«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2010-12-25 | #1, 2011-01-11 | #2, 2011-01-12


ՍԻՐՎԱԾ ԴԵՐԱՍԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Անցած տարվա վերջին հայ թատերարվեստում եւս մեկ ցավալի կորուստ գրանցվեց: Կյանքի 80-րդ տարում վախճանվեց հայ անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը: Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը գերազանց ավարտելուց հետո, Կիմ Երիցյանը մոտ երկու տասնամյակ որպես դերասան աշխատել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, կերպարավորելով բազմաթիվ ուշագրավ եւ գլխավոր դերեր: Անկախ նրանից, իրեն վստահված դերը գլխավոր է, թե էպիզոտիկ, Կիմ Երիցյանը կարողանում էր առանձնահատուկ գույն ու ելեւէջներ մտցնել կերպարների մեջ, հատուկ հումորային ու գրոտեսկային երանգներով շեշտել ու գրավել հանդիսատեսի սերը: Ովքեր գեթ մեկ անգամ այդ թատրոնում դիտել են Ա. Բարսեղյանի «Պըլը Պուղի» հերոսական կատակերգությունը, երբեք չեն մոռանա Կիմ Երիցյանի մեկնությամբ Պըլը Պուղու դերը, որը արտիստին մեծ ճանաչում բերեց: Ի դեպ, այդ դերը Կ. Երիցյանը խաղացել է 350-ից ավելի անգամՙ լեփ-լեցուն դահլիճներում:

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Կիմ Երիցյանն աշխատել է 33 տարի, որտեղ էլ ավելի բացահայտվեց նրա ինքնատիպ տաղանդը: Նրա խաղաոճին բնորոշ է ողբերգականի եւ կատակերգականի միասնությունը: Կիմ Երիցյանը յուրօրինակ տպավորիչ գունեղությամբ կերտել է ու մարմնավորել 100-ից ավելի դերեր, մշտապես արժանացել հանդիսատեսի ջերմ վերաբերմունքին ու անկեղծ համակրանքին: Դերասանի կյանքում ակնառու նվաճումներ են եղել նրա բազմաթիվ կերպարները հայ եւ համաշխարհային դրամատուրգների պիեսներումՙ Ագրիպաս աղա, Գնդապետ, Թովմաս, Սերգեյ Կարպիչ, Մաշու, Ալդոմիրցի եւ այլն: Իսկ նրա փայլուն դերակատարումները տարբեր ֆիլմերումՙ մշտապես նրան հիշելու առիթ են տալիս:

Հիշենք Տիրացուին «Նվագախմբի տղաները» ֆիլմից, հետոՙ «Շրթներկ N 4», «Սուտլիկ որսկանը», «Քաոս», «Հող եւ ոսկի» եւ այլն: Իսկ հեռուստաթատրոնում նրա երեք տասնյակ դերերը, տոնական ագանյոկների, «Տարվա եղանակներ» հումորային շարքերում Թաթուլ Դիլաքյանի, Մհեր Մկրտչյանի, Դոնարա Մկրտչյանի հետ Կիմ Երիցյանը մի առանձնահատուկ գրոտեսկային ու հումորային սքեչներ էր ներկայացնում ու դառնում հեռուստադիտողների սպասված հերոսը, համ ու հոտով ներկայացված սքեչներ (ցավոք այդպիսիք վաղուց անհետացել են մեր հեռուստաեթերներից ու տեղը զիջել անհամ ու անտաղանդ, լեզվական ու բեմական խոսքից զուրկ «դերասանների»): Ցավալի է, որ կորցնում ենք նման տաղանդավոր դերասանների, որոնց փոխարինողներ չեն գալիս:

Կիմ Երիցյանին հիշելիս, «Ազգի» հետ զրույցում, թատերագետ Լեւոն Մութաֆյանը հիշեց մի չափազանց հետաքրքրական արտահայտություն, որն արվել է համաշխարհային կատակերգակներից մեկիՙ Բուրվիլի հասցեին. «Դերասան, որը կարողանում էր արտաքին էֆեկտներով, արտաքին շարժմամբ ձեւավորել ներքին խնդիրների իրագործումըՙ այդ ամենը դնելով կոմիկական իրավիճակների մեջ»: Թատերագետը նշեց. «Կիմ Երիցյանն ուներ մի առանձնահատկություն, որը ցավոք ժամանակի մեջ չգնահատվեց: Դա չեխովյան հեգնանքի զգացողությունն էր, ինչի ամենավառ արտահայտությունը Չեխովի «Քեռի Վանյա» հեռուստատեսային բեմադրության (ռեժ. Կ. Վարժապետյան) մեջ Սերեբրյակովի դերակատարումն էր: Երիցյանը իսկապես ազգային կոմիկական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից մեկն էր, որը շարունակում էր Դավիթ Թրյանցի, Թաթիկ Սարյանի ավանդույթները...»:

Կիմ Երիցյանի վերջին դերակատարումը «Հարսնացուն Ջերմուկից» ֆիլմում էր, որը դերասանը կրկին հրաշալի ներկայացրեցՙ բոլորելով իր ութերորդ տասնամյակը: Հոբելյանական երեկոն շատ էր հուզել ու ոգեւորել արտիստին, մանավանդ երբ նրան հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւըՙ Ոսկե մեդալը: Կիմ Երիցյանը իր բեմական ողջ կյանքում ապացուցեց, որ չկա փոքր դեր: Անգամ էպիզոտիկ, դրվագային դերի շրջանակներում դերասանը մշտապես դառնում էր ֆիլմի ու ներկայացման առանցքային ու կենտրոնական մասըՙ ընդգծելով դերի գրոտեսկային էությունը:

Այսօր այլեւս մեզ հետ չէ մեր սիրված «տիրացու» Կիմ Երիցյանը, սակայն մշտապես կհիշվեն նրա թեւավոր խոսքերըՙ արտասանված բեմից եւ էկրանից:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4