«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2010-12-25 | #1, 2011-01-11 | #2, 2011-01-12


ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՆՈՒՄ Է

Երեկ ընդունելով վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեսթերին` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը քննարկել է մայրաքաղաքում իրականացվող համատեղ ծրագրերի շարունակականության խնդիրներ: Բանկի ներկայացուցիչը քաղաքապետին ներկայացրել է Երեւանի մետրոպոլիտենի անվտանգության ապահովման ծրագիրը, որը բաղկացած է երկու փուլից, եւ որով կապիտալ ներդրումներ են նախատեսվում` մետրոպոլիտենի արդիականացման նպատակով: Առաջին փուլն ընթանում է, կողմերը երեկ պայմանավորվածություններ ձեռք բերեցին 2011-ին սկսելու նաեւ երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները: Ծրագրով նորացվելու է մետրոյի շարժակազմը, վերազինվելու է էներգամատակարարման համակարգը, փոխվելու են պոմպերը, կներդրվեն տեխնիկական սպասարկման միջոցներ եւ կկառուցվի դրենաժային համակարգ:

Առաջիկայում վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը նաեւ ծրագրեր է ներկայացնելու Երեւանի ավտոկայանատեղիների եւ Նուբարաշենի աղբավայրի թափոնակուտակման կառավարման հետ կապված: Քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում ստեղծվելու է բարենպաստ ներդրումային դաշտ` Երեւանը դարձնելով բիզնեսի համար գրավիչ մայրաքաղաք: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4