«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2010-12-17 | #234, 2010-12-18 | #235, 2010-12-21


ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԲԱՆԱԿ

Անցած հանգստյան օրերի ընթացքում Մոսկվայում ձերբակալվել է 1454 հոգի, որոնցից 317-ը` անչափահաս: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` մեջբերելով ՌԴ մայրաքաղաքի ոստիկանության պետ Վիկտոր Բիրյուկովի խոսքերը: Բիրյուկովը նշել է, որ ձերբակալվածներից 200-ը բանակից խուսափած անձնավորություններ են, եւ նրանց անմիջապես «գործուղել են բանակ»:

Մասսայական անկարգությունները Մոսկվայում` համեմատաբար փոքր մասշտաբներով, շարունակվում են: Հիշեցնենքՙ «Սպարտակ» Մոսկվա ֆուտբոլային ակումբի համակիր Եգոր Սվիրիդովի սպանությունից հետո, որի համար մեղադրվում է հյուսիսկովկասցի երիտասարդ, տեղի են ունենում լուրջ բախումներ «ֆուտբոլային» երկրպագուների ու կովկասցիների միջեւ: «Տարօրինակորեն», սակայն, «ֆուտբոլային երկրպագուների բանակը» կազմված է բացառապես սլավոնական արտաքինով երիտասարդներից: Դեկտեմբերի 11-ին Կրեմլին հարակից Մանեժնայա հրապարակում, այնուհետեւ` դեկտեմբերի 15-ին Կիեւյան կայարանի մերձակա հրապարակում ազգայնամոլ զանգվածը «Առաջ Ռուսաստան», «Ռուսաստանը` միայն ռուսներին» կարգախոսներով հարձակվել եւ բախումների մեջ է մտել «կովկասյան արտաքինով» երիտասարդների, այդ թվումՙ անտեղյակ անցորդների հետ»: Արդարության համար նկատենք, որ վերջիններիս` ծայրահեղականորեն տրամադրված զանգվածը նույնպես հրահրել է ազգամիջյան բախումների: Ռուսական որոշ աղբյուրները պնդում են անգամ, որ հատուկ այդ նպատակով Մոսկվա են եկել «ավտոբուսներ` տասնյակ հազարավոր երիտասարդներով` Հյուսիսային Կովկասից»: Վերջին օրերին Մոսկվայի ու նաեւ մերձմոսկովյան ոստիկանությունը, այլ ուժային կառույցները, այդ թվումՙ ՕՄՕՆ-ը, աշխատում են խստացված ռեժիմով: Այժմ քաղաքում անկարգություններ չկան, սակայն լարվածությունը որոշակիորեն պահպանվում է:

Ինչ վերաբերում է «անկարգներով բանակը համալրելուն», ապա այս հանգամանքը խոսում է միայն ռուսական բանակի խնդիրների մասին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը, այս տարվա հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ձգվող աշնանային զորակոչի ընթացքում նախատեսված էր բանակ զորակոչել շուրջ 280 հազար երիտասարդների` 18-27 տարեկան: Սակայն նոյեմբերի վերջին տվյալներով ռուսական բանակ են զորակոչվել միայն մոտ 200 հազարը` այն էլ պաշտոնական տվյալներով: Ընդ որում, ինչպես նկատել է ՌԴ Պետդումայի անվտանգության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Սերգեյ Աբելցեւը այսօրվա տվյալներով դեռեւս 200 հազար երիտասարդներ խուսափում են բանակային ծառայությունից: BBC-ի ռուսական ծառայությունը մեջբերում է ռուսաստանցիների միջեւ անցկացված սոցիալական հարցման արդյունքները, որ ռուսաստանցիների կեսից ավելին չի ցանկանում, որ հարազատները ծառայեն բանակում` «հաշվի առնելով ռուսական բանակում տիրող «դեդովշչինայի» առկայությունը, ինչպես նաւ դասալքության զգալի տոկոսը»: Ի դեպ, վերոհիշյալ խնդիրների լուծումը շատ ռուս իրավաբաններ ու գործիչներ տեսնում են պայմանագրային ծառայության անցնելու մեջ, միեւնույն ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռեւ չի ցանկանում անցում կատարել պայմանագրային ծառայությանը` պահպանելով պարտադիր ծառայության սկզբունքը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4