Տարածաշրջանային զարգացումներին մշտապես մասնակից, իսկ երբեմն էլ ուղենշող արեւմտյան ու ռուսական գործիչների հայտարարություններին ու դիրքորոշումներին ծանոթ ենք: Գիտենք նաեւ, որ բացի այս երկուսից, Իրանը նույնպես բարձրաձայնում է իր տեսակետներն իր իսկ սահմաններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Սակայն աշխարհում նոր «գերտերություն» Չինաստանից գնահատականներ, ավելին` պատկերացումներ` Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին, քիչ ենք լսում, եթե չասենք` դրանք առհասարակ չկան:
Այս առումով հետաքրքրական է չինական «Սինխուա» գործակալության անդրադարձը Կովկասին, որից որոշ մանրամասնություններ մեջբերում ենք News.am-ի փոխանցմամբ: «Մեծ տերությունների աշխարհագրական շահեր կամ Մեծ խաղ նոր խաղացողների նոր քայլերով», հենց այս համայնապատկերում է տեսնում չինական գործակալությունը մեր տարածաշրջանը: «Թեեւ մեծ խաղը սկսվել է վաղուց, սակայն շարունակվում է մինչեւ այսօր: Հայտնվել են նաեւ նոր խաղացողներ, նոր քայլերով: Միեւնույնն է, թե ինչպես կանվանես այն` աշխարհաքաղաքականություն, թե աշխարհառազմավարություն. գլխավոր հարցը մեկն է` մեծ տերությունների աշխարհագրական շահեր:
Եթե Կասպից ծովը համարենք բաժանարար գիծ` արեւմտյան թեւը նախորդ տասը տարիներին ավելի ակտիվ է եղել, քան արեւելյան մրցակիցը: Բնական պաշարները, կապիտալը, տրասնպորտային միջանցքները, որոնք կապում են արտահանման միջազգային շուկաները, Հարավային Կովկասում առկա հենց այն շահերն են, որոնք արեւելքում կապված են Կասպից ծովի նավթին եւ գազին, իսկ արեւմուտքում` Սեւ ծովի առեւտրային եւ ռազմական ուղիներին:
Մի կողմում նույն Ռուսական կայսրությունն է, մյուս կողմումՙ Բրիտանական կայսրությանը փոխարինած ամերիկացիները կամ ՆԱՏՕ-ն: Սակայն 2008-ի ռուս-վրացական պատերազմից եւ ֆինանսական ճգնաժամից հետո Հարավային Կովկասում խաղաղություն է: Ու այս համայնապատկերում` Հարավային Կովկասի երեք պետությունները նախորդ տարի փորձում էին ինքնուրույն խաղալ` օտար խաղում զինվոր լինելու փոխարեն: Այդ ուղղությամբ բոլորն էլ որոշակի հաջողություն են ունեցել:
Վրաստանը, որը դեռ հավակնում է Աբխազիային եւ Հարավային Օսիային, աչքի ընկավ որպես Ռուսաստանի մուտքն ԱՀԿ փակող պետություն, նաեւ ՆԱՏՕ-ի անդամակցության հավակնորդ: Ադրբեջանը նավթի եւ գազի արտահանման ոլորտում փորձում է հավասարակշռություն պահել հին ռուսական ուղղությամբ եւ նոր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ուղղության միջեւ: Ադրբեջանը շարունակում է ապավինել Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ բանաձեւերին եւ սպառնում է ուժով վերադարձնել Ղարաբաղը:
Հայաստանը միջազգայնացնում է Լեռնային Ղարաբաղի հարցը Կոսովոյի deja vu-ի միջոցով` զգուշացնելով, որ կճանաչի ինքնահռչակ հանրապետությունը: Հայաստանը նաեւ Թուրքիայից պահանջում է ներողություն եւ փոխհատուցում 20-րդ դարի սկզբին գործած ցեղասպանության դիմաց: Հարավկովկասյան եռյակի նախկին ավագ եղբայր Ռուսաստանը փակուղային հարաբերություններ ունի Վրաստանի հետ եւ մանեւրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարակշռություն պահելու համար: Ակտիվ են նաեւ արտաքին խաղացողները:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Եվրոմիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն այցելեցին Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները: Դրանից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենը Թբիլիսիում Վրաստանին հրավիրեց Հյուսիսատլանտյան դաշինք»:
Հ. Ա.