Եվ հատկացնում է 25 մլն դոլարի նոր վարկ
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ժան-Միշել Հապին երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նախօրեին Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի կողմից Հայաստանին հատկացված 25 մլն դոլար վարկի պայմաններն ու նպատակները: Նա հայտնեց, որ Զարգացման քաղաքականության գործառնություն կոչվող ծրագրի շրջանակներում սա երկրորդ վարկն է, իսկ առաջինը տրամադրվել էր 2009-ի հուլիսին 60 մլն դոլարի չափով: Այս վարկի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը, որպեսզի շարունակի իրականացնել սոցիալապես անապահով խավերի ծախսերը, բարձրացնել այդ ծախսերի հասցեականությունը, մի շարք աղքատ համայնքներում նախադպրոցական ուսուցման մատչելիությունը, ինչպես նաեւ աջակցել Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը եւ մրցակցային միջավայրի բարելավմանը:
Խոսելով Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման մասին, Ժան-Միշել Հապին հայտնեց, որ մշակվելու են գյուղական համայնքներում գյուղատնտեսության զարգացման եւ էներգախնայողության ծրագրեր: Ըստ ՀԲ-ի ներկայացուցչի, էներգախնայողության շնորհիվ Հայաստանը տարեկան 366 մլն դրամ խնայողություն կունենա: Կարեւորվեց ՀԲ ջանքերով մշակված «Ընդերքի մասին» նոր օրենքի իրագործումը: Հանքարդյունաբերության ոլորտում, ՀԲ մասնագետների հավաստմամբ, շատ մեղմ հարկային դաշտ է գործում, որը պետությանը չի բերում համարժեք եկամուտներ: Անհրաժեշտություն կար հարկային բեռը ավելացնել, որպեսզի պետությունը ստանա լրացուցիչ եկամուտներՙ մետաղների միջազգային գների բարձրացմանը համարժեք: Միաժամանակ կհստակեցվի լիցենզավորման կարգըՙ ներդնողների համար այս ոլորտն առավել գրավիչ դարձնելու համար:
«Հայաստանի 2011-ի մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ ի՞նչ կանխատեսումներ ունի Համաշխարհային բանկը» հարցին պատասխանելովՙ Ժան-Միշել Հապին նախ փաստեց, որ 2009-ի ճգնաժամից հետո 2010-ին Հայաստանի տնտեսությունը փոքր չափով վերականգնվեցՙ արձանագրելով 2,4 տոկոս աճ, այնուհետեւ հույս հայտնեց, որ այս տարի, տնտեսական բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման եւ բարենպաստ եղանակի դեպքում Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4-5 տոկոս: Միաժամանակ, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարի կարծիքով, Հայաստանի տնտեսությունը դեռ շատ փխրուն է եւ ունի խոցելի կողմեր:
Խոսելով գնաճի ցուցանիշի մասինՙ Ժան-Միշել Հապին ասաց, որ 2010-ի բարձր գնաճը պայմանավորված էր արտաքին գնաճային ճնշումներով, անբարենպաստ եղանակային պայմանններով եւ Հայաստանի տնտեսության կառուցվածքով: Նրա կարծիքովՙ այս տարի միջին տարեկան գնաճը Հայաստանում նույնպես կկազմի 4-5 տոկոս: Ամեն դեպքում, ՀԲ ներկայացուցչի խոսքերով, այս մարտահրավերներին դիմագրավելու լավագույն գրավականը երկրի տնտեսության մրցունակությունն ու արտադրողականությունը բարձրացնելն է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ