Երբ քաղաքական գործիչները սկսում են խոսել երկրի խնդիրների մասին, անպայման շեշտում են, որ հասարակության մեջ կա անտարբերություն, չի ձեւավորվում քաղաքացիական հասարակություն, եւ օրենքներ են խախտվում, ապօրինի հողահատկացումներ կատարվում, ծառեր հատվում եւ այլն: Ընտրությունների ժամանակ առաջադրված յուրաքանչյուր թեկնածու իր պարտքն է համարում ընտրվելու դեպքում նպաստել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, ավելին, լսել ու հաշվի առնել նրա տեսակետը: «Ես ժողովրդի թեկնածու եմ», «Ես բոլորի նախագահն եմ», «Ես երեւանցու քաղաքապետն են» արտահայտությունները գրոշի արժեք են ստանում, երբ արդեն աթոռին թիկն տված պաշտոնյան օրենքներ է խախտում ու հայտարարում քաղաքացիական հասարակության բացակայության մասին:
Անցյալ տարին նշանավորվեց նաեւ նրանով, որ հասարակական որոշ շերտեր իրավացիորեն ցույց տվեցին անհամաձայնություն ու պայքարեցին երկրում արդարության հասնելու համար: Պայքարեցին, սակայն ապարդյուն: Ստորագրահավաքները, դատական գործընթացները, երթերն ու բողոքի ակցիաները, օրենքն ու մարդու իրավունքները ոտնահարող բազմաթիվ փաստեր այդպես էլ չունեցան այն ուժը, որ պաշտոնյան լսեր իր ղեկավարած երկրի քաղաքացու ձայնն ու օրենքը չխախտեր:
Ավելի քան 20.000 մարդ մասնակցեց «Ուսանողական այգու» պահպանման համար նախատեսված ստորագրահավաքին, Գիտությունների ազգային ակադեմիայի մի քանի տասնյակ գիտնականներ նամակով դիմեցին նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին` պահանջելով մայրաքաղաքի կենտրոնում եզակի մնացած այգիներից մեկը չդարձնել հերթական էլիտար սրճարան: Նմանատիպ պահանջով ներկայացավ նաեւ Բյուրականի աստղադիտարանի աշխատակազմը` պահանջելով փոքր աստղադիտարանի շրջակայքը չդարձնել հարբեցողության ու «տաշի-տմբլի» վայր: Սակայն երեւանցու համար կյանք ու հոգի տվող քաղաքապետը, բնություն սիրող բնպահպանության նախարարը, վարչապետն ու նախագահը այդպես էլ ոչինչ չձեռնարկեցին. այժմ նախկին այգու ընդարձակ որոշ տարածքներից գրեթե ոչինչ չի մնացել, ծառերին էլ եկել են փոխարինելու «էլիտար» բետոնապատ սրճարանների շինությունները:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները մի քանի ամիս շարունակ պայքարում էին, որ լեզվի ու հանրակրթության օրենքներում փոփոխությունների նախագիծը խորհրդարանը չհաստատի: Որ օրենքների նախագծերում առաջարկվող փոփոխությունները հաստատուն հիմք կստեղծեն երկրում օտարալեզու դպրոցների վերաբացման համար, չի բացառում անգամ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Բազմաթիվ գիտնականներ, մտավորականներ, երգիչներ, դերասաններ, քաղաքական գործիչներ դեմ էին օրենքներում փոփոխություններին: Դեմ էր նաեւ հասարակությունը, որ պիկետներ ու բողոքի ակցիաներ էր կազմակերպում` պահանջելով ԱԺ պատգամավորներից դեմ քվեարկել օրինագծին:
Շատերը` լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանի օրինակով, հրաժարվում էին խոսել օտարալեզու դպրոցների մասին: Հասարակության կարծիքն արտահայտող Հանրային խորհրդի անդամներն ու նախագահ Վազգեն Մանուկյանն էլ քննադատեցին օրինագծերը: Ընդհանուր առմամբ, բացի Արմեն Աշոտյանից եւ վարչապետ Տիգրան Սարգսյանից, կարծես որեւէ մեկը կողմ չէր օտարալեզու դպրոցների բացմանը, սակայն հասարակության բացասական վերաբերմունքը, բազմաթիվ պիկետներն ու բողոքի ակցիաներին որեւէ մեկը նշանակություն չտվեց ու լեզվի եւ հանրակրթության օրենքներում փոփոխությունների նախագիծը խորհրդարանը հաստատեց:
Սարկավագի 72 շենքի բնակիչները փաստաթղթերի հսկայական փաթեթ են ներկայացնում` ապացուցելով, որ քաղաքապետարանն ապօրինի հողահատկացում է կատարել: Շենքի դիմացի 350 քմ տարածք կազմող այգու շուրջ 200 պտղատու ծառ եւ մոշի թփեր հատվեցին: Բնակիչները դիմեցին նախագահին, վարչապետին, քաղաքապետին, ԱԺ նախագահին, սակայն ապարդյուն.
Մարտունու շրջանի 7 համայնքի ավելի քան 35.000 բնակիչ արդեն 8 ամիս պայքարում են, որ Արգիճ գետի մոտ կառուցված ապօրինի ՀԷԿ-ը ապամոնտաժվի: Կառույցի նպատակն էր գետի Գայլաձոր վտակի հունը փոխել Վայոց ձոր` 35.000 բնակչի թողնելով առանց ոռոգման ջրի: Թեպետ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը կառույցը ճանաչել է ապօրինի, սակայն դեռեւս չի ապամոնտաժվել. ամենայն հավանականությամբ ՀԷԿ-ի սեփականատերերն ու համապատասխան գերատեսչության անդամները հարմար առիթի են սպասումՙ կիսատ թողածը շարունակելու համար:
Փաստաթղթերի մի հսկայական փաթեթ ունեն նաեւ Քանաքեռ ՀԷԿ-ի հարեւանությամբ` Ղափանցյան փողոցի բնակիչները: 35-ամյա եղեւնիների պուրակը քաղաքապետարանը թյուրիմացաբար է սեփականաշնորհել ու վաճառել: Երբ շենքի մի քանի հարյուր բնակիչ բողոքել են ու դիմել, որ օրենքը ինչպես քաղաքապետարանում են ասում, թյուրիմացաբար վերականգնվի, քաղաքապետարանից մերժել են: Պարզվել է, որ այս մարմնում օրենքները թյուրիմացաբար միայն խախտվում են: 2008-ից բնակիչները դատական ամենատարբեր ատյաններում պայքարում են այգու պահպանման համար, բայց դատավորներն էլ չեն զարմանում թյուրիմացաբար խախտված օրենքների վերաբերյալ ու մերժում հայցը:
Փաստորեն մի խոսափողով պաշտոնյաները բարձրաձայնում են քաղաքացիական հասարակության անհրաժեշտության մասին, սակայն հաջորդ վայրկյանին խեղդում այդ հասարակության ծիլերն ու շարունակում:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Փաստորեն միակ կառույցը, որ հարգեց 20.000 բնակչի, ճարտարապետների ու մտավորականների կարծիքն ու չքանդեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը` տեղում Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցելու համար, դեռեւս Մայր աթոռն է: