Թեթեւագույնքաշային կարգի 4 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարի շրջանակներում Վախթանգ Դարչինյանն իր 2-րդ մենամարտը կանցկացնի ապրիլի 23-ին Լոս Անջելեսում: Այդ օրը 3-րդ տեղի համար մրցապայքարում նա կմենամարտի կոլումբիացի Յոնի Պերեսի հետ: Նույն երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգան թեթեւագույնքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Ժոզեֆ Ագբեկոն եւ Աբներ Մարեսը, որոնք կվիճարկեն մրցաշարի հաղթողի կոչումը:
Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում Վախթանգ Դարչինյանը դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կայացած մենամարտում միավորներով զիջել էր մեքսիկացի Աբներ Մարեսին: Նույն օրը Յոնի Պերեսը պարտվել էր Ժոզեֆ Ագբեկոյին:
Յոնի Պերեսը 31 տարեկան է: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 22 մենամարտերից 20-ում նա հաղթել է, մեկական անգամ հանդիպումն ավարտել է ոչ-ոքի եւ պարտվել է: Հունվարի 7-ին 35-ամյակը նշած Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում 39 մենամարտ է անցկացրել: Դրանցից 35-ում նա հաղթել է, 3-ում պարտվել է, մեկն ավարտել է ոչ-ոքի:
Նշենք, որ Վախթանգ Դարչինյանն անցած տարվա արդյունքներով էլ կրկին ընդգրկվել է աշխարհի ուժեղագույն 100 պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների ցանկը, որը կազմում է ամերիկյան «Ռինգ» ամսագիրը: Դարչինյանն այդ ցուցակում 47-րդ տեղում է: Նախորդ ցուցակի համեմատ Դարչինյանը 6 հորիզոնականով բարելավել է ցուցանիշը: 100 լավագույնների թվում է նաեւ Արթուր Աբրահամը, որը 66-րդն է: Արթուրը վարկանիշային ցուցակում զգալիորեն նահանջել է: Նախորդ ցուցակում նա զբաղեցնում էր 13-րդ հորիզոնականը:
Ինչպես եւ նախորդ անգամ, նոր ցուցակն էլ գլխավորում է Մենի Պակյաոն: 2-րդ տեղը պահպանել է քաշային հինգ կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը: Մեծ առաջընթաց է ունեցել միջինքաշային կարգում WBC/The Ring-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Սերխիո Մարտինեսը, որը 71-րդ տեղից տեղափոխվել է 3-րդ հորիզոնական: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Խուան Մանուել Մարկեսը, Նոնիտո Դոները, Պոնգսակլեկ Վոնջոնգկամը, Ֆեռնանդո Մոնտիելը, Վլադիմիր Կլիչկոն, Տիմոտի Բրեդլին եւ Խուան Մանուել Լոպեսը: