Գործարկվել է ՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային էջի «Սումգայիթ» բաժինը (www.genproc.am/sumgait), որտեղ կարող եք ծանոթանալ 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում եւ 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերին:
Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: Մասնավորապես կայքում տեղադրվել են ականատեսների, տուժողների, նրանց հարազատների եւ իրավահաջորդների վկայությունները, իրեղեն ապացույց ճանաչված լուսանկարներ ու փաստաթղթեր, սպանվածների, առեւանգվածների եւ անհայտ կորածների ցուցակները: Ինտերնետային էջում հրապարակվել են նաեւ այն անձանց, նրանց թվումՙ Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցների ցուցակները, ովքեր մեղադրվում են հայկական գյուղերում հայերի բնաջնջման քաղաքականությանը մասնակցելու, հայերի նկատմամբ իրականացված վայրագություններն անմիջականորեն իրագործելու մեջ եւ գտնվում են հետախուզման մեջ: «Սումգայիթ» էջն ունի 4 բաժինՙ իր ենթաբաժիններովՙ ըստ կատարված հանցագործությունների տեսակների եւ վարչական տարածքների: Մասնավորապես «Սումգայիթ» բաժնում կարող եք ծանոթանալ հայերի սպանությունների, բռնաբարությունների, կիրառված բռնությունների եւ հափշտակությունների վերաբերյալ ականատեսների վկայություններին, տուժածների եւ իրավահաջորդների ցուցմունքներին, «Փաստաթղթեր» բաժնումՙ քրեական գործի նյութերն ամփոփող արդեն իսկ գաղտնազերծված տեղեկանքներին: «Լեռնային Ղարաբաղ» բաժնումՙ քրեական գործի նյութերը տեղադրվել են ըստ վարչատարածքային միավորների, իսկ «Գետաշենում»` տուժածների եւ վկաների ցուցմունքները:
1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում եւ 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերի հիման վրա էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն սկսվել էին մոտ մեկ տարի առաջՙ 2009թ. սեպտեմբերին, եւ ներառում են մի քանի հազար փաստաթուղթ: Էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն իրականացվել են «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, որին աջակցել են նաեւ մի շարք կամավորներ, իսկ ինտերնետային էջը մշակել է ծրագրավորող Արամ Մխիթարյանը: Կայքէջի տեղեկատվությունը պարբերաբար կհամալրվի քրեական գործերի նյութերով, փաստաթղթերով, ինչպես նաեւ բաժիններով: Մասնավորապես էջում առաջիկայում կավելանա «Բաքու» բաժինը, որտեղ կտեղադրվեն Բաքվից գաղթած հայ փախստականների դիմումներն ու վկայություններըՙ Ադրբեջանի մայրաքաղաքումՙ Բաքվում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների վերաբերյալ: Վկայություններն ու ցուցմունքները տեղադրված են մասնակի կրճատումներով: Համաձայն քրեական գործերի նյութերի` հայերի նկատմամբ իրականացված ջարդերը կրել են կազմակերպված բնույթ, այդ թվումՙ Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցների անմիջական մասնակցությամբՙ նախազգուշացնելով տեղի ազգաբնակչությանը չպատսպարել եւ չթաքցնել ազգությամբ հայ հարեւաններինՙ սպառնալով հակառակ պարագայում վրեժխնդիր լինել: Նկատի ունենալով, որ, ըստ վկայությունների, առանձին դեպքերում հայերին հաջողվել է փրկվել ադրբեջանցի կամ ռուս հարեւանների օգնությամբ, չեն հրապարակվում Ադրբեջանում բռնությունների ենթարկված հայերի կոնկրետ հասցեները եւ նրանց օգնության ձեռք մեկնած ադրբեջանցիների անուններըՙ վերջիններիս անվտանգությունից ելնելով:
Հ. Ա.