Իրանը ղարաբաղյան հարցում գրեթե միշտ աշխատում է բավականին հավասարակշիռ դիրքերից արտահայտվել, սակայն միշտ չէ, որ այդ արտահայտությունները հանրությանը հասցվում են այնպես, ինչպես ասվել են: Դա բնավ էլ նորություն չէ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են իրենց իսկ նախաձեռնած հարցազրույցների կամ ուղղակի հարցադրումների պատասխանները աշխարհին մատուցել ադրբեջանական «խմբագրմամբ»: Սակայն երբ «աղավաղումներ» են իրականացվում բացահայտ եւ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ արված հայտարարություններում, հստակ է, որ հարեւանները իրենք իրենց խաբելու խնդիր ունեն:
Դեկտեմբերի 23-ի երեկոյան Ստամբուլում կայացած ասուլիսում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մի շարք հարցերի ի պատասխան անդրադարձել է որոշ թեմաների, այդ թվում` Հայաստանն ու տարածաշրջանային խնդիրները շոշափող: Ըստ Իրանի պաշտոնական լրատվական գործակալության, Ահմադինեժադը ղարաբաղյան խնդրի եւ Իրան-Հայաստան երկաթգծի նախագծի առնչությամբ ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան նշել է, որ երկաթգիծն աշխարհի բոլոր քաղաքները միմյանց կապելու առիթ է:
Իրանի նախագահն արեւելյան պերճախոսությամբ ասելով, թե որեւէ տեղ շինարարությունն ու ինչ-որ բան կառուցելը միայն ողջունելի են, ընդգծել է, որ որեւէ ժողովրդի առաջընթացի դեմ Իրանը չի արտահայտվում, այլ միայն շահագրգիռ է, որ առաջընթացը լինի:
Այս համատեքստում էլ Ահմադինեժադը ներկայացրել է հակամարտությունների առնչությամբ իր տեսակետը, շեշտելով, որ ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ընդհանրապես աշխարհում բոլոր խնդիրները հարկ է լուծել «արդարության եւ բանակցությունների սկզբունքով»: «Եթե բոլոր լարվածություններն ու ընդհարումներն աշխարհում դիտարկենք արդարության եւ բանակցությունների չափանիշներով, բոլորը կհասնեն իրենց իրավունքներին», Ստամբուլում հայտարարել է Իրանի նախագահը:
Իրան-Ադրբեջան հարաբերությունների առնչությամբ Ալիեւ կրտսերի գնահատականները հրապարակած «WikiLeaks» կայքէջի գաղտնազերծումներն Ահմադինեժադն անկարեւոր է որակել, հավաստիացնելով, թե Իրան-Ադրբեջան հարաբերությունները պատմական հիմքով ամուր են եւ կայուն: Հայաստանի հետ էլ հարաբերությունները Իրանի նախագահը լավ է որակել, կրկին միջնորդական իր ցանկություններն արտահայտելով այն տեսանկյունից, թե Հայաստանի ու Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները հարմար առիթ են ցանկացած ճգնաժամ արդարության եւ օրենքի սկզբունքով լուծելու համար:
Եթե ղարաբաղյան հարցում Իրանը փորձում է հավասարակշռության դիրքերից խոսել, ապա Պաղեստինի ժողովրդի խնդիրների լուծման միակ ճանապարհը, ըստ Ահմադինեժադի, այդ տարածքի անկախության իրավունքի ճանաչումն ու իրագործումն է այնպես, որ «Պաղեստինի ժողովուրդն իր ինքնորոշման համար ազատ ընտրությունների մասնակցի»:
Ասուլիսում Իրանի նախագահը խոսել է նաեւ Իրանի տնտեսությունից, Իրան-Աֆրիկա, Իրան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններից, Արեւմուտքի հետ շփումներից, Իրանի դեմ «իզուր պատժամիջոցներից», Իրան-Թուրքիա կողմնորոշումներից:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ