ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարավային Սուդանում տեղի ունեցող հանրաքվեն աշխարհը եւս մեկ անգամ կանգնեցրել է անկախացման ուղին բռնած տարածքի նկատմամբ դիրքորոշումների հստակեցման առաջ, թեեւ հենց նման իրավիճակներում էլ հստակ է դառնում, որ աշխարհի երկրները երկակի, անգամ բազմակի ստանդարտներ կիրառելու պրակտիկայից չեն հրաժարվել ու երեւի չեն էլ հրաժարվի:
«Ամեն սերունդ չէ, որ հնարավորություն է ստանում շրջելու անցյալի էջը եւ նոր պարբերություն գրելու պատմության մեջ», մինչեւ սուդանյան հանրաքվեի մեկնարկը «New York Times» թերթում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրապարակած հոդվածն այսպիսի նախաբան ունի, հավելմամբ, որ 50 տարվա քաղաքացիական պատերազմներից, երկու միլիոնից ավելի մարդկանց սպանությունից եւ միլիոնավորների փախստական դառնալուց հետո այդպիսի հնարավորություն ունի Հարավային Սուդանի ժողովուրդը: «Այս գործընթացը կօգնի որոշակիացնել, թե արդյոք մարդիկ, որ տառապել են, կշարժվե՞ն դեպի խաղաղություն եւ բարգավաճում, թե՞ կսահեն դեպի արյունահեղություն: Դա հետեւանքներ կունենա ոչ միայն Սուդանի, այլեւ Աֆրիկայի ու աշխարհի համար», գրում է Օբաման:
Եվ սա այն պարագայում, երբ հարցը վերաբերում է աֆրիկյան մի պետության` երկու մասերի բաժանվելու խնդրին: Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը գտնում է, որ այս հանրաքվեն «պատմական քվեարկություն էՙ գնալու ինքնորոշման ուղիով», որը համապատասխանում է դեռեւս 2005-ի խաղաղության համաձայնագրին, որ վերջ դրեց Սուդանում քաղաքացիական պատերազմին: Ընդ որում, այս ամենում Հարավային Սուդանն ամենայն հստակությամբ վայելել ու վայելում է ԱՄՆ աջակցությունը, որի բացակայությունը, սակայն, նմանատիպ այլ հանգամանքներում կրկին հիշեցնում է գլոբալ քաղաքականության նավթահոտ ու շահամոլ «ժողովրդավարության» ստանդարտների մասին:
Դեռեւս սեպտեմբերին, երբ անգամ հստակ չէր հանրաքվեի անցկացման հավանականությունը, ԱՄՆ վարչակազմն իր եւ միջազգային հանրության անունից հավաստիացնում էր, որ հանրաքվեն անհրաժեշտություն է, իսկ Հարավային Սուդանի բնակիչների կամքը պետք է հաշվի առնվի: Ու թեեւ սուդանյան հանրաքվեն անցկացվում է երկու Սուդանների ղեկավարությունների համաձայնությամբ ու ներկայացվող համագործակցությամբ, հստակ է, որ ինքնորոշման իրավունքի իրացման այս նոր օրինակը, Կոսովոյից հետո, ցավոք, կրկին «աննախադեպ» մատուցվելու հովերն ունի:
Առավել հետաքրքրական է, որ ԱՄն նախագահն իր նախահանրաքվեային հոդվածում հստակորեն եւ հաստատակամ ընդգծում է, որ ինչպիսին էլ լինի հանրաքվեի արդյունքը` կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները, զերծ մնան իրավիճակը լարող հայտարարություններից ու գործողություններից: Ավելին, վիճելի մնացող Աբյեյ տարածաշրջանի ո՛ր հատվածում գտնվելու առնչությամբ սահմանային վեճերն էլ, ըստ Օբամայի, պետք է լուծվեն խաղաղ:
ԱՄՆ նախագահը հայտարարում է. «Բոլոր սուդանցիների, հատկապես փոքրամասնությունների` հյուսիսում հարավցիների եւ հարավում հյուսիսցիների, ապահովությունն ու քաղաքացիությունը պետք է պաշտպանված լինեն»: Եվ սա այն դեպքում, երբ նույն ղարաբաղյան հակամարտության պարագայում Ադրբեջանական ԽՍՀ կազմ մտցված Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչման նման մակարդակի չի բարձրացվում: Ավելին, ղարաբաղցիների իրավունքների պաշտպանության հարցը որեւէ կերպ չի գերակայում այն ամենում, որ կոչվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների միջնորդական առաքելություն, քանի որ էներգետիկ ռեսուրսներից կախվածությունը ժողովրդավարության «կախվածություն» է առաջացնում նույն այդ շահերից:
«Միլիոնավոր սուդանցիներ գնում են դեպի ընտրատեղամասերՙ որոշելու իրենց ճակատագիրը», եզրափակում է Բարաք Օբաման: Պարզվում է, աֆրիկյան մի պետության բնակչության` իր ճակատագիրը որոշելու իրավունքը հարգանքի է արժանացել ԱՄՆ նախագահի կողմից, երբ այլոց պարագայում, մի կողմից, «ատամներով» ամուր պահում են Վրաստանի շահերը` որպես ռուսական հակակշիռ, մյուս կողմից` «քյանդըրբազություն» անում ղարաբաղյան հարցում: