Սկսեց Կարեն Կարապետյանը
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կադրային փոփոխությունների մասին շրջանառվող ինտենսիվ լուրերը ավելի շատ նյարդայնացնում են կամ ավելի անտարբեր դարձնում մարդկանց, քան զբաղեցնում միտքը, քանի որ մարդիկ ամեն ինչին սովորում են: Սովորում են վատ վիճակին, սովորում են հեռուստաէկրաններից ստեպ-ստեպ հնչող եւ վերահնչող նոր նախարարների խոստումներին` ոլորտը կայացնելու վճռական ցանկության մասին, սովորում են, որ մի երկու ամիս հետո, դեռ երդումը շուրթին չչորացած նախարարին նորից են փոխարինում (ուրեմն` սխալը նշանակողի՛նն էր), իսկ հանվածների մի մասը գնում է դեպի անէություն եւ մոռացում, սովորում է, որ ողջ այս գործողությունը կրկնվում է նորից ու նորից, կրկին ու կրկին: Է, եթե մի բան անընդհատ կրկնվում է եւ արդյունք չկա` սա արդեն ծիծաղելի է, կենցաղի առօրեական եւ տհաճ մաս, որը ոչ մի զգայարան չի խթանում, բացի անտարբերությունն ու արհամարհանքը: Հիշո՞ւմ եք հեքիաթը` հովիվը մի քանի անգամ կատակով ոտքի է հանում գյուղը` թե գայլերը հարձակվել են հոտի վրա, գյուղացիք սուտասանի հարային մի քանի անգամ հասնելուց հետո էլ նրա կանչին չեն արձագանքում, քանի որ կատակչի չոբանի հավեսը չունեն` պարապ չեն: Բայց դե գիտեք` հեքիաթում մի անգամ էլ գայլն իսկապես կոտորում է հոտը, ու ոչ ոք չի հավատում հովվի օգնության կանչերին: Հիմա մեր պաշտոնափոխություններն են: Մարդիկ իսկապես սպասել են փոփոխությունների, իսկապես ոլորտներ կան, որտեղ դանակը ոսկորին է հասել, ու սա չի կարող չհասկանալ երկրի ղեկավարությունը. հասկացել է եւ փորձում է հասարակության սպասման պահանջարկը բավարարել: Սակայն խնդիրն այն է, որ մինչեւ այժմ մարդ փոխելով եւ իրողություն չփոխելով` մեր իշխանությունները ընկել են կատակաբան հովվի օրը, ու եթե պարզվի, որ հերթական փոփոխությունները հերթական անգամ հասարակության միտքը զբաղեցնելու համար են միայն եւ կուտակված խնդիրների վերաբերյալ նրանց դժգոհության սլաքը շեղելու եւ սոցիալական խնդիրների վրա գոնե մասամբ չսեւեռվելու խնդիր են լուծում, ապա այս անգամ մեր իշխանավորները անվերադարձ սխալվում են, քանի որ սխալվելու լիմիտը սպառել են. մարդիկ այլեւս չեն նայի` ո՞ւմ եւ ինչո՞ւ են փոխում, ումո՞վ եւ ի՞նչ խոստումով:
Ընդհանուր հիասթափությունը սոցիալական վիճակից, կյանքի իրական փոփոխությունների անտեսանելիությունից` այս անգամ կարող է լցնել համբերության բաժակը, մարդիկ հերթական անգամ իրենց խաբելու փորձերը չեն հանդուրժի. եթե իմիտացիայի, ընտրական գործընթաց ճնապարհվելու եւ ընտրազանգված ստվարացնելու խնդիր է լուծվելու միայն ֆորմալ փոփոխություններով, ինչպես որ մինչեւ հիմա եղել է, ապա այդպես մտածողները եւ գործողները մանավանդ սխալվում են` անտարբեր, հայրենիքից հեռացող, կիսասոված հայերով լի երկիր ունենալը չի բխում հենց կառավարողների շահերից: Այնպես որ` պետք է տասը չափել ու մեկ կտրել` փոփոխությունները հիմնավոր, արմատական, հարց լուծող դարձնելով: Թե չէ սովորական հայ մարդը հերթական անգամ նյարդայնանալու է ֆորմալիզմի անհոգի դրսեւորումից, թափ է տալու ձեռքը, վերջնականապես հիասթափվելու է իշխանությունից, մի մասը գնալու եւ լրացնելու է բողոքավոր ընտրազանգվածի շարքերը, մի մասը հեռանալու է երկրից: Իշխանության վերջին հնարավորությունն է` հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի եւ անհանդուժելին չհանդուրժելու խոստմանը նյութեղեն մարմին տալու, այլապես ընդհանրապես փոփոխություն, պաշտոնափոխություն, կոռուպցիայի դեմ պայքար հասկացությունները վերջնականապես եւ անվերադարձ կիմաստազրկվեն, ծիծաղելի կդառնան, իսկ մարդիկ կորոնեն այն ուժերին, որոնք իրապես նրանց կյանքը փոխելու պատրաստակամություն կհայտնեն: Ճիշտն ասած, չէինք ուզենա սխալվել, բայց շրջանառվող պաշտոնափոխությունների կոնկրետ անունները առանձնապես խորքային փոփոխությունների մասին չեն խոսում. ավելի շատ նկատվում է միտում` ընտրություններից առաջ ազատվելու այնուամենայնիվ ոչ այնքան հավատարիմ, կամ ավելի շուտ` ուրիշի՛ նշանակած պաշտոնյաներից եւ ամրապնդելու թիմը հավատարիմներով: Ոստիկանապետի՞ն են տանում Շիրակի մարզպետ, թե Շիրակի մարզպետին դարձնում ոստիկանապետ` դրանից հասարակ մարդուն ի՞նչ օգուտ, նրա առօրյան հազիվ թե փոխվի (շրջանառվող լուրերի մի խմբով հենց այդպես է լինելու, բայց լուր տարածողների մի ուրիշ խումբ էլ պնդում է, որ ոստիկանապետը կփոխարինի տարածքային կառավարման նախարարին, իսկ ոստիկանապետ կդառնա Երեւանի քաղաքային վարչության պետը, այդ լուրերի իսկության աստիճանն էլ կախված է դրանց տարածողների նպատակներից): Մի քանի աղբյուր էլ պնդում են, որ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու է Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, նրա պաշտոնն էլ կզբաղեցնի պաշտպանության նախարարը (լուրի անտրամաբանականն է լավ): Նախագահ Սարգսյանի վերահսկողության ծառայության բացահայտած ֆինանսական խախտումները Կոտայքի մարզպետարանում սնել են այն լուրերը, որ Կոտայքի մարզպետի փոխարեն մարզպետ է դառնալու փոխոստիկանապետ Ս. Աֆյանը: Անգամ երեկ մի անհեթեթ թվացող լուր էլ կար, թե ԿԳ նախարար Աշոտյանին փոխարինելու են Վազգեն Մանուկյանով (այդ լուրը զարմացրել էր նույնիս Վ. Մանուկյանին): Երեկ, սակայն, արդեն երկու փոփոխություն եղել է` Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը իր խոստացած «դխկոցը» ոնց որ թե իրականություն է դարձնում` պաշտոնից հեռացրել է Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Հ. Մարգարյանինՙ նրա փոխարեն նշանակելով Էդուարդ Մուշեղյանին (Արաբկիրի թաղապետի նախկին տեղակալ), հեռացվել է նաեւ քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, նոր թեկնածուի մասին խոսք չկա: Երեկ լուրեր էին տարածվել, թե ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, հավանաբար դուրս կգա կոալիցիայից: Ու չնայած այս լուրը դեռեւս իրեղեն հաստատումների չի ենթարկվում, այլ հակառակը, ժխտվում է ԲՀԿ ղեկավար շրջանակի կողմից, սակայն երեւում է` տեսարանների պակաս մոտ ժամանակներս չի լինելու, մանավանդ պաշտոնանկությունների աստղաթափը, ըստ լուրերի, սպասվում է հունվարի 15-ից հետո:
Հ.Գ. - Երեկ լսեցի մի նոր թեւավոր խոսք. Մաշտոցի պողոտայում իրար էին բախվել երկու մեքենա. «Ավարիա ա՞ էղել», հետաքրքրվեց մի կին: «Ավարիա չի եղել, ԱՊՊԱ է եղել», սրամտեց թիվ 72 ավտոբուսի վարորդը: