Երկու սփյուռքահայեր
Անցնող տարվա նախավերջին օրը «Եվրոպա» հյուրանոցի նախասրահում պայմանավորված էի ԱՄՆ-ից բարեգործական հերթական ծրագրով Երեւանում գտնվող Լյուսին Մարտիրոսյան-Հարվինի հետ: Հարմարության համար նույն վայրում հանդիպեցի նաեւ Շահեն Խաչատրյանինՙ Ժան Տեր-Մերկերյանի վերջերս թողարկած CD-ներն իրենից ստանալու: Ամերիկահայ տիկնոջը նոր-նոր էի ծանոթանում եւ այնպես ստացվեց, որ չներկայացրի նրանց միմյանց: Հյուրանոցից դուրս գալիս Շահենը հետ շրջվեց ու մոտեցավ նրան, ես ունկնդիր եղա ճիշտ նույն բնույթի այն խոսակցությանը, որ կարդացել, բայց չեմ հիշում ում գրքում, ծավալվում է երկու իրար անծանոթ սփյուռքահայերի միջեւՙ աշխարհի որեւէ կետում, թերեւս, ավելի շատ օդակայաններում: Առանց նախաբանի վաղեմի մտերիմների պես ծայր է առնում այս երկխոսությունը.
«Ես Հալեպեն եմ, բայց հոս կապրիմ», «Ես ալ Պոլսեն, ծնողքս Խարբերդեն են, հոն ծնած եմ, այժմ Ամերիկա կապրիմ», «Մերոնք ալ Էրզրումեն են: Սա ձեզՙ մեծ ջութակահար է», Շահենը տիկնոջն է մեկնում Ժան Տեր-Մերկերյանի CD-ն: «Ներող եղեք, շուտով կմեկնիմ, ձեզի բան մը չունիմ տալու»: «Հոգ չէ, ես կսիրեմ բաժնել»: «Ես ալ անանկ եմ», մեղմաբար ժպտում է տիկինը: Մի քանի ժամից նրանք երկուսն էլ նույն ինքնաթիռով կմեկնեն Փարիզ, հետո տարբեր ուղղություններ կբռնեն...
Եկեղեցին որպես խարիսխ ու կամուրջ
Խարբերդում, ուր ծնվել է Լյուսին Մարտիրոսյան-Հարվին, ազգային-եկեղեցական ավանդույթները խոր արմատներ ունեին, եւ բարեգործությունը կյանքի անքակտելի մաս էր: «Ամեն մարդ հոգ կտաներ աղքատներուն: Պոլիս նույն բանն էր: Ամեն եկեղեցի իր աղքատախնամ ճյուղն ուներ. պիտի դրամ տայինք, որ իրենք աղքատներուն օգնեին: Վարժված էինք, նորություն չէ մեզի համար»:
Վաղուց հեռացել է տիկին Լյուսին Պոլսից, բնակություն հաստատել Միացյալ Նահանգներումՙ 52 տարի արդեն: Այժմ ապրում է Օռլանդո քաղաքում, երկար տարիներ աշխատել է տեքստիլ արտադրության մեջՙ որպես օֆիս-մենեջեր: Արդեն վաղուց չի աշխատում, հանրային աշխատանքներով է զբաղվում:
Զուր չէր Վահան Թեքեյանը ասում. «Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս»: Ուր գնաց տարագիր հայը, նախեւառաջ եկեղեցի փնտրեցՙ հոգու հայրենիքը. փնտրեց, գտավ ու կառուցեց, համախմբվեց շուրջը: Օռլանդոյում հայերը շատ չեն, հայերի փոքրաթիվ մի խումբ, նրանց հետ Լյուսին, իր մայրն ու ամուսինը, ներկայիս Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հետ եկեղեցի կազմեցին. շենքի կառուցումը երկար ժամանակ առավՙ 26 տարի, եւ միայն այս ամռանը բացվեց Օռլանդոյի Սբ Հարություն հայկական եկեղեցինՙ Թուֆայան ընտանիքի ֆինանսական աջակցությամբՙ անվանակոչված ի հիշատակ բարերարի հոր: Օռլանդոյում ապրող շուրջ 330 հայ ընտանիքները մշտապես այցելում ու մասնակցում են եկեղեցական արարողություններին, շատերն ընդգրկված եւ մասնակից են բարեգործական տարբեր ծրագրերի: Տիկին Լյուսին հոգաբարձուների խորհրդի առաջին անդամներից էր, նաեւ քարտուղարը, ապա ատենապետ եւ գանձապահը, այժմ միայն գանձապահն է: Եկեղեցին հիմնելուց ու կառուցելուց հետո այն պահպանելն է կարեւոր. սակավահայ քաղաքներում ոչ այնքան հեշտ գործ. նվիրատուներն ու այցելությունները քիչ են: Հարկ է բազմազան աշխատանքներ տանել, տարբեր ծրագրեր մտահղանալՙ եկեղեցին պահել կարողանալու համար:
1971-ին Լյուսին Մարտիրոսյանը առաջին անգամ Հայաստան այցելեց. այդ տարիներին կամուրջը հայրենիքի հետ Ս. Էջմիածինն էր: Հաջորդ այցի համար ավելի քան քսան տարի պահանջվեց: 1992-ին, եկեղեցու հայրերից մեկի եւ քոլեջի հայ երեխաների հետ 5 շաբաթ հյուրընկալվեցին Սեւանի հոգեւոր դպրանոցում: Երկու տարի անցՙ 94-ին եւ ապա 95-ին, «Հավատ» հանձնախմբի անդամների եւ Տեր Վրթանես քահանա Գալայջյանի ղեկավարությամբ այցելեց Դիլիջանի «Մեղեդի» մանկատուն, մոտից տեղեկացավ երեխաների կարիքներին, այստեղ էլ ծանոթացավ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի հետ: Մինչ այդ Օռլանդոյի հայերը, իհարկե, սփյուռքահայ բոլոր համայնքների պես, հնարավորին չափ օգնություն էին հասցրել Սպիտակի երկրաշարժի աղետյալներին:
Երբ ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած «Հավատը» կասեցրեց աշխատանքները, տիկին Լյուսին փնտրեց ու ուրիշ գործընկերներ գտավ, կապը Հայաստանի հետ չկտրվեց եւ մինչեւ 2007 թվականը, ամեն տարի պարբերաբար այցելեց Հայաստան, անհրաժեշտ օգնություններ հասցնելով տարբեր կազմակերպություններիՙ հոգ տանելով Դիլիջանի մանկատան ու գիշերօթիկի, Երեւանի Նորք-Մարաշի մանկատան, Եղեգնաձորի ամառային ճամբարի շուրջ 500 երեխաների հագուստի, ուսումնա-գրենական պարագաների եւ այլ կարիքների: Ստանձնել եւ իրականացվել է մանկատան մասնաշենքերից մեկի հիմնավոր վերանորոգությունը: Այցելություններ եւ օգնություններ եղել են նաեւ Քելբաջարի զորամասին, Վանաձորի ծերանոցին, Ստեփանավանի կարիքավորներին: Այս տարի եւս մեկ օջախ նրանց բարեխնամ աջակցությունը ստացավ. ամերիկահայ մանավարժ-մեթոդիստ Սիլվա Տեր-Ստեփանյանի անմիջական նախաձեռնությամբ Օշականի եկեղեցուն կից գործող Խրիմյան կրթարանի տարեվերջյան ձեռնարկի առիթով տիկին Լյուսին անհրաժեշտ տաքացուցիչներ, գրատախտակներ եւ այլ պարագաներ նվիրեց:
Օռլանդոյում էլ Լյուսին Մարտիրոսյանը միշտ կապված է եղել երեխաների հետՙ շուրջ 6 տարի հայերեն դասընթացներ է անցկացրել նրանց հետոՙ վայելելով հայրենանվեր մեր մյուս հայրենակցուհի, նյույորքցի Սիլվա Տեր-Ստեփանյանի աջակցությունը:
«Իրականության մեջ հայերեն դպրոց չեմ տեսած: Խարբերդ ծնած եմ, ուր հայկական դպրոց չկար: Բայց մայրիկս տունին մեջ սորվեցուցած էր: Սիլվայի գիրքերով եւ իմ իմացածով որոշեցի ամերիկացի հայ երեխաներուն փոխանցել գիտցածս, մտածեցիՙ ոչինչեն լավ է»:
«... բայց պիտի գիտնան, որ տվածնին տեղ կհասնի»
Ճշմարիտ բարեգործությունը ճանաչող, խոնարհաբար գործող հավատավոր մարդու պես է խոսում տիկին Լյուսինՙ մեղմաբար, ցած ձայնով. «Ես կազմակերպողն եմ, անունս մեջը չըլլա, շատ գոհ կմնամ: Աստված գիտե սիրտս», ասում է նա, հետո պատմում տեղում կատարվող բազմաբնույթ աշխատանքների մասին: Օռլանդոյի իր տան առաջ կուտակված հեծանիվների մի «բազմություն» դեռ սպասում է Հայաստան ուղարկվելու: Առաջացած տարիքում արդեն այս եւ նման աշխատանքների կազմակերպումը, ճամփորդելը, հանդիպումները այդքան էլ հեշտ չեն:
Իր համոզմունքները խորն են արմատավորված եւ որպեսզի դրանց չդիպչեմ, շատ զգուշորեն փորձում եմ ընդամենը ասել, որ Հայաստանում հատկապես, բնակչությունը լավ է, որ տեղյակ լինի այսպիսի մարդկանց եւ նրանց գործերի մասին, որպեսզի հավատն առ գթասրտությունն ու կարեկցանքը չսառչի իսպառ:
«Երբ առաջին անգամները կուգայի սրբազանին, ինքը երեխաներեն ավելի կուրախանար: Կըսերՙ Լյուսին, ոչ մի բան ալ չբերես, միայն գալը, ասոնց այցելելը իրենց համար մեծ բան է: Իրենց մասին մեկը կմտածե ըսելով, կուրախանան»:
Ամեն տարի կըսեմՙ ալ չեմ գար, աս վերջին այցս է. 70 տարեկան եղա: Բայց նորեն Դիլիջան գացի, արդեն առաջին օրը, որ այդ երեխաներուն երեսը տեսա, բան մը չտված, անոնց ուրախությունը տեսա, մտածեցիՙ այս վերջը չէ. այնքան որ կարողացա, պիտի երթամ, ի՞նչ ընեմ: Երեխաներու կոշիկները ես կբաժնեմ, մեկ ուրիշը հագուստը կբաժնե: Տղա մը եկավ, գուլպան ամբողջ ջուրերու մեջ, երբ կոշիկը հանեց, տակը ամբողջ ծակ էր, սա տեսնեմ եւ ինչպե՞ս չգամ:
Երեւան չեմ կենար բնավ, մեկ օր, երկու օր: Ան ալ շուկաներն էի ամբողջ ժամանակըՙ երեխաներուն անհրաժեշտ իրերը կգնեի: Երեւան եթե պիտի մնամ, մեյ մըն ալ չեմ գար: Տեսա, շատ աղվոր է, քաղաքը զարգացեր է, ամեն ինչը կա, լույսերը` fine, ալ չեմ գար, ինչ պիտի ընեմ, բայց երբ կերթաս այնտեղերը (ուզում է ասելՙ շրջանները) կտեսնաս...
Երիտասարդ աղջիկ մը Երեւանեն ինձի ըսավ. «Տիկին Լյուսին, Հայաստան այդքան աղքատ կա՞»: «Հաջորդ անգամ քեզի կզանգեմ, հետս եկուր Դիլիջան», ըսի իրեն: Դիլիջան դեռ վատ չէ, ներքեւի կողմերը ավելի վատ են:
Բարեսիրտ մարդիկ շատ կան, բայց պիտի գիտնան, որ տված փողերնին տեղ կհասնի: Մերինը հարյուր տոկոսով երեխաներուն կհասնի. ամեն մարդ հավատք ունի, որ եթե փողը տա, տեղ կհասնի»:
Բարեկամների պակաս չունեն տիկին Լյուսին եւ իր գործընկերները, ամեն տեղ աջակիցներ կանՙ օտար եկեղեցիներից սկսած մինչեւ Ավստրալիայից օգնություններ լինում են. ծննդյան տարդարձի կամ անգամ մահվան առիթով ոմանք ծաղկեպսակի փոխարեն դրամ են փոխանցումՙ կարիքավոր երեխաներին ուղարկելու:
Օռլանդոյից ինքնաթիռը մինչեւ Փարիզ կայանում է մեկ այլ վայրում եւս. «Նստեր, կսպասեմ թռիչքին, պատմում է ճերմակահեր, բարեմիտ այս ամերիկահայուհին, տեղ չկար, պայուսակս վար դրի, կին մը եկավ քովս նստեցավ, բարեւ տվինք, զրույց սկսավ. «Ո՞ւր կերթաս», ըսավ: «Հոն կերթամ»: «Օ՜, Փարիզ»: «Չէ, ըսի, այնտեղեն Հայաստան կերթամ»: «Ի՞նչ պիտի ընես»: Ըսի ընելիքս: «Օ՜, որքան կուզեմ անանկ բան մը ալ ես ընեմ»: 100 դոլարի չեք գրեց, ինձի տվավ, օտար կին, չեմ ճանչնար: Բարեսիրտ են, միայն իմանան, որ փողը որոշված տեղը պիտի երթա: Կինը տեսավ, որ ձեռքիս ահագին բան կկրեի...
Նույնիսկ թուրք կին մը դրամ տված է հոստեղի երեխաներու համար, երկու անգամՙ հարյուրական դոլար: Ես Աստծո կհավատամ եւ հրաշքներու ալ կհավատամ... Այդ կինը ուրիշ տեղ կրնար նստիլ եւ ոչ թե քովս»:
Մենք բաժանվում ենք փոխադարձ ընկալման բարեկամությամբ: Լյուսին Մարտիրոսյան-Հարվին նորից կգա Հայաստան:
Դիլիջանից երկու պատանի նրան տեսնելու համար Երեւան էին եկել: Երկար զրույց ունեցավ նրանց հետ հյուրանոցի նախասրահում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկար 1. Հեծանիվները պատրաստ են բեռնափոխադրվելու (Օռլանդո)