Երեկ «Հենարան» ակումբում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն ամփոփեց տարին: Կփոխանցենք միայն որոշ պահեր նրա ասելիքից` չկրկնելով վերջերս «Ազգի» հարցազրույցում արծարծած նրա թեմաները: ԼՂ հիմնախնդրի ուղղությամբ գնահատելով Սոչիի, Ալմաթիի, Աստրախանի եւ Աստանայի հանդիպումները` նա հատկապես կանգ առավ վերջինի վրա` Աստանայում ընդունված բարենպաստ եւ ձեռնտու հնգակողմ հայտարարության առումով. «ԼՂ հարցում տարին փակում ենք շատ ավելի վստահ, եկող տարվան ավելի դրական ենք տրամադրված, կարողացանք պահպանել խաղաղություն, չմուրացինք, այլ ստիպեցինք, որ խաղաղություն լինի, եւ դա առաջին հերթին մեր հզոր եւ ուժեղ բանակի շնորհիվ», ասաց նա` այդպիսով նկատելով, որ տարին դրական ենք փակում ԼՂ հարցում, ավելի վստահ ապագայի հանդեպ, եւ այդպիսի վստահություն ԱԺ փոխնախագահին տվել է Աստանայի հնգակողմը` երեք սկզբունքների ամրագրմամբ:
Նա համաձայն չէր մեր դիտարկմանը, թե արտահերթ նիստերով կառավարությունը Ազգային ժողովին դարձնում է իր կցորդը. «ուղղակի այս տարի աշխատանքն էր շատ եւ կառավարությունը ստիպված էր արտահերթ նստաշրջան գումարել»: Ազգային ժողովում հոգեբույժի եւ հոգեբանի անհրաժեշտության մասին արված արտահայտությունների վերաբերյալ Ս. Նիկոյանը նկատեց, որ լավ կլիներ` այդ արտահայտությունները չարվեին, բայց նաեւ խորհրդարան է, հնարավոր են նման գնահատականներ: Իսկ թե ո՞վ է ընդդիմությանը երեք մասի բաժանած նախագահ Սարգսյանի ելույթի երրորդ խումբը` Նիկոյանը նույնպես անորոշ թողեց, թե` նայեք մամուլը, կտեսնեք` ովքե՞ր են վարկաբեկիչ գործունեություն ծավալում երկրի դեմ: Պաշտոնանկություններն ինքնանպատակ չեն, արմատական փոփոխություններ են կատարվում, որ պաշտոնյան չի տեղավորվում նախագահ Սարգսյանի նշած արժեքների մեջ` պետք է հեռանա: Նա եւս այն կարծիքի էր, որ արտաքին խնդիրներից հետո նախագահ Սարգսյանն անդրադարձավ արդեն ներքին խնդիրներին. «Մինչեւ հիմա երկրում պայքարել ենք ներքաղաքական կայունության համար, իսկ հիմա կայունությունից պետք է անցնել զարգացման», նկատեց Ս. Նիկոյանը, քանի որ նա էլ է կարծում, որ կայունությունը կարող է բերել կարծրացման, պետք է գնալ կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ: Կոռուպցիայի եւ կաշառակերության նվազեցումը նրա համոզմամբ էլ դարձել է երկրի թիվ 1 խնդիրը:
Մ. Խ.