«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2010-12-25 | #1, 2011-01-11 | #2, 2011-01-12


ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ` ՋԱՎԱԽՔ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎՐԱՑԱԿԱՆ «ՀՈՒՅՍԵՐԻ» ԿԱՏԱՐՄԱՆԸ ՍՊԱՍԵԼՈՎ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱն

Հույս հայտնելը հարմար տարբերակ է որեւէ որոշակիությունից խուսափելու համար: Առավել եւս, հարմար է հույս արտահայտելով սահմանափակվել, երբ խոսքը վերաբերում է Ամենայն հայոց կաթողիկոսի` Վրաստան եւ Ջավախք այցելության հավերժորեն հետաձգված լինելուն: Եվ հատկապես հարմար է, երբ այդ հետաձգումներից վերջինն էլ Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի ինքնազգացողության վատ լինելուն էր կապվում, թե վերջինս չի կարողանա ուղեկցել Հայոց կաթողիկոսին Ջավախք այցելության ժամանակ:

Հունվարի 10-ին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի առաջնորդությամբ այցելել են Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարան, ուր նրանց դիմավորել է Վրաց եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերասիմ միտրոպոլիտը եւ ուղեկցել պատրիարքի պաշտոնական ընդունարան:

Ըստ Վիրահայոց թեմի մամլո դիվանի, «Նորին Սրբություն Իլյա Բ-ն ջերմորեն ընդունել է վիրահայ պատվիրակությանը եւ Վրաց եկեղեցու անունից շնորհավորել հայ ժողովրդին եւ Հայ եկեղեցուն, Ամենայն հայոց կաթողիկոսին, ՀՀ նախագահին Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով»:

Հանդիպմանը մասնակցել են թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, մտավորական եւ հասարակական գործիչ Գիվի Շախնազարը եւ Վրաստանում հայ գործարարների միության ներկայացուցիչ Սամվել Աղեկյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Վրաստանի հայ գործարարների միության ներկայացուցիչներ եւ պատրիարքական փոխանորդ Թեոդոր միտրոպոլիտը:

«Հանդիպումը անցել է շատ ջերմ մթնոլորտում: Համայն վրաց պատրիարք Իլյա Բ-ն մեկ անգամ եւս իր հարգանքը եւ բարեկամական սերն է արտահայտել համայն հայության հանդեպ եւ հորդորել հավատարիմ մնալ դարերից եկող հայ-վրացական եղբայրության եւ բարեկամությանը, հույս հայտնելով, որ միասնական ուժերով կհաղթահարվեն մեր եկեղեցիներին եւ ժողովուրդներին հուզող հարցերը», նշվում է հաղորդագրության մեջ այն դեպքում, երբ տասնամյակներ շարունակ նույն վրաց եկեղեցին է հիմնականում խոչընդոտում պետության հաշվեկշռում գրանցված հայկական եկեղեցիների վերադարձը Վիրահայոց թեմին, երբ նույն վրաց եկեղեցու սպասավորներն են կանգնած հայկական եկեղեցիների վրացականացման գործընթացի գլխին:

Իլյա Պատրիարքը հույս է հայտնել, որ այս տարի կկայանա Նորին Սրբություն Գարեգին Բ-ի եղբայրական այցը Վրաստան, եւ ինքը պատրաստ է ջերմորեն ընդունելու Ամենայն հայոց կաթողիկոսին եւ վերահաստատել հայ-վրացական եկեղեցական հնամենի բարեկամությունը:

Թեեւ հավատի եւ եկեղեցու հարցերում աչքով տեսնելը բնավ էլ պարտադիր չէ, սակայն այս պարագայում կարելի է ասել` կապրենք, կտեսնենք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4