«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2010-12-25 | #1, 2011-01-11 | #2, 2011-01-12


ԱՅԴՔԱՆ ԹՈՒՅԼ, ԹՈՒՅԼ, ԹՈՒՅԼ ՍԵՌԸ

Տարօրինակ է, բայց փաստ` շատ աղջիկներ, եթե ոչ բոլորը, երազում են այն պահը, երբ հարսանեկան սպիտակ զգեստով եկեղեցում կանգնած պիտի պարտավորվեն Աստծու, ամուսնու եւ հավաքվածների առաջ` «հնազանդ եմ» բառերն արտասանելով: Ինչո՞ւ է տարօրինակ, որովհետեւ ֆեմինիստուհիների (որոնց թիվը աճում է նաեւ Հայաստանում) մի քանի սերունդ արդեն մեծ ջանասիրությամբ ստեղծում է ուժեղ, անկախ, տղամարդուն հավասար կնոջ մոդել, որն ունակ է ինքնուրույն հասնել ֆինանսական անկախության, կարող է պաշտպանել ինքն իրեն եւ ամենեւին էլ կարիք չունի տղամարդու օժանդակությանը:

Եթե մի քիչ շատ կարդանք բացառապես կանանց, նրանց իրավունքների մասին ամսագրեր ու անգամ արդեն նաեւ գրականություն, ապա կարող ենք համոզվել, որ ֆեմինիստուհիները մի օր ի վերջո կստեղծեն նման կին, մանավանդ որ, ինչպես օրեր առաջ ռուսական առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման ժամանակ նկատեց աշխարհահռչակ Սթինգը, «Ժամանակակից տղամարդիկ ճգնաժամ են ապրում. մենք պարզապես չգիտենք ի՞նչ անել, ո՞ր ուղղությամբ, որքա՞ն ու ինչպե՞ս գնալ եւ գնա՞լ արդյոք»: Սակայն այս ամենին զուգահեռ, տարօրինակորեն, նույն ֆեմինիստուհիները բազմահազարանոց ցույցերով ու հանրահավաքներով աշխարհի տարբեր խոշոր քաղաքներում ստեղծում են բոլորովին այլ` թույլ, անգամ շատ թույլ սեռի` կնոջ մոդել, որը կարիք ունի ոչ միայն տղամարդու, այլեւ լրատվամիջոցների, անգամ պետության հովանավորությանը:

Ուրեմն ի՞նչ է ստացվում` կանայք նո՞ւյնպես ճգնաժամ են ապրում, նո՞ւյնպես չգիտեն, թե որ ուղղությամբ, որքան ու ինչպես գնան: Թերեւս, ինչպես եւ տղամարդկանց պարագայում, այդպես չէ. պարզապես ժամանակակից աշխարհակարգը այլընտրանք չի թողնում, քան իրարամերժ գործողություններ ու հայտարարություններ անելը, եթե դա է պահանջում շահը:

Օրինակ, որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե օրական որքա՞ն կին է ենթարկվում սեռական բռնության ամբողջ աշխարհում, լավ, գոնե Հայաստանում: Անշուշտ, խոսքը ճշգրիտ թվի մասին չէ. այն չգիտեն անգամ իրավապահները (որոնց մեջ քիչ չեն նաեւ կանայք), խոսքն ընդամենը այն մասին է, թե ինչո՞ւ նուրբ ու փխրուն կինը ամիսներով, անգամ տարիներով տանում է բռնությունները, ծպտուն անգամ չի հանում` այդ ամենին վերջ տալու համար այնքան ժամանակ, մինչեւ նրա թիկունքում հայտնվեն ուժեր, որոնք հետաքրքրված են, որ բռնության ենթարկված կինը խոսի: Ընդ որումՙ այս սկզբունքը գործում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Հիշեցնենք թեմայով հեռուստատեսային թոք-շոուների սյուժեները. տղամարդը` տնօրեն է, պետ, կինը` ենթակա: «Չգիտես ինչու», որպես կանոն, իրեն հասցված բռնությունների մասին խոսում է հենց այս կինը, այլ ոչ թե, ասենք, 3 երեխաների մայրը, որն ուշ երեկոյան աշխատանքից վերադառնալով տուն, փողոցում սրիկաների կողմից ենթարկվում է բռնության: Հետեւաբար, ստացվում է պատկեր, որ որքան բարձր է բռնացողի պաշտոնը կամ կոչումը, այնքան մեծ է հասարակական ցավակցության մակարդակը տուժողին:

Ապացույցները բազմաթիվ են. ամենաթարմը, թերեւս, Իսրայելի նախկին նախագահի եւ Ջուլիան Ասանժի օրինակներն են: Եթե վերջինս իր հիմնադրած WikiLeaks-ում չհրապարակեր ամերիկյան պետքարտուղարության ավելի քան 260 հազար գաղտնի ու կիսագաղտնի փաստաթղթեր, ապա մենք դժվար թե իմանայինք, որ Շվեդիայում երկու կին մինչեւ այսօր, ըստ որոշ ամբաստանությունների, հոգեբանական լուրջ սթրես են ապրում այն պատճառով, որ Ջուլիանը մի քանի տարի առաջ ենթարկել է նրանց սեռական բռնության, կամ եթե ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի աշխատասենյակը հենց «օվալաձեւ» չլիներ, աշխարհին ոչինչ չէր ասի Մոնիկա Լիվինսկի անունը:

Մենք հազիվ թե իմանայինք Իսրայելի նախկին նախագահի սեռական արկածների մասին, եթե ժամանակին, ինչպես պնդում են իսրայելական լրատվամիջոցները, նա համաձայներ տալ տուժող քարտուղարուհուն վերջինիս պահանջած գումարը եւ օգնել տեղավորվելու նոր աշխատանքի:

Փաստորեն ստացվում է, որ ոչ բոլոր տուժողներին ենք մենք իմանում, ոչ բոլոր բռնացողներն են անդամագրվում «սեռական ոտնձգություններ կատարածների բարձրագույն ակումբին», այստեղից ածանցյալ` ֆեմինիստուհիները ոչ այնքան պաշտպանում եւ բարձրաձայնում են իրենց իրավունքները, որքան դա անում են ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին եւ մեկ նպատակով` շահ:

Օրինակՙ ինչո՞ւ որեւէ մեկը, թեկուզ ոստիկանական կորպորատիվ կերուխումներից հետո, չի բողոքում, որ ավելի բարձր կոչումով մեկը այնքան է հարբել, որ հարձակվել է իր` կոչումով կրտսեր ոստիկանուհու վրա: Իրադրությունն անմիջապես փոխվում է, երբ նույն այդ «ավելի բարձր կոչումով մեկին» դարձնում են բարձրաստիճան պաշտոնյա. հանկարծ ոստիկանուհին «հիշում» է, որ ժամանակին... ու դուրս գալով փողոց, տարբեր հեռուստաընկերությունների եթերում սկսում է բացատրել` ինչպե՞ս տղամարդուն ասել ոչ»:

Ընդհանուր առմամբ այս ամենը նույնիսկ ծիծաղելի է. մանավանդ աստիճանաբար նկատելի է դառնում, որ ժամանակակից կինը ամենեւին էլ անպաշտպան էակ չէ: Ասենք` Իսրայելում նա ծառայում է բանակում, անգամ տանկային ու հակաահաբեկչական ստորաբաժանումներում` տղամարդկանց կողքին, նրանցից շատերի հրամանատարն է: Հրեաների երկրում վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ կինը բանակում անհրաժեշտ էր լոկ սպային սուրճ մատուցելու համար:

Այս ամենով հանդերձ տարօրինակ է դառնում մի հանգամանք. ինչո՞ւ, ասենք, մասնավոր սեկտորում սեռական բնույթի սկանդալները քիչ են, այնտեղ «այլ կանայք ու տղամարդի՞կ են աշխատում», իսկ միգուցե ոմանք աշխատանք են տալիս, որոնք վախենում են աշխատանքը կորցնելուց հենց այս համայնապատկերում: Թե չէ ստացվում է, որ ամենավտանգավոր «սեռական բնույթի հանցագործները» համաշխարհային պետական ինստիտուտներում են, եւ որքան մեծ է պաշտոնը, այնքան «ցածր են համբույրները»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ի դեպ, անցյալ տարի աշխարհի ամենաազդեցիկ կին ճանաչվեց ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ոչ թե ամենագեղեցիկ, այլ հենց ամենաազդեցիկ, ոչ թե Մերկելը կամ Քլինթոնը, այլ հենց Միշել Օբաման: Թերեւս ոմանց համար կարեւոր կլինի պարզել` ովքե՞ր են կազմել այդ ցուցակը` գուցե տղամարդի՞կ, դա էական չէ. շատ ավելի կարեւոր է, որ ամուսնու կողքին կինը` այգում ծաղիկներ ջրելով ու կարտոֆիլ հավաքելով, կարող է հռչակվել ամենաազդեցիկը աշխարհում: Մենք գիտենք, որ Օբաման, իր իսկ խոստովանությամբ, «շատ բաների համար պարտական է հենց կնոջը», բայց ո՞վ ասաց, որ տղամարդը չպետք է պարտավորություն զգա կնոջ նկատմամբ, իսկ ո՞վ ասաց, որ եկեղեցում հնազանդության խոստումն իրավունք չի տալիս նաեւ հնազանդեցնելու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4