«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2010-12-25 | #1, 2011-01-11 | #2, 2011-01-12


ԱԴՐԲԵՋԱՆԻՑ «ՍՆՎՈՂ» ԼԻՆԴԲԼԱԴԻ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովի նախկին ղեկավար, Հայաստանի հարցով շատ կարճ ժամանակով համազեկուցող դարձած շվեդ խորհրդարանական Գորան Լինդբլադը թեեւ հայտնվել է շվեդական խորհրդարանից դուրս, հետեւաբար նաեւ ԵԽԽՎ-ից, այդուհանդերձ, որոշել է ամուր կառչել ղարաբաղյան թեմայից:

Հայերի ու Հայաստանի հանդեպ բնավ էլ ոչ բարյացակամ, ավելին` անբարեհաճ վերաբերմունք ունեցող Լինդբլադի` որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողի ոդիսականը սկսվեց Լինդբլադի հանդեպ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության դժկամությամբ ու ավարտվեց Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում այս թեկնածուի պարտությամբ:

Դրանով կարծես թե Լինդբլադը հեռացվեց ղարաբաղյան խնդրին ու Հայաստանին առնչվելու հնարավորություններից, սակայն թերեւս ադրբեջանամետության մեջ մեղադրվելու իրական հիմքերից մեկի վկայությունն էլ Լինդբլադի ներկայիս կեցվածքն է. շվեդը որոշել է ակտիվորեն զբաղվել ղարաբաղյան խնդրի մասին Եվրոպային տեղեկացնելով:

Ինչպես ամենայն պատրաստակամությամբ տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Լինդբլադը մի քանի օրից պատրաստվում է սկսել մի նախագծի իրականացում, ըստ որի իբր «եվրոպական քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին առավել լավ պետք է ծանոթացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին»: Առավել հետաքրքրական է, որ Լինդբլադը հանձնվել է ադրբեջանական կողմին գլխովին, քանի որ այդ նախագիծը կոորդինացնելու է Լոնդոնում տեղակայված այսպես կոչված Եվրոպական-ադրբեջանական ընկերակցությունը:

«Նախագիծը ներառում է հանդիպումներ Եվրոպայի խորհրդի եւ Եվրոխորհրդարանի իմ գործընկերների հետ: Ես արդեն քննարկումներ եմ ունեցել որոշ քաղաքական գործիչների հետ Ֆինլանդիայից, Բելգիայից, Հոլանդիայից եւ Իսպանիայից, ու ծրագրում եմ դիմել նաեւ ԵՄ եւ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներին», ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտարարել է Լինդբլադը:

Ադրբեջանական փողերով եւ կոորդինացմամբ իր գործունեությունը կազմակերպող շվեդ նախկին խորհրդարանականը, պարզվում է, ոչ բավարար է գնահատում ղարաբաղյան հարցի առնչությամբ եվրոպական շրջանակների տեղեկացվածության աստիճանը, ինչն էլ իբր պիտի բարձրացնի` հասկանալի է, թե ինչ կողմնորոշմամբ: Լինդբլադի կարծիքով, այդ հակամարտության հարցում Եվրոմիությունը բավարար ճնշում չի գործադրում, իբր գործադրողներն են քիչ, կամ էլ այդ հարցում դերակատարություն ունենալու ցանկությամբ տառապողները:

Թերեւս հարկ է, որ Շվեդիայի խորհրդարանից դուրս մնալուն նպաստած ուժերը Լինդբլադի ադրբեջանական կողմնորոշումը հավասարակշռելու դրսեւորումներ ի հայտ բերեն, այլապես հայերից նեղացած շվեդ այս գործչի ձեռքով ու ադրբեջանական միջոցներով եվրոպական փոքր երկրներում կարող է ոչ ճիշտ մոտեցում ձեւավորվել:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4