Անցնող օրերին յուրաքանչյուրս երեւի հարյուր անգամ լսեցինք մեր շրջապատում կամ հեռուստատեսությամբՙ Նոր տարին ինչպես դիմավորես, այդպե՛ս էլ կլինի ողջ տարին: Իսկ, իրոք, ինչպե՞ս դիմավորեցինք Նոր տարին: Անշուշտ, հարցն ուտել-խմելու մասին չէ: Դա գիտենք: Բոլորս, կամ գրեթե բոլորս չափազանցեցինք, եւ հիմա հետ-հղփացման շրջանն ենք ապրում: Թերեւս ոմանք էլ դեռ սպասում են գալիք Հին-Նոր տարուն, որպեսզի... Մինչդեռ հարցս վերաբերում է տոնական կոչվող այս ողջ շրջանին, որ շատերիս համար երկարեց ու տարածվեց 10-12 օրերի վրա: Պարապությո՛ւն: Ահա՛ այն բառը, որը բնորոշում է անցնող այս օրերը: Բացի աղբահանությունից, որն այս տարի կատարյալ աշխատեց, եւ տաքսի ծառայությունից ու մի քանի այլ ծառայություններից, պարապ էին բոլորը: Կառավարությունը, նախարարությունները, Ազգային ժողովը, լրատվամիջոցներըՙ թերթերի գլխավորությամբ, բանկերը, փոստը, նույնիսկ DHL-ի նման արագընթաց փոստային ծառայությունը, դպրոցներն ու համալսարանները. ոչ թե պարապում, այլ պարապ էին:
Իսկ մեր նման երկիրը, որն ունի այսքան հոգս, մտահոգություն, դեռ կտրելիք երկար ու դժվարին ճանապարհ, որ բացի տնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու խնդրից դեռեւս ունի իր եւ միայն իրեն հատուկ խնդիրները, իրավունք ունի՞ այսքան երկար պարապ մնալու: Այսքան երկար «վայելելու» իր տոնակա՜ն անգործությունը:
Նրանք, ովքեր բացի հեռուստատեսային շոուներից ու սերիալներից սովորություն ունեն նաեւ թերթ կարդալուՙ գիտեն, որ անգամ բարգավաճ երկրներում մարդիկ եւ կառավարությունները տենդագին ինչպիսի՜ վազքի մեջ են հետ չմնալու, կյանքի մակարդակ բարձրացնելու, ճշտելու, ճշգրտելու եւ կատարելագործելու իրենց աշխատանքը: Անգործության եւ անգործունեության այս ինչպիսի՜ թմբիր է պատել մեզ: Ո՞ւր են շարքաշ ու հետեւողական աշխատանքի, ինքնակատարելագործման, շրջապատի նկատմամբ առավելության հասնելու, հետեւաբար այլոց կողմից փնտրված ու պահանջված լինելու ձգտումը, որը հատուկ է եղել մեր ժողովրդին դարեր շարունակ:
Քսան տարին ավելի քան բավարար է խորհրդային ծուլամտությունը հաղթահարելու համար: Ոչ ոք այլեւս մեզ չի պահելու: Ամեն ինչի պատասխանատուն մենք ենք: Թե՛ մեր լավի, թե՛ մեր վատի համար: Ու լավին, բարեկեցությանը, պանդուխտների վերադարձի ու մեր ապագայի համար ստիպված ենք աշխատել: Վերեւից ներքեւ, ներքեւից ավելի ներքեւ: Այլ ելք չունենք:
Պարապությամբ դիմավորեցինք Նոր տարին: Սկսվող տարին չպետք է լինի այդպես:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ