«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2010-12-25 | #1, 2011-01-11 | #2, 2011-01-12


ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԽԱՂԱՂ ԱՏՈՄԻ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է

Երեկ Մոսկվայում ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ու Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլին փոխանակեցին համապատասխան դիվանագիտական նոտաները, որոնցով ուժի մեջ մտավ ռուս-ամերիկյան «վերաբեռնման» մաս կազմող` «խաղաղ ատոմի» համաձայնագիրը, այս մասին տեղեկացնում է BBC-ն: Մոսկվան ու Վաշինգտոնը դեռեւս 2008-ի մայիսին ստորագրեցին այսպես կոչված «համաձայնություն` 123» համաձայնագիրը, որը ենթադրում է «խաղաղ ատոմային տեխնոլոգիաների փոխանակում, համատեղ նախագծերի իրականացում եւ ատոմային տեխնոլոգիաների մասսայականացման դեմ պայքարում համատեղ ուժերի կենտրոնացում»: Հատկանշական է, որ նախագահներ Բուշ կրտսերն ու Պուտինը դեռ 2006-ին ձեռք էին բերել նման համաձայնություն, սակայն Վրաստանում 5-օրյա պատերազմից հետո Բուշը հետ կանչեց համաձայնագիրը ամերիկյան Կոնգրեսից 2008-ի սեպտեմբերին:

Դիվանագիտական նոտաների փոխանակումից հետո համաձայնագրի ուժի մեջ մտնելը դեսպան Բայերլին անվանել է «կարեւոր քայլ` առաջ». «Համաձայնագիրը հնարավորություն կտա մեր երկրներին համագործակցություն ծավալելու նոր հարթակներում», նշել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանը:

Հավելենք նաեւ, որ ռուս-ամերիկյան «վերաբեռնման» մեկ այլ մասնիկ` ատոմային զենքի քանակը փոխադարձաբար նվազեցնելու մասին համաձայնագիրը մոտ օրերս ամենայն հավանականությամբ կվավերացնի ՌԴ Պետդուման: Ամերիկյան Սենատը, հիշեցնենք, 2010-ին 71 կողմ եւ 21 դեմ ձայների համամասնությամբ հասցրել է վավերացնել վերոհիշյալ համաձայնագիրը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4