«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2010-12-24 | #239, 2010-12-25 | #1, 2011-01-11


ԿԱՐՍԻ «ՀՐԵՇԱՎՈՐ» ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՆՈՒԺ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»

Կարսում կանգնեցված եւ ըստ հեղինակ, թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյի` դեռեւս անավարտ հուշարձանը, որ պետք է խորհրդանշի մարդասիրությունն ու խաղաղությունը` Հայաստանի եւ Թուրքիայի բարեկամության համատեքստում, կարող է ապամոնտաժվել: Այդպիսի մտադրության մասին շաբաթ` հունվարի 8-ին Կարսում արտահայտվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Էրդողանը 30 մետր բարձրություն ունեցող արձանը որակել է «անճոռնի եւ հրեշավոր»` անհարիր որակելով Կարսի ճարտարապետությանը:

Թուրքական լրատվամիջոցներում ամենաթեժ քննարկման առարկա դարձած այդ հայտարարություններին ու գնահատականներին հուշարձանի հեղինակը արձագանքել է հարցադրմամբ, թե ինչպես են Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը գնացող Թուրքիայի ղեկավարները պատկերացնում խաղաղությունը, երբ ուզում են ապամոնտաժել դրան նվիրված հուշարձանը:

Այդուհանդերձ, Էրդողանը Կարսի ներկայիս քաղաքապետին, որ Էրդողանի ղեկավարած կուսակցությունն է ներկայացնում, կոչ է արել քանդել հուշարձանն ու փոխարենը այգի կառուցել: Ընդ որում, Էրդողանն իր գնահատականը հիմնավորել է միայն «գեղարվեստական» առումով

Արտերկրի որոշ լրատվամիջոցներ եւս անդրադարձել են այս խնդրին իրենց մեկնաբանություններով, որոնցից հուշարձանի ապամոնտաժման դրդապատճառների մասին հայ-թուրքական հաշտեցման համատեքստում է արտահայտվել «Wall Street Journal»-ը: Ըստ այդ հրապարակման, Թուրքիայի վարչապետը նման գնահատական եւ մոտեցում արտահայտելով «ազդանշան է տալիս երկու երկրների հարաբերությունների նորմալացման եւ սահմանի վերաբացման ջանքերի սառեցվածության խորացման առնչությամբ»:

Հիշեցնենք, որ հուշարձանը կանգնեցվել է 2008-ինՙ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործըթնացի ամենաթեժ պահին, հայ-թուրքական սահմանից 40 կմ հեռու այնպես, որ Հայաստանից երեւում է 30-մետրանոց հուշարձանը, որի երկու մարդ ներկայացնող արձաններից մեկի ձեռքն այդպես էլ մնացել է չտեղադրված:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4