե մտադիր չեն դուրս գալ կոալիցիայից, հետ կանչել նախարարներին, եւ որ` Քուշկյանն էլ լավ նախարար է: Բայց մի՞թե ստացվեց այն հարցի պատասխանը` Ծառուկյանը սատարելո՞ւ է Սերժ Սարգսյանին` խորհրդրանական կամ նախագահական ընտրություններում ու սեփական թեկնածուով չի գնալու: Տրամաբանություն կա նրա մեջ, որ ՀՀԿ-ն ու նրա առաջնորդը հիմա ուզենան դա լսել` թե չէ վարչական ռեսուրսները ձեռքին մի տարի հզորանալուց հետո բա որ ԲՀԿ-ն ա՞յլ բան ասի: Ու տրամաբանություն կա նրա մեջ, որ ԲՀԿ-ն հիմա դա չուզի բացահայտել` ինչու զրկվի զանազան ռեսուրսներից ու լծակներից: Մի խոսքով գլխավոր ինտրիգն այս հարցի շուրջ պահպանվում է: Քաղաքակիրթ հանրային երկխոսություն, այո, ասաց, որ պետք է շարունակենք արմատավորել մեզանում, բայց նաեւ անհասկանալի մնաց` արդյո՞ք դա քաղաքական հակառակորդներին եւս վերաբերում է: Հանրության համար անհասկանալի մնաց այն երրորդ խումբը, որ որպես ընդդիմություն գծեց նախագահը . առաջինը հասկանալի է, բոլոր այն ուժերը, որոնք համակիր են, բայց կոալիցիա չեն, որտեղ նաեւ ՀՅԴ-ն է. հավերժ իշխանափոխություն ցանկացողը ՀԱԿ-ն է, իսկ ո՞վ է երրորդ խումբը: Չէ՛ր կարող դա վերաբերել խորհրդարանական ընդդիմության երկրորդ հատվածին, եթե դա վերաբերում է դրամաշնորհներով սնվող որոշ ուժերի` ասելով, թե « այս երրորդ ուժերին մենք ընդդիմախոս չենք համարում, մենք նրանց այլ անուն ենք տալիս»: Ի՞նչ անուն, ո՞ւմ: Չնայած հետո ասում էր, թե մենք ցուցաբերելու ենք հնարավոր առավելագույն հանդուրժողականություն: Ի տարբերություն, որ կոռուպցիայի, կաշառակերության եւ բյուջետային միջոցների մսխման հարցերում պետք է լինի զրո հանդուրժողականություն. «Գողությունը, կաշառակերությունը հաստատապես պետք է պատժվեն, եւ կուսակցական պատկանելությունը կամ ցանկացած այլ տիպի կապեր որեւէ նշանակություն չպետք է ունենան»: Հիմա մնում է ` սա իրականություն դառնա: Որովհետեւ այսպիսի լոզունգներ մեր հասարակությունը շատ է լսել, հատկապես` նախընտրական ժամանակներում, եւ սովորել է, որ դրանք չեն կատարվում... բայց մի փոքրիկ թաքուն հույս էլի պահպանում է, որ գուցե, մի օր...

Գալով անբարեխիղճ պաշտոնյաներին` նախագահն ասում է, որ մեզ պետք չեն. «Կուսակցությունը չի կարող որեւէ հանրապետականի համար հովանի լինել: Կուսակցությունը որեւէ մեկիս անձնական ինչ-ինչ խնդիրների լուծման համար չէ. ճիշտ հակառակը, այդ մե՛նք ենք կուսակցության ծրագրերի իրականացման համար», կուսակացական ախորժակատերերին հասկացնում էր նա. «Ես նկատի ունեմ այն հանգամանքը, որ միշտ չէ, որ մենք պատասխանատու քաղաքական պաշտոնների ենք նշանակում հանրապետականների: Կարծում եմ, որ միայն ու միայն ուժեղ կուսակցությունը կարող է այդպես վարվել` դրանով իսկ հնարավորություն տալով այն բազմահազար համակիրներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով կուսակցությունում չեն, բայց մշտապես եղել են մեզ հետ, իրականացրել են մեր ծրագրերն ու քաղաքականությունը: Մենք այս կուրսը շարունակելու ենք: Ցանկացած դեպքում, եթե տեսնենք, որ տվյալ գործը կարող է ավելի լավ կատարել մեկ այլ անկուսակցական, մենք այդպես ենք վարվելու»: Եթե նկատի ունենանք, որ մոտակա պաշտոնանկությունների առումով մեկ տասնյակի չափ պաշտոնյաների անուններ են շոշափվում, չի բացառվում, ուրեմն, որ վարչարարների նոր անուններ հայտնի լինեն շուտով, եւ քաղաքական դեմքերի փոխարեն, ինչպես արեւմուտքում, կառավարություն հոսեն նոր արհեստավարժներ: Բոլոր դեպքերում` քաղաքական դեմք, թե արհեստավարժ` մեր ժողովուրդը հոգնել է ձեւական պաշտոնափոխություններից: Համբերության որեւէ ռեսուրս այժմ արդեն չի մնացել մեր հասարակության մոտ, նրանք իրական փոփոխությունների շունչն են ուզում զգալ, արդյունք են ուզում տեսնել` թե տնտեսական, թե մարդակային, թե իրավական հարթություններում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4