«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2010-12-25 | #1, 2011-01-11 | #2, 2011-01-12


ԱՐՑԱԽԻՑ` ՍՈՒԴԱՆԻ ՄԱՍԻՆ

«Ազգը» երեկվա համարում տեղեկացրեց, որ Հարավային Սուդանում այս օրերին ընթանում է անկախության հանրաքվե, որի արդյունքները հայտնի կդառնան առաջիկա շաբաթվա ընթացքում: Ամենայն հավանականությամբ հանրաքվեի արդյունքներով Հարավային Սուդանը կդառնա անկախ պետություն, համենայն դեպս, միջազգային հանրությունը շտապել է իր աջակցությունը ցուցաբերել Հարավային Սուդանին, մասնավորապես հարցին մեծ օժանդակություն է ցուցաբերում ԱՄՆ-ը:

Սուդանի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ կընդունեն Հարավային Սուդանում կայացող հանրաքվեի արդյունքը: Ներկայացնում ենք ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հարցազրույցը Panorama.am-ին:

«Այդ հանրաքվեի գաղափարն ընդունելի է եւ կարող է դրական ազդեցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Բանն այն է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից կարող է նախադեպային լինել նաեւ այլ խնդիրների կարգավորման տեսանկյունից: Դեռեւս սեպտեմբերի 8-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հանդես գալով միջազգային հարաբերությունների խորհրդում, արծարծել էր Հարավային Սուդանի խնդիրը: Եվ ահա ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Սուդանը պետք է պատրաստ լինի ճանաչելու Հարավային Սուդանի անկախությունը: Հարավային Սուդանում անցկացվող հանրաքվեի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը փաստն անվանեց պատմական: Փաստորեն ԱՄՆ-ը սրանով իսկ ցույց տվեց, որ կողմ է, որ Հարավային Սուդանը դառնա անկախ պետություն, ինչը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ ժողովուրդների ինքնորոշման գործընթացը, փոքր պետությունների ձեւավորումը որակապես նոր հարթության վրա է դրվում, իսկ դա մեզ համար շատ կարեւոր է: Սրանից զատ, Ադրբեջանն արդեն իսկ քաղաքական եւ տնտեսական առումով է սկսում իր դիրքերը զիջել: Բավական է նշել, որ նույն Տայվանի հետ նա ունի տնտեսական սերտ հարաբերություններ եւ 2009 թվականի Տայվանի հետ նրա ապրանքաշրջանառությունը կազմել է 690 միլիոն դոլար: Եթե համեմատենք 2000 թվականին եղած արդյունքների հետ, ապա դրա աճի դինամիկան կազմել է 567: Այսինքնՙ 2000 թվականից հետո Տայվանի հետ ունեցած ապրանքաշրջանառությունը 567 անգամ աճել է: Այս ցուցանիշը, տնտեսական աճի դինամիկայի տեսանկյունից, Ադրբեջանի տնտեսական հաշվեկշռում առաջին տեղն է զբաղեցնում: Ստացվում է, որ ժխտելով ազգերի ինքնորոշման իրավունքը, նույն Ադրբեջանը կապեր է հաստատում, այսպես ասած, չճանաչված պետությունների հետ: Այսինքնՙ նա Տայվանի հետ մտնում է պաշտոնական տնտեսական փոխհարաբերությունների մեջՙ միաժամանակ ժխտելով Արցախի ինքնորոշման փաստը: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ սխալ է վերցնել մեկ գաղափար, դա ընդունել որպես միակ լուծում, Ադրբեջանի դեպքում տարածքային ամբողջականության սկզբունքը: Իհարկե, դա կարեւոր սկզբունք է, եթե կան միջպետական հարաբերություններ, բայց սա չի կարելի կիրառել ազգերի ինքնորոշման կտրվածքով: Սուդանում գրանցված են երկարատեւ պատերազմներ: Տասնամյակներ շարունակ Հարավային Սուդանի բնակչությանը չէին թույլատրում, որ նա իր կամքն արտահայտի: Սակայն ի վերջո իշխանություններն եկան այն եզրահանգման, որ պետք է հարգել մարդկանց կարծիքը: Հարավային Սուդանում անցկացվող հանրաքվեն պատմական է ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական տեսանկյունից, եւ չի կարող դիսկրիմինացիոն ձեւով իրականացվել: Չի կարելի ասել, որ Հարավային Սուդանին հանրաքվե անհրաժեշտ է, իսկ Արցախինՙ ոչ: Ինքնին երեւույթը մեզ համար բարոյական հաղթանակ է», ասել է Դավիթ Բաբայանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4