«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2011-01-11 | #2, 2011-01-12 | #3, 2011-01-13


ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հարյուրտասնմեկերորդ Կոնգրեսի վերջին օրերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձեւի անցկացման ակնկալիքները շատ բարձր էին: Այդ պատճառով էլ դրա ձախողումը նույնքան հախուռն հիասթափություն պատճառեց ամերիկահայ համայնքների լայն զանգվածներին:

Անշուշտ, «լայն զանգվածներ» հասկացությունը կարիք ունի ճշգրտման, քանի որ մեր համայնքներում ապրող անհատների մեծամասնությունն անտարբեր է անցուդարձերի նկատմամբ, եւ ոչ մի հարց չի կարող զորաշարժի ենթարկել նրան:

Մեր խնդիրն այն է, որ մեր հայկական համայնքը շատ է երկփեղկված, որպեսզի կարողանա մեկ միասնական ձայնով արտահայտվել որեւէ երեւույթի մասին: Ամեն անգամ, երբ մի բանաձեւ է ներկայացվում համապատասխան հանձնաժողովի, միեւնույն մարդիկ են ոգեւորվում, աշխուժանում, մինչդեռ մեծամասնությունը լուռ ու անտարբեր է մնում: Մեր թշնամիները կամ շահագրգիռ կողմերը մեզանից ավելի լավ կարող են հաշվարկել մեր քվեների քանակը: Մեր կառավարության օրենսդիր եւ գործադիր մարմինները շատ ավելի մեծ ուշադրություն կդարձնեն մեր կենսական խնդիրներին, եթե մենք կարողանայինք քաղաքականացնել մեր հասարակության ավելի լայն զանգվածներին, եւ եթե իրենք էլ իրենց հերթին կարողանային ընտրությունների ժամանակ ավելի մեծ գումարներ հատկացնել ու ավելի շատ քվեներ ապահովել:

Մենք երկու գլխավոր քարոզչական խմբավորումներ ունենք, որոնք հասարակությանը իրազեկում են այս կամ այն խնդրի կամ իրավունքի մասին: Այդ խմբավորումներն են Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) եւ ՀՅԴ-ի Հայկական ազգային կոմիտեն (ՀԱԿ): Նրանց պետք է ավելացնենք նաեւ որոշ անհատների անձնական ջանքերը:

Այս անգամ ՀԱԿ-ը հրաշալի աշխատեց հասարակության լայն խավերին զորաշարժելու գործում եւ գուցե դրա համար էլ հասարակության հուսախաբությունը եւ իրավացի բարկությունը արտահայտելու հարցում ավելի ակտիվ գտնվեց: Սակայն չհիմնավորված կամ ապակողմնորոշող բարկությունը ճիշտ քաղաքականություն չէ: Բանաձեւի տապալումից հետո երկու խմբավորումներն էլ (ՀՀ-ն եւ ՀԱԿ-ը) հրապարակեցին իրենց պաշտոնական հայտարարությունները իշխանությունների «խոհանոցում» կատարված անցուդարձի վերաբերյալ: Շատերը զարմացած էին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի հասցեին արված Հայկական համագումարի գնահատանքի խոսքերից: ՀԱԿ-ը հայտարարության մեջ իր բարկությունն էր արտահայտել նրա հանդեպՙ կողմնակիորեն քննադատելով նաեւ համագումարի դիրքորոշումը: Կարելի է պատկերացնել Ահմեդ Դավութօղլուի քմծիծաղն ի տես երկու քարոզչական խմբավորումների տարաձայնությունների:

Ամենավատ սցենարը քարոզչական ճակատում նման երկփեղկվածություն ցույց տալն է ոչ միայն Թուրքիային, այլեւ Կոնգրեսի մեր ընկերներին եւ հակառակորդներին: Մենք պետք է գիտակցենք, որ մեր պարտությունը այս երկրում մեր քաղաքական իշխանության գոյության (կամ չգոյության) մասին է խոսում: Սա պետք է ամրագրվի մեր հայտարարություններում եւ մեր քաղաքական ծրագրերում: Մի անգամ եւս ռազմարդյունաբերական համալիրը եւ Թուրքիայի կարգավիճակըՙ որպես տարածաշրջանային իշխանություն, ավելի հզոր գտնվեցին, քան 1,5 միլիոն անմեղ հայերի արյունը, կորսված հայրենիքն ու մարդու իրավունքների վերաբերյալ հնչող հռետորական արտահայտությունները: Մենք նաեւ ցավոք գիտակցեցինք, որ այս երկիրը համարյա «ինքնակառավարման» համակարգով է աշխատում, ստեղծված շահի եւ Բուշ-Չեյնի աշխարհաընկալման սկզբունքների վրա, մինչդեռ Բարաք Օբամայի մարդկայնություն ներշնչող դեմքը ծառայում է սոսկ որպես քողՙ հիշեցնելու համար երկրի հիմնադիր հայրերի փայփայած արժեքները: Գուանտանամոն, այդ դեռեւս «բաց վերքը», ցայտուն օրինակ է եւ խորհրդանշան այդ երեւույթի:

Հայերս, անտարակույս, անվեհեր պայքար մղեցինք եւ եթե կարողանայինք նաեւ միաձայն ու միակամ գործել, անշուշտ ավելի լավ օրենսդրական հաղթանակ կկարողանայինք տոնել:

Թուրքիան իր սուր ատամները դարձյալ ի ցույց հանեցՙ շանտաժելով եւ սպառնալով ջնջել ռազմական հսկայական պայմանագրեր: Վերջում պյուրոսյան հաղթանակ արձանագրվեց երկու կողմերի համար էլ: Բանաձեւը քվեարկության չդրվեց: Եթե դրվեր ու չանցներ, թուրքերը կստանային այն, ինչ ցանկանում էին: Իսկ հայերը պարզերես դուրս եկան եւ հնարավորություն ստացան շարունակելու պայքարը: Բանաձեւի տապալման պարագայում այդ հնարավորությունը զգալիորեն նվազելու էր:

Ներկա դրությամբ մենք կիսով չափ ենք պարտված եւ դիմագրավում ենք հսկայական մի մարտահրավեր: Բայց փոխանակ մեր ներուժը ի մի բերելու, համախմբվելու, մենք զբաղվում ենք միմյանց կշտամբելու եւ մեղադրելու «խաղերով», որը ոչ մի հեռանկար չի կարող ունենալ:

ՀԱԿ-ի հայտարարությամբ խոսնակ Փելոսին ե՛ւ հնարավորություն, ե՛ւ իշխանություն ուներՙ քվեարկության դնելու բանաձեւը, բայց արդյոք նա վստա՞հ էր, որ անհրաժեշտ ձայների քանակով հաղթանակ կգրանցեր:

Մեկնաբաններից Հակոբ Չաքրյանը, թուրքական հարցերում հարգարժան մի հեղինակություն, Երեւանում հրատարակվող «Ազգ» օրաթերթում գուցե ամենաճիշտ բացատրությունն է տալիս այդ հարցին, եւ թվում է, թե նա ավելի լավ է հասկանում այն, ինչ կատարվում է Վաշինգտոնում, քան այստեղ ապրող որեւէ այլ մեկնաբան: Նա գրում է. «Հիրավի տիկին Փելոսին մեկ առ մեկ հեռաձայնել է դեմոկրատ կոնգրեսականներին, որ կարողանա քվեարկության դնել բանաձեւը եւ դնելու դեպքում ապահովել քվեարկության հաջողությունը»: Այնպես որ պարզ էՙ բավականաչափ ձայներ չի ապահովել, եւ բանաձեւի անցկացումը հարցականի տակ է եղել:

Չաքրյանն այնուհետեւ գրում է. «Նախընտրելի է, որ Հայոց ցեղասպանության բանաձեւն առանց դրական արդյունքների մասին նախապես վստահ լինելու քվեարկության չդրվի, քան քվեարկությամբ մերժվի, որովհետեւ մերժվելու դեպքում անտեղի կչարչրկվի: Ավելին, դրանով բանաձեւի հակառակորդները կստանան դա Ներկայացուցիչների պալատի օրակարգից առհասարակ դուրս մղելու հնարավորություն, այսպիսով թուրքերի զգուշավոր գոհունակությունը կվերածվի լիարժեք ոգեւորության»:

Արտգործնախարար Դավութօղլուն նշել է, որ բանաձեւը դամոկլյան սուրի նման կախված է Թուրքիայի գլխին: Դե, անշուշտ, ամբողջ մի ազգի ոչնչացնելն ու նրա պատմական հայրենիքի բռնազավթումը պետք է որ ավելի ծանր կշռի, քան այդ սուրը:

Չաքրյանը նաեւ մեջբերում է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանի խոսքերը, որ «բանաձեւի քվեարկության չդրվելը չի նշանակում, որ սպառվել են դրա կանխարգելմանն ուղղված աշխատանքները»:

Մեր մյուս հմուտ սյունակագիրըՙ Հարութ Սասունյանը, որը ՀԱԿ-ի հետ համամիտ էր, առանձնացրել է մի շարք հետագա մարտահրավերներ եւ առաջարկել կոնկրետ քայլերՙ դրությունը շտկելու համար: Բայց նրա «Ամերիկահայ կազմակերպությունները ՀԱԿ-ի առաջնահերթությամբ այժմ պետք է մարտավարական, ոչ զգացմունքային դիրքերից գնահատեն իրենց հետագա քայլերը» արտահայտությունը չի արտացոլում նրա նախկինում բռնած դիրքորոշումըՙ ավելի միասնական գործողություններ մղելու անհրաժեշտության վերաբերյալ: Նա չպետք է առանձնացներ ՀԱԿ-ը, այլ կոչ աներ բոլորին համախմբվելու:

Ավելին, հակառակ գովասանքի արժանի աշխատանքին, որ ՀԱԿ-ը տարել է, նրա քննադատական խոսքերը Փելոսիի հասցեին ավելորդ էին, այն առումով, որ «այրում են բոլոր հետադարձի ճանապարհները», երբ մենք դեռ նրա կարիքը կզգանք հետագայում:

Ուզենք թե չուզենք, ՀԱԿ-ը ճանաչված է որպես արմատական մի կազմակերպություն իշխանությունների կողմից եւ երբ երկիրը դեպի աջ է թեքվում, խելամիտ չէ մեր բոլոր քաղաքական ուժերը նրա դրոշի տակ համախմբել: Ոչ էլ կուսակցական որեւէ օրակարգ առաջ տանել:

Հարկային եւ այլ օրենքների կոմպրոմիսային մոտեցումնեը նախագահ Օբամայի նախընտրական խոստումները վերածել են վանկախաղերի: Այն փաստը, որ ցեղասպանության բանաձեւի անցկացման ամբողջ պայքարի ընթացքում Սպիտակ տունը խաղաղ էր, չի նշանակում, որ նախագահ Օբաման պատշաճը չի հատուցել վարչապետ Էրդողանին: Հայերը քաջաբար եւ համառորեն պայքարեցին: Դրա համար էլ արդյունքը այդքան հուսախաբեցնող ու դառն է: Բայց այդ դառնությունը չպետք է թունավորի միջհայկական հարաբերությունները:

Բարկությամբ եւ մեղադրանքներով քաղաքականություն հնարավոր չէ վարել: Միայն համախմբվելու դեպքում մենք կկարողանանք սիզիփոսյան մեր պայքարը առաջ տանել եւ լույսը տեսնել թունելի վերջում:

Բանաձեւի հովանավոր Ադամ Շիֆը նշել է առաջիկայում բանաձեւը վերստին ներկայացնելու իր մտադրության մասին: Դա մեր հաջորդ հնարավորությունն է: Եվ մենք պարտավոր ենք մեր շարքերը համախմբել եւ մեր ներուժը միասնաբար օգտագործել:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4