«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2010-12-22 | #237, 2010-12-23 | #238, 2010-12-24


ՄԱԿ-Ը ՀԻՇԵԼ ՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Նյու Յորքում օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ԳԱ) միաձայն ընդունվել են բանաձեւեր, որոնցում կարեւորվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Մասնավորապես, Գլխավոր ասամբլեան ընդունելով «Ժողովուրդների ինքնորոշման համընդհանուր իրականցումը» խորագրով բանաձեւը, վերահաստատում եւ կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին: Կազմակերպության բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում եւ համարվում է միջազգային ողջ համակարգի կարեւորագույն հենասյուներից մեկը:

Հայաստանի արտգործնախարարության տեղեկացմամբ, Նյու Յորքում օրերս ընդունվել է մեկ այլ բանաձեւ, որն առնչվում է ՄԱԿ-ի եւ Իսլամական համաժողով կազմակերպության համագործակցությանը, որում ԳԱ-ն խնդրում է նշված երկու միջկառավարական կառույցներին շարունակել համագործակցությունը` ուղղված համընդհանուր խնդիրների լուծմանը, ինչպիսիք են միջազգային խաղաղության եւ անվտանգության, զինաթափման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հիմնահարցերը:

Այսպիսով ՄԱԿ-ն իր հաստատակամությունն է հայտնել սեփական կանոնադրության ու գործունեության հիմնաքար հանդիսացող արժեքներին, եւ ոչինչ ավելին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4