Երեկ իր աշխատանքը շարունակեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը եւ օրվա վերջում ձեռնամուխ լինելով «Հանրակրթության մասին» օրենքի առաջին հոդվածի առաջին ընթերցմամբ փոփոխությանը, որով հնարավոր է դառնալու այլընտրանքային, փորձարարական, միջազգային, հեղինակային կրթական ծրագրերի իրականացումը Հայաստանում, այլ խոսքով` օտարալեզու դպրոցների գոյությունը: Ապա եւ սկսվեց բուն` «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների երկրորդ ընթերցումը, որը զեկուցող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց նախագծին ընդդիմախոս պատգամավորների` տեղերից նետվող ռեպլիկների ուղեկցությամբ: Այսօր քննարկումը կշարունակվի:
Երեկ մի շատ կարեւոր փաթեթ էլ էր քննարկվում` կենսաթոշակային օրենսդրական բարեփոխված փաթեթըՙ երկրորդ ընթերցմամբ: Ըստ նախորդը օրը փաթեթը ներկայացրած աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանի ` փաթեթի վերաբերյալ ստացվել է 350 առաջարկություն, տարբեր ձեւաչափերով քննարկումների ընթացքում` այդ թվում եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, ձեւակերպվել են նոր դրույթներ, տրվել նոր լուծումներ: Արտեմ Ասատրյանը ներկայացրեց, որ խմբագրական ու տեխնիկական սրբագրումներից բացի, փաթեթի նախագծերում կատարվել են մի շարք հստակեցումներ: Մասնավորապես կրթության ու մշակույթի ոլորտում նախատեսվել է մասնակի կենսաթոշակի հնարավորություն` առանց պարտադիր հաշվառման պահանջի, հստակեցվել է ստաժի հաշվարկման կարգը, տարանջատվել են պարտադիր եւ կամավոր կուտակային կենսաթոշակների վրա տարածվող դրույթները, ամրագրվել է կենսաթոշակային հիմնադրամներում մասնակիցների շրջանակը: «Եկամտահարկի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում կամավոր կերպով կուտակային կենսաթոշակ վճարելու դեպքում նախատեսվել են եկամտահարկի գծով արտոնություններ ` կամավոր համակարգը խթանելու նպատակով: Չնայած փաթեթը գովերգող ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի , որն ասում է, թե կամավոր կուտակային համակարգը հնարավորություն կտա փորձարկել մեթոդը` մինչեւ 2014-ին պարտադիր կուտակային համակարգի ներդրումը, փաթեթի ընդդիմախոսները շատ հակափաստարկներ ունեն. «Արդյո՞ք 2010 թ. կառավարությունն իրավունք ունի կանխորոշելու 2014 թ. կառավարության գործունեությունը, կենսաթոշակի համակարգը: Հեռետորական հարց` իսկ դուք լինելո՞ւ եք իշխանության, որ այսօր նման հարց եք բարձրացնում: Իմ գնահատականով` չի կարելի հիմիկվանից կանխորոշել 2014 թ. քաղաքականությունը: Ես սա գնահատում եմ ոչ կոռեկտ», սա Վիկտոր Դալլաքյանի գնահատականն էր, ով համակարգի ներդրումն անվանեց կառավարության էքսպերիմենտ 530 հազար թոշակառուի վրա: ՀՅԴ-ական Արա Նռանյանը համարեց, որ այս փաթեթը Հայաստանում հետամնաց պետության մոդելն է ամրագրում, բացի այդ` կուտակված կենսագումարը այն թվերին, երբ դա պետք է ստանան, նշանակալիորեն հետ կմնա այդ ժամանակի կենսամակարդակից: «Ժառանգության» Ստյոպա Սաֆարյանը պատկերավորեց. «Եղունգ էլ չունես` կառավարության առաջարկով պետք է գլուխդ քորես»: Վահան Հովհաննիսյանին զարմացնում էր, թե ինչո՞ւ են ուզում, որ մարդիկ իրենց փողը անտոկոս դնեն բանկերում, տոկոսներն ուրիշներն ուտեն, երբ կարող են տոկոսով դնել: Արծվիկ Մինասյանը նախագծերն անվանեց ծածկադմբոցով անցկացվող մի փաթեթ, որը ոչ թե կենսաթոշակային համակարգն է բարեփոխում, այլ տնտեսական շուկան աշխուժացնելու նպատակ ունի. «Այս գումարներն ուղղվելու են եւրոպական շուկաներ, Հայաստանի տնտեսության համար որեւէ օգտակար ներդրում չեն ապահովելու: Կառավարությունը փոխում է բարեփոխումների ընթացքը վատ ուղղությամբ»: Ահա այս գնահատականներով եւ արտահերթ քննարկվում էր հեռահար մի փաթեթ, որը վերաբերելու է բոլորիս ճակատագրին:
Մ. Խ.