Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային:
Նախագահը ողջունել է զեկույցի նախապատրաստման ընթացքում պատգամավոր Տոմաշ Պորեբայի այցը Երեւան եւ Ստեփանակերտ, որը, նախագահի համոզմամբ, տեղում իրավիճակին ծանոթանալու, գնահատելու, անմիջական շփումների եւ տեղեկություններ ստանալու տեսանկյունից չափազանց կարեւոր է: «Յուրաքանչյուր գնահատական, յուրաքանչյուր մոտեցում, ի վերջո, նպատակաուղղված է տվյալ երկրին, տարածաշրջանին օժանդակելուն, առկա խնդիրների լուծմանն ու բարեփոխումներին աջակցմանը: Եվ մենք վստահ ենք, որ Ձեր զեկույցը հենց այդպիսին է լինելու», երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի փոխանցմամբՙ ասել է Սերժ Սարգսյանը :
Տոմաշ Պորեբան նշել է, որ առանց տվյալ երկիր այցելության, անհնար կլիներ համակողմանի ու անաչառ զեկույց ներկայացնել: Նա կասկածից վեր է համարել նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելության կարեւորությունը, քանի որ տարածաշրջանային հարցերում այն էական նշանակություն ունի: «Ես օգտակար տեղեկություններ ստացա եւ տեղում տեսա ու զգացի իրավիճակը: Այդ ամենը զեկույցում ներառելուց բացի, մտադիր եմ տպավորություններս փոխանցել Եվրոպական խորհրդարանի իմ գործընկերներին», ասել է Տոմաշ Պորեբան` Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը քննարկելով նաեւ Հայաստանի եւ եվրոպական կառույցների համագործակցության հարցեր:
Հ. Ա.