«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2011-01-13 | #4, 2011-01-14 | #5, 2011-01-15


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՇՏ ԱՍՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ԵՎ ԱՆՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ԱՍՈՒՄ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հենց այս ընդհանրականով երեկ արտաքին գործերի նախարարությունում անցած տարվա գործունեությունն ամփոփեց նախարար Էդվարդ Նալբանդյանը : Հայաստանի գլխավոր դիվանագետի խոսքերովՙ 2010-ին եւս մեկ անգամ ապացուցվեց, որ ինչպես ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների մասով ՀՀ դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը. «Այս մասին վկայում են անցած տարվա հունիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների Մուսկոկայում արած համատեղ հայտարարությունը, Աստրախանի եռակողմ` Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հռչակագիրը, Աստանայի հնգակողմ հայտարարությունը եւ այլն», ընդգծեց Նալբանդյանը: Նշենք, որ այդ բոլոր հայտարարություններով ու հռչակագրերով ամրագրվում է, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի նախ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, այնուհետեւ` բոլոր երեք սկզբունքները` ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման բացառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն, որպես մեկ ամբողջություն ընդունելով: Այս առումով, իրոք, ակնհայտ է, որ Ադրբեջանը ամեն խոսափողից նախ հոխորտում է պատերազմ սկսելու իր պատրաստակամության, ապա նաեւ, որպես կարգավորման միակ սկզբունք, տարածքային ամբողջականության մասին: Հետեւաբար` հրապարակավ արտահայտում է իր անհամաձայնությունը միջազգային հանրությանը: Ընդ որում, նույնիսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պատմական առումով ամենեւին էլ չի վերաբերում Ղարաբաղին: «Հայաստանը, անցած տարում իր ակտիվ արտաքին քաղաքականության շնորհիվ դառնալով միջազգային հանրության համար վստահելի գործընկեր, բազմիցս է հայտնել, որ ղարաբաղյան հիմնահարցի լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած երեք սկզբունքներն ու վեց դրույթները ընդունում է որպես բանակցությունների հիմք, իսկ թե ի՞նչ է ասում Ադրբեջանը, կարծում եմ, չեն հասկանում անգամ իրենք` ադրբեջանցիները. մենք ասում ենք այո՛ սկզբունքների ամբողջականությանը, նրանք ասում են` այո՛, բայց...», նշեց նախարարը: Ի դեպ, հակամարտության լուծման թերեւս ամենակարեւոր երկու հարցերի` ԼՂ վերջնական կարգավիճակի եւ տարածքների վերադարձի կապակցությամբ Նալբանդյանը նկատեց, որ բանակցությունների սեղանին դրված այսօրվա վեց դրույթների մեջ չնայած կա տարածքներ վերադարձնելու դրույթը, սակայն «հստակեցված չէ, թե ի՞նչ տարածքներ են դրանք կոնկրետ»: Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակի որոշմանը, ապա. «Դրույթներից մեկում հստակ սահմանված է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, ինչը կընդունվի միջազգայնորեն, իսկ մինչ այդ Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, այսինքնՙ այն կարգավիճակը, որն այսօր կա, որը նույնպես ընդունելի կլինի միջազգային հանրության կողմից», ասաց Նալբանդյանը: Հարցին, թե որքանո՞վ կարող է այս օրերին ընթացող աֆրիկյան Սուդանի հարավում ընթացող անկախության հետաձգված հանրաքվեն նախադեպ լինել ԼՂ-ի համար, Հայաստանի արտգործնախարարը դիպուկ պատասխան տվեց. «Վստահաբար այսօր ՄԱԿ-ի անդամ 190 երկրները կարող են նախադեպ լինել Ղարաբաղի համար: Սուդանը այդ նախադեպերից մեկն է ընդամենը, երբ հերթական անգամ բացահայտվեց, թե ինչ ուղղությամբ է գնում միջազգային հանրությունը»:

Իսկ միջազգային հանրությունը, համենայն դեպս նրա` իրերն ու երեւույթները սեփական աչքերով տեսնել ցանկացող մասը Ղարաբաղ կատարած իր պարբերական այցերով հանգիստ չի տալիս Ադրբեջանին: Այս առումով Էդվարդ Նալբանդյանը, ողջունելով ԼՂՀ այցելած ու այցելող բոլոր օտարերկրացիներին, տրամաբանական հարցադրում արեց Բաքվին. «Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չի թողնում, որ օտարերկրացիները այցելեն Նախիջեւան. դա էլ հո իր ենթակայության տակ է: Իսկ միգուցե Բաքուն վախենում է, որ նրանք, ովքեր կայցելեն Նախիջեւան ու կտեսնեն քրիստոնեական հուշարձանների անկումը, հանկարծ հարց կտան` իսկ ո՞ւր է այս ժողովուրդը...»:

Եզրափակելով ղարաբաղյան թեման` Նալբանդյանը հաստատեց, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ նախատեսվում է, որ հունվարի 24-ին Մոսկվայում կկայանա Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով եռակողմ հանդիպումը. «Հնարավոր է նաեւ, որ փետրվարի սկզբին հանդիպում կայանա Մինսկի խմբի եռանախագահների հետ», նշեց Նալբանդյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների մասով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը առաջ կգնա միայն այն ժամանակ, երբ Թուրքիան արտահայտի իր համապատասխան պատրաստակամության մասին. «Ի տարբերություն Անկարայի` Հայաստանը միշտ ասել է այն, ինչ արել է, եւ արել է այն, ինչ ասել է: Ու մեր քաղաքականությունը ստացել է միջազգային հանրության լիակատար ըմբռնումը», ընդգծեց Նալբանդյանը:

Ընդհանուր առմամբ 2010-ին, նախարարի խոսքերով նոր` ավելի բարձր մակարդակի են հասցվել ինչպես հայ-ռուսական, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունները. «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ավելի սերտացման վկայություն են անցած օգոստոսին նախագահ Մեդվեդեւի առաջին պետական այցը Հայաստան եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ստորագրած համաձայնագրերը: Իսկ հայ-ամերիկյան հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացան պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Երեւան այցելությամբ, ինչպես նաեւ նախագահ Սարգսյանի` Վաշինգտոն կատարած այցով ու այնտեղ ունեցած հանդիպումով Բարաք Օբամայի հետ»: Ընդգծելով, որ Եվրոմիության հետ Երեւանի հարաբերությունները շարունակում են գերակա ուղղություններից համարվել Հայաստանի ԱԳՆ-ի համար` Նալբանդյանը նկատեց, որ մեր երկրի արտաքին քաղաքականության «եվրոպական ուղղությունը» եւս նոր մակարդակի է բարձրացվել: Նույնը, ըստ նախարարի, կարելի է ասել նաեւ Հայաստան-Վրաստան եւ Իրան-Հայաստան հարաբերությունների մասին: «Մենք ամրապնդում ենք մեր հարաբերությունները նաեւ ասիական երկրների, այդ թվումՙ արաբական աշխարհի, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի պետությունների հետ: Խորանում է Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը. մեր երկիրը մասնակից է Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք միջոցառումների: Հայաստանը կարեւոր դերակատարում ունի նաեւ ՀԱՊԿ-ում», ասաց Նալբանդյանը:

Հայոց ցեղասպանության առումով նախարարը նշեց, որ այն համարելով իր օրակարգի անքակտելի մաս` ՀՀ ԱԳՆ-ն աջակցել է աշխարհի չորս տասնյակից ավելի երկրներում անցած տարի` Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացմանը: Արտաքին գործերի նախարարը ընդգծեց նաեւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական նոր ներկայացուցչությունների բացումը` 2010-ին. «Մենք նոր դեսպանատներ ունեցանք Քուվեյթում, Չեխիայում, Բրազիլիայում, Նիդեռլանդներում», ասաց Էդվարդ Նալբանդյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4