«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2010-12-25 | #1, 2011-01-11 | #2, 2011-01-12


ՄԱՆԵԺՆԱՅԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՍՈՍԿ ՆԱԽԵՐԳԱ՞ՆՔ Է

Մոսկվայում (եւ ոչ միայն) վերջերս տեղի ունեցած ազգամիջյան խռովությունները Հայաստանի լրատվամիջոցները մեկնաբանեցին որպես ռուսական ֆաշիզմի դրսեւորում, որի զոհը դարձան «խեղճ» կովկասցիները: Տվյալ դեպքում քանի որ խոսքը վերաբերում էր հյուսիսկովկասցիներին, ապա «խեղճ» հորջորջումը հնչում է որպես ծաղր: Որպես երկար տարիներ Մոսկվայում ապրած մարդ կարող եմ ինձ թույլ տալ ասել, որ հյուսիսկովկասցիներիՙ չեչենների, ինգուշների, դաղստանցիների համեմատ նրանց անվանակից անդրկովկասցիները ռուսաց երկրում իրենց պահվածքով կարող են նույնիսկ պարկեշտ ցեղեր համարվել: Առաջինների ագրեսիվությունը, վայրենությունը, դաժանությունը ծայրահեղ են: Տվյալ աղմկահարույց միջադեպում դաղստանցի կրկնահանցագործը ռուս տղայի վրա արձակել էր 12 գնդակ, եւ չբավարարվելով, վերջին «ստուգիչ» կրակոցն էլ ուղղել էր սպանվողի ծոծրակին: Եթե նույնիսկ պարզվի էլ, որ ծեծկռտուքը սկսել են ռուս երիտասարդները (առայժմ հայտնի չէ), անողոք դաժանությունն ակնհայտ է:

2010 թվականին Ռուսաստանում բանդիտիզմի 12 գործից 9 կատարել են կովկասյան հանցավոր խմբավորումները, բռնաբարությունների 70 տոկոսը պատկանում է ներգաղթողներին, տեղացիների դեմ եկվորները կատարել են 45 հազար հանցագործություն, նրանց դեմՙ 11 հազար: Կարելի է բերել նաեւ քրեական վիճակագրական շատ այլ տվյալներՙ ցույց տալու համար, որ ռուսական «ֆաշիզմի» ելույթների գնահատումները այնքան էլ միանշանակ չեն: Բայց սա չէ կարեւորը. ազգամիջյան ներհակությունները Ռուսաստանում շատ ավելի խորքային բնույթ ունեն:

«Այն, ինչ դրսեւորվում է արտաքնապեսՙ ինչ-որ մեկի սպանում են կամ ծեծում, սոսկ այսբերգի գագաթն է, հայտարարում է քաղաքական ու հասարակական գործիչ, «Հոլոքոսթ» հիմնադրամի ղեկավար Ալլա Բերգերը: Ամենասարսափելին ներքեւում էՙ ներսում: Իսկ այնտեղ կազմակերպություններ են, կառույցներ, ջոկատներ: Ի դեպ, լավ պատրաստված ու զինված ամեն մի սկինհեդ իր գրադարանն ունի, որտեղ պարտադիր են «Մայն կամպֆը» եւ «Ջհուդները» գրքույկը... Փողոցում նրանք առայժմ հրեաներին չեն քոթակում, որովհետեւ նրանց չեն տարբերում, սակայն գաղափարական առումով նրանք բացահայտ, ես կասեիՙ մոլեգին անտիսեմիտներ են»:

Ավելի ճշգրիտ դժվար է ասել: Սակայն մեր խնդիրը չէ քննության առնել այն հարցը, թե ինչու են ռուսները (ոչ թե ռուսաստանցիները) իրենց պետական-ազգային ձախողումներում մեղադրում հենց հրեաներին: Բայց կարելի է հստակեցնել հիմքերը, որոնց վրա հառնում է ռուսական նացիոնալիզմը:

Հայտնի է, որ նացիոնալիզմը, որպես կանոն, գլուխ է բարձրացնում այն երկրում, որը խրված է ներքին խնդիրների մեջ: Եվ այդ զգացումն ու գաղափարախոսությունն են դառնում այն միավորիչ գործոնը, որը համակում է ազգին ընդդեմ այլ ուժի: Իսկ ինչ են տեսնում ռուսներն իրենց առջեւՙ իրենց իսկ բնութագրումներովՙ սնանկացած ու նվաստացած երկիր. թալանված գյուղեր. դեգրադացիայի ենթարկված քաղաքներ. համատարած հարբեցողություն ու թմրամոլություն. բթացած երիտասարդություն. կանայք, որոնք հարկադրաբար զբաղվում են պոռնկությամբ. ամեն տեսակ սեռական այլասերվածության քարոզչություն, մի կտոր հացի կարոտ ծերեր. հարյուրհազարավոր անապաստան երեխաներ. նոր սերնդի բացարձակ ապատիա ու հոգեւոր կյանքի անկում եւ այլն, եւ այլն:

Ռուսների կարծիքով, իրենց էթնիկական տարրը դուրս է մղված երկրի կառավարումից, չկա որեւէ ռուսական ազգային կուսակցություն, քաղաքական կազմակերպություն, որը ներառեր ռուս ժողովրդի խոր դժգոհության էներգիան եւ նրան տար համապատասխան ուղղություն: Ինչո՞ւ երկրի բնական հարստությունները, ֆինանսները, ԶԼՄ-ները, կենսագործունեության շատ ոլորտներ հայտնվել են ոչ ռուս տարրի ձեռքին, երբ իրենք կազմում են երկրի բնակչության գերակշիռ մասը: Ռուս ժողովրդին ամեն անգամ բարձրացնում են նրա ոգուն խորթ համաշխարհային ծրագրերի կառափնարան, որոնց արյունոտ ներդրումներից նա ոչ մի շահաբաժին չի ստանում: Եվ սա դեռ քիչ է, մեր օրերում էլ ռուս ժողովրդի վզին են փաթաթում համաշխարհային գլոբալացման գաղափարները, որոնք հենված են Թալմուդի արժեքների վրա, ըստ որի ընտրյալ փոքրամասնությանը պետք է պատկանի ողջ աշխարհը: Նա, ով չի ծառայում այդ նպատակին, դառնում է նրա թշնամին:

Հսկայական է ռուսների անբավականությունը լիբերալ ԶԼՄ-ներից (գաղտնիք չէՙ ովքեր են դրանք կառավարում): Կոնկրետ վերջին իրադարձությունների կապակցությամբ ռուսների համար անտարակուսելի է, որ հակառուսական լրատվական պատերազմի հերթական հարձակման գլխավոր նպատակն է կրկին ու կրկին ռուսներին հավաստիացնել, որ իրենց թշնամին կովկասցիներն են ու առհասարակ մուսուլմանները, եւ ոչ թե հրեաների կողմից վերահսկվող գլոբալիստական, մասոնական, ֆինանսական եւ համանման այլ ուժերը, որոնք երկրի բնիկ ժողովուրդների միջեւ հրահրում են ազգամիջյան կոնֆլիկտներ ու պատերազմներ:

Հիվանդագին զգացումը, որ իր նկատմամբ իրագործվում է քաղաքական, սոցիալական ու ազգային անարդարություն, ռուս ժողովրդին վերածում է դանդաղ տաքացող կաթսայի, որը էներգիա է կուտակում գալիք աղետալի պայթյունների համար: Մանեժնայա հրապարակում տեղի ունեցածը սոսկ նախերգանք է, զգուշացնում են ռուս նացիոնալիստները: Առայժմ, ինչպես ասվեց, հակառուսական քայքայիչ ուժերին հաջողվում է նոր սերնդի դժգոհության հախուռն ու խելահեղ հարվածների թիրախ դարձնել կովկասցուն, միջինասիացուն: Ինչ կլինի վաղըՙ ոչ ոք չի կարող ասել:

Վերջումՙ հետեւյալը: Անշուշտ, չի կարելի թերագնահատել պարարտացող ռուսական նացիոնալիզմի վտանգավորությունը, դրա վերածումը տխրահռչակ խելահեղ ու անմիտ բունտի: Մյուս կողմից, ռուսական «ֆաշիզմի» սարսափները տարփողող, ռուսահայերին զգուշավորություն քարոզող հայաստանյան լրատվամիջոցներին ակամա ուզում ես հարցնելՙ ինչո՞ւ նվազագույն իսկ հնարավորության դեպքում հայաստանցին այսօր էլ լքում է իր «անկախ» հայրենիքն ու արտագաղթում «ֆաշիստական» Ռուսաստան: Ինչո՞ւ այդ «ռասիստական» երկրում հանգրվանած մոտ երեք միլիոն հայերից սոսկ անհատներ են վերադառնում իրենց պատմական օրրանը, իրենց նորաստեղծ պետությունը: Մանավանդ որ այդ հսկա համայնքի զգալի մասը այսօր կազմում են նախկին հայաստանցիները:

ՌՈւԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4