«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ Է, ԻՍԿ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԸՙ ԵՐԿԱՐԱՑՎՈՒՄ

Մանուկ Վարդանյանըՙ 2010-ին կատարված աշխատանքների մասին

2010-ին կատարված ճանապարհաշինական աշխատանքների մասին մանրամասներ ներկայացնելով երեկ իր մամուլի ասուլիսը սկսեց տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Ըստ այդմ, անցնող 2010-ին կատարվել է 350 կմ ճանապարհների հիմնանորոգում, որից 62,7 կմ-նՙ պետական բյուջեի միջոցներով: ՀԲ ֆինանսավորմամբ նախատեսվող 143 կմ ճանապարհներից նորոգվել է 131 կմ, իսկ մնացածը մասըՙ փոխանցվել 2011-ին: Հայաստանի ճանապարհների շինարարության համար միջոցներ են ներգրավված նաեւ Ասիական զարգացման բանկից: Նորոգվել են նաեւ 8 կամուրջներ:

Այս տարի կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել էր 5,5 մլրդ դրամ բնածին եւ տեխնածին աղետների հետեւանքով վնասված ճանապարհների նորոգմանը: Տրանսպորտի եւ կապի նախարարը տեղեկացրեց, որ այդ գումարով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել ենՙ եւ ավելինՙ խնայվել է 1,2 մլրդ դրամ: Այդ գումարով էլ նորոգվել են Երեւան-Սեւան մայրուղու երկու հատվածներ, Գյումրի, Արտաշատ քաղաքների փողոցների, Երեւան-Գորիս, Հալիձոր-Տաթեւ ճանապարհների որոշ հատվածներ:

Խոսելով Հյուսիս-հարավ միջպետական ճանապարհի կառուցման մասին եւ պատասխանելով լրագրողների հարցերին, Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ ճանապարհը ամբողջությամբ նախատեսվում է կառուցել 6-7 տարվա ընթացքում: Ճանապարհի Երեւան-Աշտարակ հատվածի կառուցման նպատակով այս տարի, առաջին անգամը լինելով, հայտարարվել էր միջազգային մրցույթ, որի հաղթող սակայն չեղավ, քանի որ տվյալ կազմակերպությունը պահանջել էր նախատեսվածից անհամեմատ մեծ գումար:

Տրանսպորտի եւ կապի նախարարն ընդգծեց այս տարի ճանապարհաշինության ոլորտում կիրառվող մի քանի նորույթները, որոնք նպատակ ունեն էապես բարձրացնելու կառուցվող ճանապարհների որակը: Մասնավորապես, այսուհետեւ կառանձնացվեն նախագծող, շինարարություն իրականացնող եւ վերահսկողություն իրականացնող կազմակերպությունները: Նախկինում լինում էին դեպքեր, երբ մեկ կազմակերպությունն իրականացնում էրՙ ենթադրենք, ե՛ւ կառուցման, ե՛ւ դրա վերահսկողության աշխատանքները: Բացի այս լիազորությունները տարանջատելուց, շինարարական կազմակերպությունների առջեւ դրվել է կառուցվող ճանապարհի երաշխիքային ժամկետի երկարացման պահանջը: 1 տարվա փոխարեն, այժմ այդ ժամկետը 3 տարի է, որի ընթացքում ի հայտ եկած թերությունները շինարարական կազմակերպությունը պարտավոր է վերացնել իր միջոցների հաշվին: Այս տարվանից նախատեսվում է նաեւ ապահովագրել ճանապարհաշինական աշխատանքները:

««Հայավտոճան» ընկերությունը կտրվի՞ կոնցեսիոն կառավարման» հարցին ի պատասխան նախարարն ասաց, որ ստեղծվել է կոնցեսիոն կառավարման նախապատրաստման միջգերատեսչական խումբ, որը 6 ամսվա ընթացքում կպատրաստի կոնցեսիայի պայմանները, եւ եթե ոչ եկող տարվա վերջին, ապա 2012-ից այս կազմակերպությունը կհանձնվի կոնցեսիոներին:

«Փոստբանկի» ստեղծան մասին խոսելովՙ Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ մինչեւ ամսվա վերջ կունենանք ծրագիր, թե որքան կներդրվի եւ ինչպես կաշխատի այս կառույցը: Կապի ոլորտից նշվեց վերջին երկու տարում ինտերնետ հասանելիության մակարդակի բարձրացումը, սակագների իջեցումը, ինչպես նաեւ բաժանորդների թվի զգալի աճը:

Հյուսիս-հարավ կամ Իրան-Հայաստան երկաթուղու վերաբերյալ տրված հարցին նախարարը պատասխանեց, որ այդ երկաթուղին բավականին բարդ խնդիր է, բարդությունը պայմանավորված է մեր բնությամբ: Տեխնիկատնտեսական հիմնավորման ամփոփումից հետո կտեղեկացվի, թե ի՞նչ երկարություն կունենա երկաթուղին, ո՞ր ճանապարհով եւ ի՞նչ անցումներով կանցնի:

Հարցին, թե պաշտոնանկության ենթակա նախարարների ցուցակում տրանսպորտի եւ կապի նախարարը կա՞, Մանուկ Վարդանյանը հումորով վերաբերվեց, ասելով. «Ցուցակի մեջ կամ թե չկամ, ցուցակ կազմողները թող ասեն»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4