1990-ի հունվարի 13-19 Բաքվում իրականացված հայերի ջարդերի 21-րդ տարելիցի նախաշեմին ձերբակալվել է դրանք համակարգողներից մեկը` Նեյմաթ Փանահովը, որն այժմ դարձել է Նեյմաթ Փանահլի: Ընդ որում` 21 տարի առաջ Բաքվի փողոցներում «2-րդ Արարատը ստեղծենք հայերի գլուխներից» բղավող հանցագործը ձերբակալվել է ոչ թե նախկինում գործած մեղքերի, այլ Ադրբեջանի իշխող ռեժիմին «կոպիտ տոնով» ընդդիմանալու համար: Այսպես, ըստ «Թուրան» գործակալության, այժմ Ադրբեջանի ընդդիմադիր` «Ազգային պետականություն» կուսակցության նախագահ Փանահլին տեղի «Նոտա» թերթին հարցազրույց է տվել, որտեղ բազմաթիվ մեղադրանքներ է հասցեագրել Իլհամ Ալիեւին ու նրա իշխանությանը: Հատկանշական է, որ Բաքվի ջարդերից հետո Ալիեւ ավագը այն ժամանակ դեռեւս Փանահովին նշանակում է իր խորհրդական, սակայն, ինչպես երեւում է, Ալիեւ որդու հետ Նեյմաթն ինչ-որ բան չի կիսել:
Հավելենք նաեւ, որ «Նոտա» թերթի գլխավոր խմբագիր Սարդար Ալիբեյլին երեկ տված ասուլիսում հայտարարել է, որ Փանահլիի ձերբակալությունը ունի բացառապես քաղաքական ենթատեքստ. «Նեյմաթ Փանահլին մեզ հետ հարցազրույցում լրջորեն մեղադրել է Իլհամ Ալիեւին 2010-ի նոյեմբերի 7-ի ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ: Այժմ ես չեմ բացառում, որ նրան կհասցեագրեն այլ մեղադրանքներ եւս»: Հետաքրքրական է, կունենա՞ արդյոք Ալիեւը բավարար համարձակություն եւ բարոյականություն` «այլ մեղադրանքների» կողքին Փանահլիին ներկայացնելու նաեւ 1990-ին Բաքվում հայ ազգաբնակչության ջարդեր իրականացնելու մեղադրանքը:
Հ. Ա.