«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2010-12-25 | #1, 2011-01-11 | #2, 2011-01-12


ԱՊՊԱ-Ն ՄԻԱՅՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԷ

Ի գիտություն տնտեսական գործընթացներից անտեղյակ որոշ քաղաքական ուժերի

Ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվությունից բխող պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) գործընթացը շարունակվում է, չնայած օենքով սահմանված վերջնաժամկետը անցյալ տարվա դեկտեմբերի 31-ն էր: Համաձայն Ավտոապահովագրողների բյուրոյի տեղեկությունների, այս պահին պարտադիր ավոտապահովագրություն է անցել Հայաստանում գրանցված ավելի քան 400 հազար ավտոմեքենաների մոտ 60 տոկոսը: Ճիշտ է, Կենտրոնական բանկն ակնկալում էր, որ այդ ցուցանիշը կլինի 80 տոկոսի մոտ, բայց գրանցված ցուցանիշը կարելի է բավարար համարել: Հատկապես այն դեպքում, երբ հայտնվեց քաղաքական ուժ, որը սկսեց քարոզարշավ ծավալել ԱՊՊԱ-ի դեմ: Թերեւս կարիք կա անդրադառնալու, թե որքանո՞վ են հիմնավոր պարտադիր ավտոապահովագրության դեմ հանդես եկող քաղաքական ուժիՙ «Ժառանգություն» կուսակցության հիմնավորումները:

Ընդհանրապես ժողովրդավարական երկրներում իշխանության եւ ընդդիմության պայքարից շահում է պետությունը, քանի որ ընդդիմությունը, իր գործունեությամբ, բացի հնարավորինս մեծաթիվ մարդկանց համակրանք շահելու նպատակ որդեգրելուց, իշխանության առաջարկները քննադատելիս հանդես է գալիս նաեւ սեփական առաջարկներով: Այնուհետեւ, կողմերի ներկայացուցիչները համատեղ քննարկում եւ ընդունում են փոխընդունելի որոշում, որտեղ հաշվի են առնվում հարցի նկատմամբ բոլոր կողմերի շահերը: Այլ է պարագան Հայաստանում:

Մեր երկրում ընդդիմությունը ոչ թե քննադատում է իշխանության առաջարկները կամ նախագծերը եւ առաջարկում սեփական տարբերակները, այլ միանգամից արմատապես մերժում է դրանք, փորձելով առանց ավելորդ գլխացավանքի քաղաքական միավորներ հավաքել: Որ դրանից կտուժի երկիրը կամ հասարակության հավաքական շահը, նրան այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ տվյալ դեպքում ընդդիմադիր ուժը շահում է կոնկրետ խավի համակրանքը:

Օրինակ, երբ փաստաթղթաշրջանառության բացահայտման նպատակով ՀԴՄ-ների ներդրման արդեն իսկ ուշացած նախաձեռնությամբ 2003-ին հանդես եկավ այն ժամանակվա կառավարությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունն ու նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանը սկսեցին կատաղի պայքար մղել դրա դեմՙ շահելով տոնավաճառների առեւտրականների համակրանքն ու ձայները: Իսկ որ տարիներ շարունակ ահռելի ստվերը մնաց չբացահայտված, եւ պետական բյուջեն չստացավ տասնյակ միլիարդավոր եկամուտներ, այն ժամանակվա ընդդիմադիր կուսակցությանն այնքան էլ չհուզեց:

Այժմ էլ նմանատիպ մոտեցում են որդեգրել «Ժառանգությունն» ու նրա ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրանց, ԱՊՊԱ-ն Հայաստանի համար դեռ վաղ է, եւ ավտոապահովագրման գներն էլ բարձր են: Նույն քաղաքական ուժն ու նրա ներկայացուցիչը, սակայն, մինչ այժմ ոչ մի անգամ չասացինՙ եթե այժմ վաղ է պարտադիր ավոտապահովագրումը, ապա ե՞րբ է ժամանակը: Նրանց տրամաբանությամբ երբեք ժամանակը չէ ՀԴՄ-ներ տեղադրելու, կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելու եւ այլ կարեւոր հարցեր լուծելու համար: Եթե կառավարությունը քայլ է անում քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն ընդունված օրենքները կամ նորմերը մեզ մոտ եւս կյանքի կոչելու ուղղությամբ, ապա հարկ է ոչ թե բութ համառությամբ դրանք մերժել, այլ թերությունները բացահայտել, քննադատել եւ սեփական առաջարկներն ու հիմնավորումները ներկայացնել: Օրինակՙ պարտադիր ավտոապահովագրում անցած մեքենաների վթարի վայրում առաջանում են խցանումներ, քանի որ դրանց սեփականատերերը պետք է սպասեն մինչեւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները ժամանեն եւ ստեղծված իրավիճակը արձանագրեն: Ի՞նչ անել, որպեսզի նման իրավիճակներ չառաջանան: Կամ ինչպե՞ս խուսափել կողմերի համաձայնությամբՙ փոխհատուցումներ պոկելու նպատակով սարքված վթարներից ու խարդախություններից:

Իսկ ԱՊՊԱ-ն մերժելիս «Ժառանգությունը» ինչպե՞ս է բացատրելու իր դիրքորոշումը հարյուր հազարավոր այն քաղաքացիներին, որոնք չունեն ավտոմեքենաներ եւ որպես պոտենցիալ տուժողներ հնարավորություն կստանան ԱՊՊԱ-ի շնորհիվ վթարի ենթարկվելու դեպքում փոխհատուցում ստանալ իրենց կրած նյութական կամ առողջական վնասի դիմաց: Ընդդիմադիր կուսակցության համար նրանց շահերը կարեւոր չե՞ն:

Ինչ վերաբերում է ապահովագրության բարձր գների մասին Արմեն Մարտիրոսյանի հայտարարություններին: Պարտադիր ավտոապահովագրության միջին գինը կազմել է 30-35 հազար դրամ: Սա տարեկան վճարվող գումար է: Հասկանալի է, որ ոչ մեկի համար հաճելի չեն լրացուցիչ ծախսերը, բայց ավտոմեքենաներ ունեցողներից եթե ոչ բոլորը, ապա գերակշիռ մեծամասնությունը հաստատ սոցիալապես ապահով է եւ տարեկան կտրվածքով վճարվող վերոնշյալ գումարը այդ խավերի համար լուրջ ծախս չէ: Հետեւաբար, կարիք չկա սոցիալական խնդիր փնտրելու այնտեղ, որտեղ դա չկա:

Խոսվում է նաեւ ԱՊՊԱ-ի գերշահութաբերության մասին: Եթե Հայաստանի ԱՊՊԱ-ի գները համեմատենք թեկուզ ԱՊՀ երկրներում եւ մասնավորապես Ռուսաստանում գործող պարտադիր ավտոապահովագրության գների հետ, ապա դրանք համարժեք են եւ անգամ ավելի ցածր: Հարկ ենք համարում տնտեսական գործընթացների մասին պատկերացում չունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հիշեցնել նաեւ, որ պարտադիր ավտոապահովագրումը խիստ ցածր շահութաբերություն ունեցող գործընթաց է եւ ապահովագրական ընկերությունների համար դա շահավետ է այնքանով, որ ստեղծում է հաճախորդների մեծաքանակ բազաՙ հետագայում կամավոր ապահովագրության մեջ նրանց ընդգրկելու համար: Իսկ սա էլ նշանակում է, որ մեր երկրում վերջապես կզարգանա ապահովագրական շուկան, ինչը գուցե այդ քաղաքական ուժերի ծրագրերի մեջ չի՞ տեղավորվում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4