2008-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սարոյանական տարի հռչակեց: Աշխարհի մեծ ու փոքր անկյուններում հայ մեծանուն գրողի 100-ամյակի արձագանքներ եղանՙ նոր հրատարակություններ, պիեսների նոր բեմադրություններ, տարբեր միջոցառումներՙ հոբելյանական, իհարկե, այստեղՙ իր հայրենիքում, հատկապես:
Իր սիրո արտահայտությունը Սարոյանին եւ իր ներդրումը գրողի հոբելյանին բերում է նաեւ թատերագետ Վարսիկ Գրիգորյանըՙ նորընծա «Վիլյամ Սարոյանը հայ թատրոնում» եռալեզու գրքով («Վան Արյան» տպագրատուն, 2010 թ., 191 էջ):
«Արմատ եւ շիվեր». սկիզբ եւ շարունակություն, Բիթլիսից ակունքվող ու ճառագայթի պես ձգվող դեպի աշխարհի այն կողմը, օվկիանոսից անդին, դեպի հեռավոր Ֆրեզնո, ուր տարածվեցին շիվերը արեւմտահայ այդ գերդաստանի: Ու ծնվեց Վիլյամ Սարոյանը, այդ մեծ հոգին, որին սահմաններ չճանաչող, տիեզերական շնչառություն էր ի վերուստ տրված: Ու նա կրկին վերադարձավ մեզ, կրկին վերաշնչավորեց մեր մտածողությունըՙ աշխարհը, տիեզերքը պահող սիրո անխախտ ներդաշնակությամբ:
Վարսիկ Գրիգորյանըՙ հայ բեմարվեստի, թատրոնի այդ նվիրյալը, Սարոյանին տեսնում է նախ եւ առաջ հայ թատրոնում մարմնավորված: Գրքի երեք մասերը ներկայացնում են «Սարոյանը հայ ավանդական թատրոնում», «Սարոյանը հեռուստատեսային էկրանում» եւ այս երկուսը կամարող «Սարոյան-100. հոբելյանական ներկայացումներ» բաժինները: Թատրոնի աշխարհի իր բազմամյա փորձը օգնում է նրանՙ ավելի հանգամանորեն ամբողջացնելու հայ թատերական արվեստի սարոյանական դրսեւորումները, բոլոր նշանակալի եւ ավելի համեստ անդրադարձները, իրադարձությունները, անշուշտ, թատերագետի իր տեսադաշտի մեջ պահելով թե՛ ռեժիսորական եւ թե՛ արտիստական մեծ ու փոքր նվաճումները, հիշատակելով ե՛ւ անուններ, ե՛ւ նկատելի բեմական նորություններ կամ տպավորիչ դրվագներ: Հայ բեմի սարոյանական առաջնեկը 1961-ինՙ Մայր թատրոնում «Իմ սիրտը լեռներում է» պիեսիՙ Վարդան Աճեմյանի բեմականացումն էր: Վարսիկ Գիրգորյանը մասնագետի բարեխղճությամբ ներկայացնում է դրան հետեւած բեմադրությունները, ինչպես Սունդուկյանի անվան («Խաղողի այգին», «Քո կյանքի ժամանակը»), այնպես էլ մյուս թատրոններումՙ Դրամատիկական («Կոտորածն մանկանց», «Իմ սիրտը լեռներում է»), Պատանի հանդիսատեսի («Մարդկային կատակերգություն»), Համազգային («Իմ անունը Արամ է»), Մնջախաղի («Սովյալները», «Հե՜յ, ո՞վ կա...»), Թբիլիսիի հայկական թատրոն («Քարանձավի բնակիչները»):
Հայկական հեռուստաէկրանին առաջին անգամ Սարոյանը երեւաց իրեն նվիրված գրական մի հաղորդման մեջՙ «Ֆրեզնո, սրճարան «Արաքս» պատմվածքի բեմական տարբերակով, որին հաջորդեցին նրա տարբեր գործերի բեմականացումներըՙ «Քո կյանքի ժամանակը», «Վեսլի Ջեկսոն», «Որտեղ ես ապրում եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են», «Հնատարազ վեպՙ ոտանավորներով եւ մնացած բաներով», «Խենթացած մի գնա», «Խեղճուկրակ արարքը», «Ծննդյան տոներից երեք ժամ առաջ» եւ այլն:
«Հոբելյանական ներկայացումներ» բաժնում մասնավորապես անդրադարձ է արված 2008-ի «Հայֆեստի» շրջանակներում Սարոյանական ներկայացումներինՙ տեղի եւ սփյուռքի արտիստների մասնակցությամբ. «Հե՜յ, ո՞վ կա...», «Կպարես ինձ հետ», «Հայ մուկը»: Թատերագետի նկարագրական հոդվածները երբեմն այնքան կենդանի ու մանրամասնորեն են, որ ներկայացման դիտման տպավորություն են ստեղծում:
Ինչպես նախորդՙ հեռուստաթատրոնին նվիրված երկու հատորյակով, Վ. Գրիգորյանը այս անգամ էլ ամբողջացնելով հայ թատերարվեստի անցյալի մի որոշակի շրջան, վավերացնում է այն տպագիր գրքով, մասնագետների հետագա սերունդների համար նաեւ որպես ժամանակագրության անհրաժեշտ արձանագրում թողնում:
«Վիլյամ Սարոյանը հայ թատրոնում» գիրքը ներկայացված է հայերեն, անգլերեն եւ ռուսերեն, օգտագործված են տարբեր բեմադրություններից լուսանկարներ. էջը բացվում է Հրաչյա Ներսիսյանի հանրահայտ, հրաշալի Մեք Գրեգորով («Իմ սիրտը լեռներում է»):
Գրքի տպագրության համար թատերագետը շնորհակալություն է հայտնում մշակույթի նախարարությանը, ավստրալահայ Քեն Չեյթեր-Աստվածատրյանինՙ հիշատակելով նաեւ «Ազգի» խմբագրությունըՙ որպես աշխատության առաջին խրախուսող եւ հրատարակիչ:
Մ. Բ.