Երեկ հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս տարվա 11 օրերի ընթացքում «Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժանմունքում գրանցվել է 16 թունավորման դեպք, որից 6-ըՙ ալկոհոլային: Ըստ մասնագետի, դա ոչ շատ է եւ ոչ էլ քիչ: 2010-ին բաժանմունք են ընդունվել 41 անձինք տարբեր թունավորումներով, ասաց պրն Գաբրիելյանը, որոնցից 8-ըՙ ալկոհոլից էին թունավորվել: Այսինքնՙ ոչ թե ալկոհոլի վատ որակից, այլՙ չարաշահումից, տարբեր խմիչքներ խառնելուց եւ այլն: Բացի այդ, շատ են եղել նաեւ սննդային թունավորումները: Միայն սնկից թունավորման 78 դեպք է գրանցվել, որոնց մեծ մասը բաժին է ընկել Կոտայքի մարզի բնակիչներին, ովքեր դաշտերից ու անտառներից հավաքած սունկ են օգտագործել: Շատ են նաեւ դեղորայքային թունավորումները, որոնցից մեծ մասը ինքնասպանության փորձի արդյունք է:
«Ազգի» հարցին պատասխանելով գլխ. թունաբանն ասաց, որ ինքնասպանության փորձերը դեղահաբերի մեծ քանակություն ընդունելը կապված են եղել հոգեբանական խանգարումների, կենցաղային վեճերի, նաեւ սոցիալական ծանր իրավիճակների հետ, որոնցից ազատվելու միակ ելքը այդ մարդիկ գտել ենՙ ինքնասպանությունը: 2010-ին բաժանմունք ընդունված 608 հիվանդներից 35-ը եղել են դեղորայքային թունավորումներ, որոնցից 4-5-ը ինքնասպանության փորձ: 2011-ի առաջին 10 օրերին 4-5 թունավորումՙ ինքնասպանության նպատակով: Նախորդ տարվա 29 թունավորվածներից միայն մեկին հնարավոր չի եղել փրկել: Եվ այս տարի սուր թունավորումների բաժանմունք ընդունված 16 թունավորվածներից միայն մեկն է իր մահկանացուն կնքել հիվանդանոցում:
«Ազգի» հաջորդ հարցինՙ ի՞նչ առաջին օգնություն պետք է ցույց տալ թունավորվածին մինչեւ շտապօգնության բժիշկների ժամանումը, թունաբանը խորհուրդ տվեցՙ «առաջին հերթին անել ստամոքսի լվացում»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ