Դիլիջանում, Հաղարծին գյուղի մոտակայքում հսկայական մակերեսով անտառ է վառվում: Այսպիսի ահազանգ էր ստացել «Ազգի» խմբագրությունը, օգնության կոչով եւ համապատասխան գերատեսչություններին դիմելու խնդրանքով:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվական բաժնի պետ Նիկոլայ Գրիգորյանը «Ազգի» հարցին ի պատասխան նշեց, որ դեկտեմբերի 19-ի տվյալներով, Հաղարծին գյուղի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այդ աշխատանքներին մասնակցել են հրշեջներ, նաեւ «Հայանտառ» ընկերության 10 աշխատակից, ինչպես նաեւ Հաղարծին գյուղի բնակիչներ: Նույն օրվա տվյալներովՙ այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք:
Ըստ Նիկոլայ Գրիգորյանի, հրդեհը դեռեւս չի մարվել ամբողջությամբ, աշխատանքները շարունակվում են, իրավիճակը` վերահսկվում: ԱԻՆ տեղեկատվական բաժնի ղեկավարը «Ազգին» հավաստիացրեց, որ անտառ չի այրվում, այլՙ միայն խոտածածկ տարածքներ:
Ա. Հ.