Այս մասին երեկ երեկոյան հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի գրասենյակից: Հիշեցնենք` այս տարվա մարտի 4-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաստատած` Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252-րդ բանաձեւը, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսիի ավելի վաղ արած հայտարարությամբ` պետք է 48 ժամվա ընթացքում ընդգրկվեր լիագումար նիստի օրակարգ: Սակայն երեկ բանաձեւը օրակարգում չներառվեց: Մինչ այդ Մեջլիսում ելույթ ունենալիս, Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն նշեց, որ վարչապետ Էրդողանը` նամակ է հղել ԱՄՆ նախագահ Օբամային` հորդորելով վերջինիս խոչընդոտել հայկական բանաձեւի մուտքը պալատի լիագումար նիստի օրակարգ: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին , իր հերթին, նշել էր. «Մենք դեմ ենք այդ բանաձեւի քննարկմանը, առավել եւս` հաստատմանը»: Ավելի ուշ Վաշինգտոնում Անկարայի դեսպան Նամիկ Թանը հայտարարեց, որ ինքը պարբերաբար շփումների մեջ է կոնգրեսականների հետ: Իսկ որոշ կոնգրեսականների շրջանակում տարածվեց հաղորդագրություն-հորդոր` թույլ չտալու հայկական բանաձեւի ընդգրկումը լիագումար նիստի օրակարգ:
Հավելենք նաեւ, որ Փելոսիի գլխավորությամբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեռ մինչեւ տարեվերջ կաշխատի, հետեւաբար` հայկական բանաձեւի ընդգրկումը օրակարգ դեռեւս պահպանվում է: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեռ, հանրապետականների պահանջով, պետք է քննարկի ռուս-ամերիկյան ռազմական համաձայնագիրը, որտեղ, հիշեցնենք, որեւէ վերապահում, կամ լրացում անթույլատրելի է Մոսկվայի համար, այդ մասին պարբերաբար հիշեցնում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հ. Ա.