Աճի տեմպը փոքր-ինչ բարձրացավ
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2010-ի հունվար-նոյեմբեր ամիսների օպերատիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 2,6 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է մոտ 3 տրիլիոն 104 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ տնտեսական աճը, սկսած մայիսից, 8,8 տոկոսից նվազեց եւ հունվար-հոկտեմբերին հասավ 2,4 տոկոսի: Թեեւ նոյեմբեր ամսին հոկտեմբերի նկատմամբ գրանցվել է 5,4 տոկոս անկում, այդունանդերձ, 11 ամիսների արդյունքում, համեմատած նախորդ տարվա 11 ամիսների հետ, տնտեսական աճի տեմպի նվազումը դադարեց եւ անգամ փոքր չափով բարձրացավ:
Ըստ տնտեսության ճյուղերի, ցուցանիշները հետեւյալ են: Արդյունաբերությունում աճի տեմպը պահպանվում էՙ կազմելով 9,8 տոկոս: Այստեղ նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ եւս աճ է արձանագրելՙ 7,6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-նոյեմբերին աճել է 14,4 տոկոսով, բայց նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ 16,2 տոկոս անկում է արձանագրվել: Շինարարությունում անկման տեմպը նվազել էՙ կազմելով 3,8 տոկոս, եւ նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 11,4 տոկոս աճ: Գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմել է 14,5 տոկոս, իսկ նոյեմբերինՙ հոկտեմբերի նկատմամբ, 42,2 տոկոս: Այս ճյուղը շարունակում է մնալ ամենամեծ անկում արձանագրածն այս տարվա ընթացքում: Ծառայությունների ոլորտում 2010-ի հունվար-նոյեմբերին արձանագրվել է 6,6 տոկոս աճ, սակայն այստեղ եւս նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ անկում է արձանագրվելՙ 4,5 տոկոսով: Մանրածախ առեւտրում արձանագրվել է 0,5 տոկոս աճ, իսկ նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ 1,8 տոկոս անկում:
Միջին աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 7,2 տոկոսով եւ գերազանցել 106 հազար դրամը: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմում է մոտ 85,5 հազար դրամ, իսկ մասնավորումՙ գրեթե 133 հազար դրամ: Առաջինում աճը կազմել է 4,1 տոկոս, երկրորդումՙ 7,5 տոկոս:
Արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 18,9 տոկոսով եւ կազմել 4 մլրդ 226 մլն դոլար: Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճն այստեղ կազմել է 14,4 տոկոս:
Արտահանումը կազմել է 896 մլն դոլարՙ աճելով 41,2 տոկոսով: Նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ նույնպես արտահանումն աճել էՙ 15,3 տոկոսով:
Ներմուծումը կազմել է 3 մլրդ 370 մլն դոլար, աճելով 14,2 տոկոսով: Նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ ներմուծման ավելացումը նույնպես 14,2 տոկոս է կազմել:
Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը շարունակել է մտահոգիչ լինել, քանի որ շարունակում է խորանալՙ կազմելով մոտ 2 մլրդ 474 մլն դոլար:
Այսպիսով, այս տարվա 11 ամիսների ցուցանիշները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսությունը որոշակի կայունացման շրջան է մտել: Տարեկան արդյունքերով, ամենայն հավանականությամբ, տնտեսական աճի ցուցանիշը փոքր-ինչ բարձր կլինի: Սակայն եկող տարվա ընթացքում արդեն տնտեսական աճի նման ցուցանիշը բավարար կամ, առավել եւս, լավ համարվել չի կարող:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ