«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2010-12-21 | #236, 2010-12-22 | #237, 2010-12-23


ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՈՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սկսել են իրականացնել համատիրությունները բնակիչների նկատմամբ

Այս օրերին այսպես կոչված համատիրությունները (խորհրդային ժամանակվա ժէկերը), մայրաքաղաքի առանց բացառության բոլոր շրջաններում, բնակիչներից սկսել են զանգվածաբար գումարներ պահանջել: Նրանց ուղարկած թերթիկներում բնակիչներից պահանջվում է որոշակի գումար, որը նրանք անվանում են բնակիչների պարտքը համատիրություններին: Եթե նրանց մատնանշած ժամկետում այդ գումարը բնակիչները չվճարեն, ապա համատիրությունները սպառնում են այն ստանալ դատական ատյանների միջոցով: Սա այլ կերպ, քան դրամաշորթություն (ռեկետ), որակել հնարավոր չէ եւ 20-30-ականնների ամերիկյան խոշոր քաղաքներում գանգստերների կողմից կատարվող ռեկետից տարբերվում է միայն նրանով, որ գումարը պահանջվում է գրավոր տեսքով:

Համատիրությունների վերոնշյալ պահանջի առաջին եւ գլխավոր ապօրինությունն այն է, որ ոչ մի երկրում, այդ թվումՙ Հայաստանում, ոչ ոք իրավունք չունի քաղաքացուց գումար պահանջել դրա դիմաց ոչ մի ծառայություն չկատարելով կամ ապրանք չտալով: Եթե ջրամատակարար, էներգամատակարար կամ գազամատակարար կազմակերպություններին բնակիչները վճարում են համապատասխան ծառայությունները ստանալու համար, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է վճարեն համատիրություններին կամ ինչո՞ւ են պահանջած գումարը համատիրություններն անվանում «պարտք»: Եթե համատիրությունը ծառայություն չի մատուցել, իսկ բնակիչն էլ չի վճարել, ապա այստեղ որեւէ մեկը մյուսին պարտք չէ: Ապացույցներ, որ համատիրությունների գերակշիռ մասը բարեկարգման, մաքրության եւ սպասարկման որեւէ աշխատանք չի կատարել, կարելի է գտնել նրանց այսպես կոչված սպասարկման տարածքում գտնվող յուրաքանչյուր շենքում եւ նրա շրջակայքում:

Համատիրություններն իրավունք չունեն նաեւ գումար պահանջելու բնակիչներից, քանի որ բնակիչների գերակշիռ մասը իր գրավոր համաձայնությունը չի տվել տվյալ համատիրությանը ընտրելու համար: Այսինքն, իրենքՙ համատիրությունները փաստորեն գործում են ապօրինի, քանի որ նրանց ոչ ոք չի ընտրել: Պարզապես խորհրդային ժէկերը մեխանիկորեն վերափոխվել են եւ իրենց անվանել համատիրություններ:

Համատիրությունները պարտավոր են տարեկան գոնե մեկ անգամ ժողով գումարել եւ հաշվետվություն ներկայացնել անցնող տարվա ընթացքում իրենց սպասարկման տարածքում կատարած աշխատանքների մասին, նախապես իրազեկելով այդ ժողովի մասին, տրամադրելով ժողովի օրակարգը: Ընդ որում, ժողովը կարող է անվավեր համարվել, եթե դրա օրակարգը պատշաճ ձեւով չի ներկայացրել շինության սեփականատերերի 10 տոկոսից ավելիին: Սրանք օրենսդրական պահանջներ են եւ, որպես կանոն, նույնպես չեն կատարվում: Մեկ հրապարակման մեջ հնարավոր չէ անդրադառնալ բոլոր այն օրենսդրական պահանջներին, որոնք համատիրությունները չեն կատարել, բայց դրանց մասին անհրաժեշտության դեպքում բնակիչներն անպայման կիրազեկվեն:

Մնում է միայն զարմանալ համատիրությունների լկտիության եւ ցինիզմի վրա: Եթե նրանք փորձում են այդ կերպ իրենց ամանորյա անձնական ծախսերը հոգալ, ապա թող դիմեն բնակիչներին եւ ասեն, որ իրենք մուրացկաններ են եւ խնդրում են իրենց գումար տրամադրել: Բնակիչներն էլ մտածեն, արժե՞ այդ պորտաբույծներին գումար տալ, թե՞ ոչ: Քանի որ այդպես չեն անում, ապա մնում է եզրակացնել, որ նրանք փորձում են պարզապես գումար խլել բնակիչներիցՙ վախեցնելով դատական ատյաններով: Եվ քանի որ դա տեղի է ունենում Երեւանի բոլոր վարչական շրջաններում, ապա դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ զանգվածային դժգոհություններ է առաջացնում, եւ ում դեմ են դրանք աշխատումՙ Հայաստանի նախագահ եւ վարչապետ, կառավարություն, Երեւանի քաղաքապետ եւ քաղաքապետարան: Այս կառույցները պարտավոր են պաշտպանել երկրի քաղաքացիներին նրանց հաշվին ապրելու փորձեր կատարողներից:

Այսինքն, նախ հարկ է համատիրություններից պահանջել կատարել իրենց պարտավորությունները, ապա նոր գումարներ պահանջել դրա դիմաց, ինչը, ինչպես արդեն նշեցինք, տեղի է ունենում հանրային ծառայությունների ոլորտում: Դա ենթադրում է ե՛ւ օրենսդրական փոփոխություններ, ե՛ւ կառավարման մակարդակի բարձրացում, ե՛ւ պատշաճ ձեւով ծառայություններ մատուցելու ունակություններ: Քանի դեռ դա չկա, եւ քանի դեռ համատիրությունները զբաղված են չկատարված աշխատանքի դիմաց միայն գումարներ շորթելով, բնակիչներին մնում է սեփական ուժերով դիմագրավել նորօրյա զոռբաներին: Ընդ որում, եթե պետությունը չի պաշտպանում նրանց այդ հարցում, ապա բնակիչները դիմագրավելու տարբերակների ընտրությունը կարող են իրենց վերապահել:

Ի դեպ, չէր խանգարի, որ Եհովայի վկաներին կամ հեղաշրջման փորձ կատարողներին «թեւ ու թիկունք» դարձող մարդու իրավունքների պաշտպանը գոնե այստեղ փորձեր պաշտպանելու հազարավոր մարդկանց իրավունքները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4