«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2011-01-12 | #3, 2011-01-13 | #4, 2011-01-14


ՀԻՄԱ ԿԱՐԵՎՈՐԸ ՉԽԱՆԳԱՐԵԼՆ Է

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ամենայն հավանականությամբ եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարած կարծիքով, կհանդիպեն հունվարին` շարունակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները:

Թերեւս այս հանդիպումն էլ նախագահական եռակողմ հերթական հանդիպում նախապաստրատելու մտադրության մեջ կարող է տեղավորվել, ինչպես ներկայացրել է Լավրովը, չնայած չպետք է մոռանալ, որ վերջին նախատեսված նման հանդիպումն այդպես էլ իրականություն չդարձավ անցյալ տարեվերջին` Աստանայում, երբ հնգակողմ հայտարարությունը ստորագրած Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերը նախընտրեց վերջին շրջանում իր վարքագիծը բնորոշ միակ քայլը` փախուստը:

Անցյալ տարին ամփոփող ՌԴ արտգործնախարարության ղեկավարն ասուլիսում բացատրել է, թե արտգործնախարարների այդ շփումներով փորձ է արվում անդրադառնալու այն «2-3» հարցերին, որոնք, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, «թեեւ աննշան են արդեն համաձայնեցված մյուս հարցերի համեմատությամբ, բայց ավելի բարդ են»: Ընդ որում, Ռուսաստանի այդ ջանքերը համատեղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ:

Այդուհանդերձ, ըստ Լավրովի, բացի համանախագահական ջանքերից` Ռուսաստանը, ի դեմս նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ջանում է օգտագործել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները` առավել խթանելու կարգավորման գործընթացը, իհարկեՙ այդ ամենը համաձայնեցված համանախագահող Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ:

«Կարգավորման ներկա փուլում կարեւորը չխանգարելն է», նշել է Լավրովը` անդրադառնալով այլ ատյաններում ղարաբաղյան հարցը քննարկման առարկա դարձնելու փորձերին. որպիսիք նախաձեռնում է միայն Ադրբեջանը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4