Կառավարության 2010-ի վերջին նիստում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ամփոփեց անցնող տարին, ներկայացնելով նաեւ կառավարության իրականացրած քայլերը տարբեր ոլորտներում: Վարչապետի ելույթի բոլոր մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն թերեւս չկա, այդուհանդերձ, նրա մատնանշած որոշ իրադարձություններ հարկ է առանձնացնել:
Տնտեսական աճի ցուցանիշն, ըստ Տիգրան Սարգսյանի, 2010-ին 2,6 տոկոսին մոտ է լինելու, որը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության աճով: Ինչպես հայտնի է, մինչեւ 2008-ի վերջը, Հայաստանում մի քանի տարի շարունակ երկնիշ տնտեսական աճ էր արձանագրվում: Դա տեղի էր ունենում գլխավորապես մեկ ոլորտիՙ շինարարության բուռն զարգացման շնորհիվ: Երբ տնտեսության որեւէ ճյուղ զարգանում է, դա ինքնին դրական երեւույթ էՙ հակառակ շինարարության աճը որպես բացասական երեւույթ ներկայացնող տեսակետների: Բանն այն է, որ այս ճյուղի զարգացումն իր հետեւից տանում էր նաեւ այլ ճյուղերի, մասնավորապես շինանյութերի արդյունաբերության զարգացման: Միաժամանակ մեր երկրում առկա է նաեւ բնակարանային պայմանների բարելավման լուրջ պահանջարկ: Եվ հավանական է, որ եթե տնտեսական ճգնաժամը չխանգարեր, այսպես կոչված էլիտար շենքերի շինարարությանը կհետեւին ոչ այնքան թանկարժեք բնակելիների կառուցումը:
Այս ամենով հանդերձ, որեւէ երկրի տնտեսական զարգացումը պետք է լինի դիվերսիֆիկացված եւ կախված չլինի միայն մեկ ճյուղից: Ճգնաժամը մեկ անգամ եւս հաստատեց այդ ճշմարտությունը: Հայաստանի ամենաարագ զարգացող ճյուղը 2009-ին դարձավ նրա կտրուկ տնտեսական անկման հիմնական պատճառը, ինչն առավել հրատապ դարձրեց երկրի տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Ճգնաժամային 2009-ին կառավարությունը հայտարարեց այս ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի մասին: Գուցե մեկ տարին դեռեւս վաղ է շոշափելի արդյունքներ ակնկալելու այդ ծրագրերից, համենայն դեպս, արձանագրված վիճակագրական ցուցանիշները հուսադրող միտումներ ցույց տվեցին: Այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը արձանագրեց 14,5 տոկոս, իսկ երբեմնի զարգացող շինարարությունըՙ 4 տոկոս անկում ճգնաժամային 2009-ի համեմատ, արդյունաբերության աճը կազմեց 9-10 տոկոս: Այս եւ ենթակառուցվածների (ճանապարհների եւ ջրագծերի կառուցում, կապի եւ հեռահաղորդակցության համակարգի զարգացում եւ այլն) զարգացման առումներով վարչապետը թերեւս կարող է խոսել կառավարության ջանքերի հաջողություների մասին:
Իհարկե, պետք է նշել նաեւ, որ արդյունաբերության զարգացմանը էապես նպաստեց միջազգային շուկայում մետաղների գների բարձրացումը, որոնք գերազանցում են անգամ նախաճգնաժամային գներին, որ արդյունաբերության մեջ դեռեւս երկու հիմնական ճյուղերՙ հանքարդյունաբերությունն ու սննդարդյունաբերությունը զարգացածության որոշակի մակարդակ ունեն, որոնց ձգտում են միանալ տեղեկատվական տեխնոլոգիաները: Մյուս կողմից էլ, չի կարելի ժխտել, որ եթե չլիներ պետական աջակցությունը (ընդհուպ բյուջեից տրամադրվող վարկերի տեսքով) վերոնշյալ ոլորտների ձեռնարկություններին, դժվար է ասել, թե ինչ արդյունքներ կունենային նրանք հետճգնաժամային տարում:
Արդյունաբերության, տվյալ դեպքումՙ հանքարդյունաբերության մեջ ավելի մեծ ավելացված արժեքով արդյունք արձանագրելու համար, սակայն, կառավարության առջեւ այժմ ծառացած է մեկ այլ կարեւոր հրամայական, որի մասին խոսվում է, բայց կոնկրետ քայլեր չեն կատարվում: Խոսքը հանքաքարի խտանյութ ստանալուց հետո, տեղում մետաղամշակման կայացման եւ զարգացմանն ուղղված ծրագրի մասին է: Որքան էլ դա աշխատատար եւ ոչ ստանդարտ լուծումներ պահանջող գործընթաց է, հարկ է պայմաններ ստեղծել երկրի բնական ռեսուրսներից առավելագույն արդյունք ստանալու, տեղում մետաղաձուլությունը տնտեսապես շահավետ դարձնելու, հանքարդյունաբերություն-մետաղամշակում-քիմիական արդյունաբերություն-սարքաշինություն շաղկապված զարգացումն ապահովելու համար: Երեւի թե կարիք չկա ասելու, թե դա ինչ ազդեցություն կունենա երկրի տնտեսության մնացած ճյուղերի վրա:
Արդյունաբերության ոլորտում 2010-ին կատարվածի մասին խոսելիս Տիգրան Սարգսյանն ամփոփիչ խոսքում հիշատակեց անցյալ տարի իրագործված մի քանի խոշոր ներդրումային նախագծերի մասին, տեղեկացնելով, որ 11 ընկերություններ 29 մլրդ դրամի ներդրումներ են կատարել: Օգտվելով 300 մլն դրամից ավելի ներդրումների դեպքում ավելացված արժեքի հարկի վճաման հետաձգման ռեժիմից, ինչը նույնպես կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից էր, այդ ընկերությունների գերակշիռ մասը ստեղծել է նոր արտադրություններ, այդ թվումՙ ապակյա տարաների, հանքային ջրերի, շաքարի, մարտկոցների արտադրության, հանքաքարի վերամշակման, ադամանդի մշակման: Սրանց նշանակությունը կարեւոր է ոչ միայն նրանով, որ մեկ տարում գործարկվել են մեծ հզորություններ եւ արտահանման հնարավորություններ ունեցող, արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող միանգամից մի քանի ձեռնարկություններ, այլ որ նման բան տեղի չէր ունենում անգամ տնտեսական երկնիշ աճի տարիներից որեւէ մեկի ընթացքում: Դա թույլ է տալիս հուսալ, որ Հայաստանը առաջիկայում կրկին կարող է դառնալ արդյունաբերական երկիր: Պետք է միայն հետեւողական լինել եւ, ինչպես արդեն նշեցինք, չվարանել այդ նպատակին հասնելու համար ոչ ստանդարտ լուծումներ իրագործելուց:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ