«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2010-12-24 | #239, 2010-12-25 | #1, 2011-01-11


50 ԱԶՆԻՎ ՄԱՐԴՈՒ ՊԱՀԱՆՋԱՐԿ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տասնօրյա հնդկահավաբդային կենացաբանությունից ազգիս ապահով մասն արթնացավ, մի կերպ կարգի բերեց օղեմշուշ մտքերը, դուրս եկավ փողոց ու հիշեց մյուս` անհնդկահավ ու անբուդ մասի մասին` փողոցում հանդիպող ազգիս անապահով մասի սթափ, սեւեռուն հայացքը մատնում էր հայկական Նոր տարու ողջ «օջախակենացային իմաստի» մեջ չընկղմված աղքատների հսկա շերտի մասին. պետք է սթափվել, հասկացավ, պետք է գնալ` լուծելու անապահովների խնդիրները:

Այդ խնդիրները կային եւ անցած` վագրի տարում, եւ դրանից առաջ, եւ հիմա` այս նո՛ր տարվա մեջ են լինելու: Հարցն այն է, որ պետք է սկսել վերջապես ու մեկիկ-մեկիկ լուծել խնդիրները, այլապես ազգիս անբուդ մասը մի օր էլ չի հանդուրժի ապահովների բուդ ունենալու «իրավունքը»: Սաՙ կեսկատակ-կեսլուրջ: Իսկ իրականում, իրոք, շատ խնդիրներ մնացին չլուծված ու փոխանցվեցին նոր տարվա մեջ, անցնող ամանորյա տասնօրյակը մի փոքր հեռացրել էր մեզ դրանցից, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ մեզ անդարդ Հուռիի պես անվերջ պահել չենք կարող, գործն անընդհատ հետաձգել չի կարելի, ու թափ ենք տալիս մեզ` անգործունյա, անպատասխանատու եւ հուլ տասն օրից վերջապես ոտք դնելով միայն աշխատանքի շնորհիվ մարդկային իրական որակների գործադրման դաշտ, միայն որտեղ մարդը կարող է տիեզերքում իր մարդկային կատարյալ տիպին արժանի կեցություն ունենալ:

Իսկ եթե խոր մտածենք` ծուլանալու համար ոչ մի րոպե չունենք, տիեզերակարգը կատարում է իր դարձը տիեզերաշրջանով. հնագույն օրացույցները ճշգրիտ մատնանշում են` 2012 թվականի դեկտեմբերի 21-ին մտնում ենք նոր տիեզերաշրջան, որտեղ մարդը ձեռք է բերելու իր գործունեության համար բոլորովին նոր հնարավորություններ եւ հմտություններ: Սա նույնքան բնական է, ինչպես նոր դար, կամ նոր հազարամյակ մուտք գործելը, հարցը, սակայն, ազգերի պատրաստ լինելու մեջ է: Ահա եւ մենք` հայերս շատ ժամանակ չունենք մեր կիսատ խնդիրները լուծելու, մեր մոտակա եւ հեռավոր նպատակների համար նորմալ մեկնարկ ապահովելու համար, 2012-ի վերջից առաջ պետք է փորձենք փոխել մեր կյանքը: Ու դա կարելի է անել փոքրիկ հանգրվաններով, օրինակ` այս տարվա մեջ խնդիր դնելով եւ այդ խնդիրները ոչ իմիտացիոն ձեւով, արմատապես եւ հիմնավորապես լուծելով: Բայց երկրային եւ տեղային բաներից խոսենք:

Անցած տարեվերջին այս կյանքից Կիմ Երիցյանը ուրիշ շնորհալի հայերի տարավ իր հետեւից` արդեն այս նոր տարվա մեջ. նոր տարվա առաջին տասնօրյակում` մեզանից հեռացավ դերասանուհի եւ բեմադրիչ Տաթեւիկ Ղափլանյանը, որի «Վայրի աղջիկը» մի ողջ սերնդի շունչն էր հեռուստաէկրանին: Նրան հետեւեցին Անահիտ Բայանդուրը, որը Մարո Մարգարյանի դուստրն էր, թարգմանչուհի եւ հասարական գործիչ, եւ մաեստրո Օհան Դուրյանը, որ որպես դիրիժոր աշխարհաքաղաքացի լինելով` միաժամանակ խորապես հայեցի եւ հայրենասեր մարդ էր եւ խորհրդանշում էր հայ մարդու ճակատագիրը. Երուսաղեմում ծնված, եվրոպաներում ուսում ստացած, Լայպցիգում օպերա ղեկավարած ու միջազգային ճանաչման արժանացած մաեստրոն հայրենիք էր վերադարձել հայրենի երաժշտական արվեստը բարձրացնելու համար: Երեկ նրան էլ ուղեկցեցինք մյուս կյանք, ուր, հուսով եմ, Աստված նրա համար ապահովել է ազգերի վեհացման գործին նվիրյալ մարդկանց բաժին մետաերկինքը: Փաստորեն մահերի առումով հին տարուց նոր տարի սահուն անցումն ապահովվեց: Սակայն լուսավորը, կյանքը, այնուամենայնիվ, հաղթում է, եւ ոչ միայն հեքիաթում կամ հոլիվուդյան ֆիլմերում. ի՞նչ արժե այն լուրը, որ հունվարի առաջին տասնօրյակում Երեւանի ծննդատներում ծնվել է 485 երեխա, այդ թվում` իմ թոռնուհի Եվա Միքայելյանը այն 229 աղջիկների թվում, որոնց հավասարակշռում են 258 տղա նորածինները: Ինչ իմանաս` նրանց մեջ չէ՞ արդյոք մի նոր Օհան Դուրյան:

Ընդհանուր առմամբ հետարձակուրդային կյանքը դեռ ռիթմի մեջ չի մտնում, ասուլիսասեր մեր քաղաքականներին դեռ հրավիրող չկա` իրենց մտքի գոհարները շաղ տալու, վաղը-մյուս օրը ասուլիսատները կարթնանան, ասուլիսավորները նորից կսկսեն խոսել քաղաքական դաշտի վերադասավորումներից, նոր նշանակումներից եւ նոր պաշտոնանկություններից (որոնք անպայման հետեւելու են), մեր արտաքին քաղաքական ձեռքբերումներից կամ պարտություններից` իրենց դավանած քաղաքական ուժի հանգույն:

Կարթնանան, երկիրը կմտնի առօրյա հոգսերի տակ, իսկ հոգսերն իրոք, որ շատ են: Առայժմ ԱԼՄ-ի եթերազրկման հեռանկարի հետ անհաշտ Տիգրան Կարապետյանն է ակտիվ, ու նրա չափավոր ու կենտրոնամետ քննադատությունից ոչինչ չի մնացել, քանի որ մինչեւ ցավը դուռը չծեծի, ո՞վ կիմանա այդ ցավի բովանդակության մասին. ասում է` «Անարդարության դեմ ենք բողոքում» (ընդհանո՛ւր անարդարության), ասում է` «Ոչ բռնապետությանը, մի թալանեք եւ մի հալածեք ժողովրդին», բա՞, իմա` մի փակեք ԱԼՄ-ն: Իսկ ԱԼՄ-ն, ՀՌԱՀ-ի որոշմամբ, հունվարի 20-ից եթեր չի ունենա արդեն, մեկ օր առաջ էլ դեռ հանրահավաք է անելու: Եվ լավ էլ անելու է:

Հավի ձվի շուկայում անցած տարեվերջյան աժիոտաժը ցույց տվեց, որ ոչինչ եւ ոչ մի բարեփոխում չի ազդում մերոնց վրա, նրանք սիրում են կարճ փողեր` հենց նույն պահին, մի քանի օրում, արծաթե սկուտեղով եւ գների տատանման տեսքով` դա կլինի դոլար, հավի ձու, թե ուղտի կաշի, միեւնույնն է: Ու հազիվ թե հոպար նախարարներին ու նախարարությունների առանցքային պաշտոնյաներին 50 ազնիվ, անշահախնդիր պրոֆեսիոնալներով փոխարինելու մտմտուքը, որը բարձրաձայնվել է քաղաքական վերին շրջանակներում, հնարավոր դարձնի ի նպաստ սպառողի բացառելու արծաթե սկուտեղով վայրկենական գերշահույթ ստանալու մերոնց վատ սովորույթը, վատ սովորույթներից րոպեական հնարավոր չէ ազատվել, ավանդույթ է պետք: Եւ այստեղ ոչինչ չի կարող անել հոպար նախարարի եւ ոչ մի փոխարինում, ոչ էլ հոպարների ինստիտուտն արմատախիլ անելու միջոցով դա տեղի կունենա: Նախարար գիտեմ, որ ոլորտի հետ կապ չունեցող իր մոր ընկերուհուն է պաշտոն տալիս, այսինքնՙ հոպարների եւ մորքուրների ինստիտուտը Հայաստանում լավ էլ աշխատում է, էդ հոպարներն ու մորքուրներն էլ իրենց հոպարներն ու մորքուրներն ունեն, ձեռքը ձեռք է լվանում, մի խոսքով` գիտեք հայտնի խոսքը: Սակայն հետաքրքրական մի մանրամասն` բանն այն է, որ 50 ազնիվ ու անշահախնդիր պրոֆեսիոնալ ունենալու հարցը դիտարկվել է հետեւյալ պատուհանից. «եթե ունենայի 50 ազնիվ մարդ»: Այսինքն... այդ 50 ազնիվ մարդ էլ չունե՞ք (փամփուշտ ա՞լ չունիք): Ի դեպ, այդ մտմտուքը բարձրաձայնելուց եւ Գերասիմ Ալավերդյանի պաշտոնանկության լուրերի շրջանառվելուց հետո հենց դեկտեմբերի ամենավերջին օրը պաշտոնանկվեց գյուղնախարարը: Հիմա մնում է, որ նորանշանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ հոպար դուրս չգա եւ որ ասում է` լուծ է քաշելու, գյուղատնտեսության փոխարեն միայն սեփական տնտեսությունը չզարգացնի: Իսկ թե ի՞նչ կար անցած տարեվերջին մի շարք նախարարների, մարզպետների եւ պաշտոնյաների փոփոխության վերաբերյալ շրջանառվող լուրերի տակ` երեւի շատ շուտով կիմանանք, սակայն հայկական արիալի փորձը ցույց է տալիս, որ լուրերի մեծ մասն իրականություն է դառնում:

Իսկ տարեվերջին նորից ուժգին դրսեւորված մտատանջությունը, թե արդյո՞ք միասին են Սերժն ու Ռոբերտը, ու դրանից է կախված լինելու` ո՞վ, ո՞ր քաղաքական ուժը կդառնա ընդդիմադիր, ո՞վ կմնա նախագահ Սարգսյանի կողքին, ինչպե՞ս կվերադասավորվեն քաղաքական ուժերը` չենք կարող այս պահին փարատել, այդ մտատանջությունը ամենաակտուալներից է հենց այսօրվանից եւ մոտակա մի քանի ամիսներին: Քաղաքական տվայտանքների մեջ եղողներին ընդամենը հիշեցնեմ մի պարզ բանաձեւ, որ գործել է Հայաստանում, ու դա չնկատողները միայն փորձի կամ տեղեկատվության պակաս ունեն. ժամանակին Տեր-Պետրոսյանը իշխանությունը սահուն հանձնեց Ռոբերտ Քոչարյանին` նախ պայմանավորվեցին, հետո հանձնեց: Սահուն անցումն ապահովվեց նաեւ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան պարագայում: Եթե վերջին երկուսի միջեւ հակասություններ կան, դրանք պետք է որ միայն տակտիկական լինեն եւ վերաբերեն մասնավոր խնդիրների. ասում ենք եւ ասել ենք` չե՛ն կարող երկրի ղեկավար եղած մարդիկ ընդհանուր հայացք չունենալ շատ խնդիրների վերաբերյալ կամ միմյանց հետ չշփվել: Մնացածն արդեն հասարակությանը տրվում է «Հացի եւ տեսարանների» ձեւով : Սա որպես մասնավոր փորձի եւ տեղեկատվության փոխանցում, մնացածին կհետեւենք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4