«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2011-01-11 | #2, 2011-01-12 | #3, 2011-01-13


ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Երեկ կայացած մամուլի ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ամփոփեց ԱԱԽ-ի 2010-ի գործունեությունը:

Անցյալ տարի գումարված 6 նիստերի ընթացքում մասնավորապես քննարկվել եւ հավանության են արժանացել «ՀՀ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի 2011-15 թթ. զարգացման պետական ծրագիրը», «Սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը», «Հայաստանի սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը» եւ «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-11-ին բարեփոխումների համալիր ծրագիրը»: Բաղդասարյանը ընդգծեց, որ խորհրդի նիստերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկրում զորակոչի նախապատրաստման, կազմակերպման եւ անցկացման հարցերին: «Որոշվել է ստեղծել քաղաքացիների հաշվառման եւ զորակոչիկների կցագրման միասնական համակարգ` ապահովելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ զինկոմիսարիատների միջեւ հնարավորինս համակարգված փոխգործակցությունը», նշեց Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարը անդրադարձավ նաեւ 2008-10-ին ստեղծված միջգերատեսչական 6 հանձնաժողովներին. դրանք են` ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, ՀՀ տեղեկատվական անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով, Հավաքական անվտանգության պայմանագրի` ՀԱՊԿ-ի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով եւ ՀՀ-ում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով:

Խոսելով հանձնաժողովների գործունեության մասին` Բաղդասարյանը նշեց, որ, օրինակ, տեղեկատվական անվտանգության հանձնաժողովի շրջանակներում մշակվել են տեղեկատվական քաղաքականության եւ անվտանգության ապահովմանն ուղղված օրենսդրական փաթեթներ, կարգավորվել են պետական կառավարման մարմինների ինտերնետային կայքերի անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրները: «Հանձնաժողովի շրջանակում ձեւավորվել է ցանցային պատրաստվածության, ինտերնետ տարածվածության եւ տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ մոնիթորինգի իրականացման աշխատաքային խումբ, որն իր հերթին ՀՀ նախագահի հաստատմանն է ներկայացրել մոնիթորինգի իրականացման մոդելն ու չափորոշիչները», ասաց Բաղդասարյանը:

ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող հանձնաժողովի նիստերում առանձնակի կարեւորվել են ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարցերը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Բաղդասարյանը ընդգծեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործման ուղղությամբ շարունակվում են թե՛ ՀՀ եւ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանն ուղղված խորհրդակցությունները, թե՛ ՌԴ-ի եւ Բելառուսի համապատասխան կառույցների հետ համատեղ տարվող աշխատանքները: «Մոսկվայում անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին կայացած ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանում վավերացվեց 34 փաստաթուղթ` տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես ՀԱՊԿ կանոնադրության մեջ կատարվեցին համապատասխան փոփոխություններ, որոնք կհեշտացնեն անդամ երկրների կողմից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը արտոնյալ պայմաններում: ՀԱՊԿ կանոնադրությունը արձանագրեց, որ անդամ որեւէ երկրի դեմ ռազմական սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն տվյալ երկրին», ընդգծեց Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ այս տարի Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ, քանի որ ՀՀ-ն այդ ստորաբաժանումների ստեղծման նախաձեռնողներից ու ակտիվ մասնակիցներից է:

ԱԱԽ քարտուղարը նկատեց նաեւ, որ անցած տարում նոր որակի է հասցվել ՀՀ-ԵՄ համագործակցությունը: Առկա խնդիրների լուծումն իրականացնելու համար նախանշվել են մի շարք ուղղություններ` քաղաքական, իրավական, ենթակառուցվածքային, հումանիտար, առողջապահական, սոցիալական, ֆինանսական եւ այլն: 2010-ին 197 գերակա խնդիրներից իրականացվել է 80-ը, մասնավորապես` «ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը», «ՀՀ-ում անօթեւան միայնակ տարեցների եւ բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման», «Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման» եւ այլ հայեցակարգերը: «Հայաստանն արդեն «Եկամուտների եւ գույքի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրեր է կնքել ԵՄ անդամ 27 երկրներից 17-ի հետ: Շարունակվում են աշխատանքները` ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման ուղղությամբ: Այս ուղղությամբ համապատասխան համաձայնագրեր են կնքվել ԵՄ անամ 10 երկրների հետ` Կիպրոս, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Սլովակիա, Խորվաթիա, Ռումինիա, Լատվիա, Լիտվա եւ Ֆրանսիա», ասաց Բաղդասարյանը: Իսկ Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացված ծրագրերից Բաղդասարյանը կարեւորեց Հայաստանում բացված դիվանագիտական ակադեմիան, եւ նշեց, որ նույն` ԵՄ օժանդակությամբ այս տարի մեր երկրում կբացվի նաեւ արդարադատության ակադեմիա:

Ինչ վերաբերում է Հայաստան-ՆԱՏՕ գործակցությանը, ապա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այն ընդգրկում է 42 միջոցառում, որոնք ներառում են քաղաքականության եւ անվտանգության, պաշտպանական անվտանգության եւ ռազմական խնդիրների, հասարակության իրազեկման, գիտության, բնապահպանության եւ քաղաքացիական ճգնաժամների պլանավորման, տեղեկատվական անվտանգության ոլորտները: Մասնավորապես` «Քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգը» ներկայացվել է կառավարության հաստատմանը:

Վերջում Բաղդասարյանը նշեց նաեւ, որ ՀՀ ԱԱԽ-ն անցած տարում լուրջ աշխատանքներ է տարել տարբեր երկրների անվտանգության խորհուրդների, դրանց համապատասխան կառույցների հետ. «Մասնավորապես ակտիվորեն համագործակցում ենք ՌԴ-ի եւ Բելառուսի հետ` ռազմարդյուանբերության ոլորտում, լեհական կողմի հետ մեր պայմանավորվածությունների արդյունքում լուծման փուլում է Հայաստանի թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծման հարցը եւ այլն», նշեց Բաղդասարյանը:

Ընդհանուր առմամբ` 2010-ին ՀՀ ԱԱԽ աշխատակազմը ստացել է 2283 գրություն, կարծիք է տրվել կառավարության 57 որոշումների նախագծերի, ՀՀ օրենքների 26 նախագծերի, փոխըմբռնման 11 հուշագրերի եւ համաձայնագրերի, 8 հայեցակարգերի նախագծերի վերաբերյալ, քննարկել եւ համապատասխան լուծումներ են տրվել Հայաստանի քաղաքացիների 309 դիմումների:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4