«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2011-01-12 | #3, 2011-01-13 | #4, 2011-01-14


ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱԵՍՏՐՈ ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻՆ

Օհան Դուրյանի մասին խոսք ասելը հեշտ չէ:

Նրա մասին ասված խոսքը միշտ էլ թերի կլինի իր մեծության, բացառիկության, անկրկնելիության հետ համեմատած: Նրա կենսագրությունը եւ անցած ստեղծագործական ուղին չափազանց հարուստ է եւ նրա մասին ասելիքը առատ, բայց խոսքս պետք է աշխատեմ ներկայացնել հնարավորինս սեղմ եւ համառոտ:

Համայն աշխարհին պատկանող էակ էր Օհան Դուրյանըՙ մանկան նման մաքուր եւ անխարդախ: Ապրում էր իր ենթագիտակցության օրենքներով, անհաղորդ էր փառքի գայթակղությանը, փառքն էր իրեն որոնում-գտնում: Վերանձնական ապրում էր երաժշտության աշխարհում եւ ինքըՙ համակ երաժշտություն էր: Տարիներ առաջ բախտ եմ ունեցել համագործակցել մաեստրոի հետ, կատարելով Վերդիի «Ռեքվիեմ»-ի սոպրանոյի սոլոն, եւ երգել իր հեղինակած ռոմանսներըՙ իր նվագակցությամբ: Նրա արվեստի, նրա մեծության նկատմամբ ունեցած պաշտամունքս ու տարիների անձնական մտերմությունը շարունակվում էր մինչեւ վերջերս: Ինձ համար ահավոր է նույնիսկ մտածելը, որ մաեստրոն մեկնեց անվերադարձ:

Մեծ մարդկանց մասին շատ եմ կարդացել, մեր ազգի մեծերից որոշների հետ էլ մարդկային հաղորդակցություն-մտերմություն եմ ունեցել: Նրանք երբեմն նույնանում են իրենց վարքագծով, իրենց մտածելակերպով, առօրյա կյանքի անօգնականությամբ, բացառիկ ազնվությամբ, կամակորությամբ: Անզարդ են, աննախապաշար, հավատարիմ են իրենց սկզբունքներին, մշտապես ապավինում են իրենց ներքին ձայնին: Իսկ Դուրյան փոքրամարմին «Հսկան»ՙ արվեստի մեծ նվիրյալը, բնության մի բացառիկ պարգեւ էր մարդկությանը: Այնքան մաքուր էր, այնքան ազնիվ, այնքան անաչառ, այնքան մարդասեր, որ իր իսկ էությամբ արդեն դարձել էր լույսի աղբյուր: Բայց արվեստի հարցերում չափազանց անհանդուրժող, անզիջող էրՙ մանավանդ միջակությունների հանդեպ: Նրա համար արվեստի միջին վիճակը բացառյալ էր, փայլեցրած արհեստ: «Իրական արվեստագետի նպատակըՙ կատարյալի ձգտումն է: Թեւածումների համար ծնվածը պետք է թռիչքի պաշտամունք ունենա», -ասում էր նա: Նրա համար արվեստի միակ բարձրագույն աստիճանն էր արվեստը: «Ինձ համար չափանիշ են հանդիսացել դիրիժորներՙ Ֆուրտվենգլերը, Տոսկանինին, Ֆոն Կարայանը, բայց իմ ամենամեծ ուսուցիչըՙ նորին մեծություն երաժշտությունն է», -ասում էր նա: Երբ մաեստրո Դուրյանն էր բեմի վրա, ուրեմն վայելքի տոն էր ե՛ւ համերգասրահում ե՛ւ ունկնդրի հոգում: Որեւէ գործի կատարման պահին, նվագախմբի երաժիշտներին ներշնչելով իր մոգականությամբՙ անանձնացած, ոգեղենացած իր հնչյուն-հրաշքի աշխարհն էր տեղափոխում ունկնդրին: Դրա համար էլ երաժշտությամբ ներշնչված հանդիսականը դժվարությամբ էր բաժանվում նրանից, սրահը ողողելով բրավոներով ու երկարատեւ ծափողջույններով: «Դիրիժորի իմ արվեստը սիրում եմ անսահմանորեն, եւ այն միշտ վեր եմ դասել երկրային, մարդկային բոլոր հաճույքներից», -ասում էր նա: Աշխատել էր աշխարհի տարբեր երկրներում, երկար տարիներ եղել էր Լայպցիգի «Գեւանդհաուզ» հանրահայտ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Ավինյոնի, Մարսելի օպերաներում, որպես երաժշտական գլխավոր ղեկավար, Ավստրիայի Բադեն քաղաքումՙ ռադիո-հեռուստատեսության նվագախմբի գլխավոր դիրիժոր: Որպես հրավիրյալ նվագավար աշխատել էր Լայպցիգի «Կոմիշե» օպերային թատրոնում, Հռոմի «Օրկեստրա դե լա Ակադեմիա», Վիեննայի «Տոնկյուստլեր», Փարիզի «Կոլոն», «Լա Մուռո», «Նասիոնալ իլ դը Ֆրանս», «Նուվել օրկեստր Ֆիլարմոնիկ» նվագախմբերում: Համերգներով հանդես էր եկելՙ Շվեցարիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայուն, Նորվեգիայում, Հռոմում, Վիեննայում, Դրեզդենում, Բելգիայում, Ամստերդամում, Միլանում, Բելգրադում, Սոֆիայում, ԱՄՆ-ում, Քեյփթաունում, Մոսկվայում, Պետերբուրգում, Ռիգայում, Վիլնյուսում, Կիեւում, Մինսկում...Այսպես կարելի է շարունակել շարքը, որովհետեւ իր երկարամյա գործունեության ընթացքում մաեստրոն համագործակցել էր աշխարհի հարյուրից ավել տարբեր նվագախմբերի հետ, եւ բոլոր նվագախմբերի հետ խոսում էր իրենց լեզուներով: Նա տիրապետում էր յոթը օտար լեզուների: «Նվագախումբը ինձ համար հսկա մի երգեհոն է, որով հնչեցնում եմ մարդկային հոգու եւ խղճի մեղեդիացված համանվագը»,- ասում էր նա: Ֆրանսիական կառավարությունը Օհան Դուրյանինՙ Ֆրանսիայի արվեստում իր ծառայությունների համար արժանացրել է «Ֆրանսիայի արվեստի եւ գրականության ասպետ»-ի կոչման: Միջազգային International Star Registry կոմիտեն տիեզերական համաստեղության աստղերից մեկը վերանվանել է Օհան Դուրյանի անունով: Հայաստանում արժանացել է պետական մրցանակների, Ժողովրդական արտիստի կոչման եւ բազմաթիվ այլ պետական գնահատանքների ու մեդալների: Օհան Դուրյանի հավատամքը երաժշտությունն էր, երաժշտության հրաշագործ աշխարհը նա մտնում էր ուխտավորի երկյուղածությամբ: «Բեմը ինձ համար սրբավայր է, վերացման վայր: Հանդիսասրահից բարձրանում, թափանցում եմ երգահանի հոգու եւ ասելիքի մեջ, աշխատում եմ որքան հնարավոր է մտնել հեղինակի ոգեղենացած աշխարհը եւ աներեւույթ կամուրջ դառնալ հեղինակի եւ ունկնդրի միջեւ»: Նա ուներ հանճարին հատուկ մի կարողություն եւսՙ «բացառիկ հիշողություն», դրան գումարած գերմարդկային աշխատասիրություն: Ահռելի երգացանկՙ օպերաներ, սիմֆոնիաներ, օրատորիաներ, ռեքվիեմներ, կոնցերտներ, Բեթհովենի իննը, Բրուքների տասը սիմֆոնիաները, Վերդիի, Մոցարտի, Ֆորեի ռեքվիեմները, Բեթհովենի «Էգմոնտ» ուվերտյուրը, Ռախմանինովի, Մոցարտի կոնցերտները, Մալերի, Բրամսի, Սեն Սանսի, Դեբյուսիի, Հենդելի, Ռավելի, Դվորժակի, Հայդնի, Չայկովսկու, Շոստակովիչի, Բորոդինի, Խաչատրյանի սիմֆոնիաները: Վերդիի «Աիդա», «Դոն Կարլոս» , «Տրավիատա», Վագների «Լոենգրին», Բորոդինի «Իշխան Իգոր» օպերաները, մեր ազգային օպերաներից «Անուշ»-ը, «Ալմաստ»-ը, «Արշակ երկրորդ»-ը, հայ ժամանակակից երգահանների սիմֆոնիաները...Հայ երգահաններից որոշներին էլ օգնել է սիմֆոնիա գրել: Մի անվերջանալի երգացանկ, աշխարհի երաժշտական գանձարանից գրեթե ամեն ինչ, եւ այդ ահռելի երգացանկի մի մեծ մասը ղեկավարում էր փակ պարտիտուրով, երաժշտությունը պահելով հիշողության եւ իր էության մեջ. անշարժ կանգնած նվագավարի հարթակին, առանց դիրիժորական փայտիկիՙ իր գեղեցիկ «խոսող» ձեռքերով երաժշտություն էր արարում:

Ծնվել է Երուսաղեմում: Սկզբնական կրթությունը ստացել Նազարեթի գերմանական դպրոցում, հետո անցել հայկական կրթօջախ եւ ավարտել Երուսաղեմի հայկական դպրոցը, հետո Երուսաղեմի հրեական կոնսերվատորիան, ավարտելով ՙ դաշնամուրի, երգեհոնի եւ ստեղծագործական բաժինները: Այնուհետեւ մեկնել է Շվեցարիա եւ Ցյուրիխի երաժշտանոցում սովորել դիրիժորություն, եւ ստեղծագործական դասեր առել Ռոժե Դեզորմիերի եւ Ժան Մարտինոնի մոտ: Մաեստրոն ունի նաեւ ինքնուրույն ստեղծագործություններՙ սիմֆոնիկ պատկերներ, ռոմանսներ եւ «Կոմիտասյանա» սիմֆոնիկ սյուիտ, որը նվիրել է մեծն Կոմիտասին:

1957 թվականին արժանահիշատակ Վազգեն Առաջին Վեհափառի կողմից հրավիրվել էր հայրենիք եւ հաստատվել այնտեղ: Եվրոպական արվեստի բարքերը յուրացրած, գիտելիքներով եւ փորձառությամբ բեռնված եկել է հայրենիք եւ իր մեծ լուման ներդրել դասական արվեստի եւ սինֆոնիզմի գործում, իր ստեղծագործական կյանքի մի պատկառելի մասը նա հատկացրել է դասական արվեստի զարգացմանը հայրենիքում: Մեկնում, հայրենիքի կարոտ, վերստին վերադարձ... Օժտված լինելով հզոր անհատականությամբ, նա չէր համակերպվում տիրող համակարգի պարտադրանքներին, եւ աշխարհի հանդիսատեսի առջեւ անարգել հանդես գալու պահանջը նրան նորից տանում էին աշխարհի այն վայրերը, որտեղ անկաշկանդ դրսեւորում էր իր տաղանդը: Որոշ տարիների բացակայությունից հետոՙ նորից հայրենիքի կարոտ, նորից պարտքի զգացում, նորից տունդարձ:

1991 թվականին մերժելով Լայպցիգի «Գեւանդհաուզ» հանրահայտ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնի առաջարկը, անսաց անկախացած հայրենիքի նախագահի ու մշակույթի ղեկավարության կանչին, վերադարձավ հայրենիքՙ հույս ունենալով , որ այս անգամ ազատ Հայաստանում իր տաղանդը կդրսեւորի ինչպես մյուս քաղաքակիրթ երկրներում: Հանգրվանել էր Նորքի գեղատեսիլ բարձունքում, կնոջՙ երգչուհի Ալիս Շամիրյանի հետ, որը պահապան հրեշտակի նման սատարեց նրան, պարուրեց նրան մեծ սիրով, գուրգուրաց մեր սիրելի մաեստրոյի վրա, իր կյանքը նվիրաբերեց, բայց անարդարությունից ու անօրենությունից չկարողացավ փրկել նրան: Օհան Դուրյանը անկախացած հայրենիքի ամենադժվար տարիներին տասը տարի առանց վարձատրվելու աշխատեց ազգային օպերային թատրոնում եւ իր անունը կրող, իր ստեղծած Ռադիոհեռուստատեսության նվագախմբում, հոգեւոր սննդի աղբյուր դառնալով ե՛ւ երաժիշտների ե՛ւ հայրենի արվեստասեր ժողովրդի համար: Երաժշտական այդ երկու օջախների կոլեկտիվներն էլ բառացիորեն պաշտում էին մաեստրոյին: «Սիրտս արյունոտում է Հայաստանի ժողովրդի վիճակի համար», -ասում էր նա: Օհան Դուրյանը անմնացորդ սիրում էր Հայաստան աշխարհը, թրթռում նրա վերուվարով, վշտանում տիրող վարչակարգի անօրենությունների, բռնությունների, նյութապաշտության ու պաշտոնամոլության վրա, որի զոհերից մեկն էր նաեւ ինքը: Նա գործուն մասնակցություն էր ունենում ընդդիմության հավաքներին եւ իր բոցավառ ելույթներով, ուղերձներով խանդավառում պայքարի ելած ժողովրդին: Ցանկանում էր կայացած տեսնել մեր պետությունը, խորապես տառապում էր ժողովրդի անելանելի ներկայով եւ հոգու անքակտելի կապերով կապված էր իր սիրելի ժողովրդի հետ, պայքարում էր հայրենասիրության ջահը մշտապես ձեռքին, որպես իր հայրենիքի անկոտրում զինվոր: Վահան Թեքեյանը ասում է. «Որպէսզի կարենանք ճանչնալ արդարութիւնը, անարդարութիւնը պէտք է գործէ, գործածէ մեզ, տառապեցնէ եւ ՄԵՌՑՆԷ մեզ: Մեզմէ իւրաքանչիւրը անոր զոհն է, եւ ուրիշներուն հարուածելու գործիքը»:

ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ, Երգչուհի, 1-10-2011թ. Լոս Անջելես


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4