Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճյան» դահլիճում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված հավաք-քննարկում` նվիրված ջավախաբնակ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին եւ Ջավախքի հիմնախնդիրներին: Ըստ շարժման հաղորդագրության, նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը, մատնանշելով Ջավախքում Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակահայ քաղաքականությունը, կարծիք է հայտնել, որ Ջավախքին եւ Հայաստանին նետված է լրջագույն մարտահրավեր: Մոտ ապագայում Ջավախքը կամ կարժանանա Նախիջեւանի ճակատագրին, կամ կազատագրվի, ինչպես Արցախը:
«Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը ներկայացրել է Վահագն Չախալյանի ձերբակալության եւ դատավարության հետ կապված փաստերը, որոնց «Ազգի» ընթերցողները տեղյակ են ողջ գործընթացի առումով: Թաթոյանը նշել է, որ Վահագն Չախալյանի ձերբակալությունը, «Միասնական Ջավախք» ժողովրդական շարժում կազմակերպության անդամների, մասնավորապես Գուրգեն Շիրինյանի նկատմամբ հետապնդումներն ու ձերբակալության փորձերը նախորդեցին վրաց-օսական պատերազմին: «Խնդիրը պարզ էր. պատերազմից առաջ Վրաստանի իշխանությունների համար անցանկալի բոլոր տարրերը պետք է մեկուսացվեին»:
Հավաքի մասնակիցները նշել են, որ Ջավախքը Հայաստանի ազգային անվտանգության համար ունի անգնահատելի նշանակություն, Ջավախքում պետք է պահպանվի հայկականությունը, մինչդեռ Վրաստանի իշխանություններն իրենց գործողություններով գործնականում փորձում են հայաթափել Ջավախքը: Այդ ամենը ուղեկցվում է Հայաստանի իշխանությունների հաճախ անտարբեր, երբեմն էլ հանցագործ կեցվածքով:
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքերով, համատեղ ուժերով պետք է հասնել նրան, որ Վրաստանի իշխանությունները հրաժարվեն Ջավախքը հայաթափելու կեղտոտ քաղաքականությունից: «Վրաստանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը դրսեւորվում է բացառապես բոլոր ոլորտներում: Վրաստանի իշխող ռեժիմը այդ քայլերը իրականացնում է, ոտնահարելով ՄԱԿ-ում ընդունված ե՛ւ բնիկ ժողովուրդների, ե՛ւ ազգային փոքրամասնությունների կոնվենցիաների դրույթները: Եվ այս ամենը կյանքում գործադրում է իբր ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող եւ մարդու իրավունքների պաշտպան հռչակած Վրաստանի իշխող վարչախումբը»:
Փաստաբան Վահե Գրիգորյանը , որ ներկայացնում է Վահագն Չախալյանի շահերը Եվրոդատարանում, փաստել է Չախալյանի նկատմամբ իրականացրած այն ապօրինությունները, եւ դրանց իրավական գնահատականը, որոնք ներկայացված են միջազգային դատարան, ինչպես նաեւ ներկայացրել է անհրաժեշտ այն հիմնավորումները, որոնցով Վահագն Չախալյանը կճանաչվի որպես քաղաքական բանտարկյալ:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը , նշելով, որ Ջավախքում տարեցտարի ավելի է վատթարանում իրավիճակը, ընդգծել է, որ հայաթափման քաղաքականությունը, որը կիրառվում է Թիֆլիսի իշխանությունների կողմից, դժբախտաբար, իրականացնում են այնտեղ բնակվող հայերը:
Հավաքի ավարտին ստեղծվել է մտավորականներից կազմվածՙ Վահագն Չախալյանի իրավունքների պաշտպանության հանձնախումբ, որը մոտ ապագայում հանրությանը կներկայացնի հստակ գործողությունների ծրագիր:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ