Այս տարի լրանում է Բաքվի ջարդերի 21-րդ տարելիցը: Բաքվի փողոցներում մարդկության դեմ հրեշավոր հանցագործություն տեղի ունեցավ. այստեղ ապրող ավելի քան 240 հազար հայեր ենթարկվեցին ջարդի, կոտորածի ու բռնի տեղահանման:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար, ղարաբաղյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանի խոսքով` այն, ինչ սկսվեց 21 տարի առաջՙ հունվարի 13-ին Բաքվում, ցեղասպանություն է, որն առ այսօր չի ավարտվել. «Պետք է հասկանանք, որ ցեղասպանությունը պաշտոնական Բաքվի որդեգրած քաղաքականությունն է, որից նա ոչ միայն չի հրաժարվում, այլեւ կարծես թե հրճվում է, իսկ միջազգային հանրությունը լռության է մատնում այդ քաղաքականությունը, որը պաշտոնական Բաքուն նպատակ ունի վարելու նաեւ հետագայում»: Այսօր Ադրբեջանում դեռեւս հետապնդվում են հայկական արմատներ ունեցող մարդիկ: Լ. Ալավերդյանը Բաքվի ջարդերը որակում է ցեղասպանություն, որն իրականացրել է իրեն Ադրբեջանական հանրապետություն կոչող մի պետության իշխանություն: Լ. Ալավերդյանը նաեւ կարեւորում է, որ հայկական միտքն առ այսօր չի գնում այն ուղղությամբ, որ վերջապես սկսի իրավական եւ իրավաբանական մի գործընթաց, որով կպատժվեն ու պատասխանատվության կենթարկվեն բոլոր քաղաքական ուժերն ու առանձին անձինք, որոնք մեղավոր են մասսայական սպանությունների մեջ:
Երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնում ասուլիսի մյուս բանախոսը` Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, նշեց, որ Բաքվից Հայաստան են բռնագաղթել ավելի քան 220 հազար փախստականներ, որոնց կրած կորուստները մեղմելու նպատակով այստեղ քայլեր են ձեռնարկվել: Փախստականների տարաբնույթ խնդիրների մեջ շարունակում է կարեւոր խնդիր մնալ բնակարանային ապահովությունը: Գագիկ Եգանյանի փոխանցմամբ` 1994 թվականից միջազգային դոնոր հանրությունը Ադրբեջանից բռնագաղթած բոլոր փախստականների համար կառուցել է 4485 քոթեջներ եւ բնակարաններ: 712 ընտանիքներ էլ սեփականաշնորհել են հանրակացարաններում իրենց զբաղեցրած սենյակներն ու տարածքները: Գ. Եգանյանը նաեւ տեղեկացրեց, որ 2004-ից կառավարությունն իրականացնում է առավել կարիքավոր փախստական ընտանիքների բնակարանային ապահովության ծրագիրը, որի շրջանակներում անցյալ տարիներին 1065 ընտանիքներ ստացել են բնակարանների ձեռքբերման վկայագրեր, եւ նրանցից 721-ն այդ վկայագրերով կարողացել են լուծել իրենց բնակարանային խնդիրները: Անցյալի տարի Երեւանում Ֆուչիկի փողոցում կառուցված բազմաբնակարան շենքում մշտական օթեւան ստացան եւս 61 ընտանիքներ: Անդրադառնալով Հայաստանում փախստականների զբաղվածության հարցերին` Գագիկ Եգանյանը նշեց, որ փախստականները ՀՀ քաղաքացիների իրավունքներին համահավասար իրավունքներ ունեն, սակայն ընդհանուր մոտեցում ունենալով հանդերձ էլ տեղացիների համեմատությամբ փախստականների գործազրկությունն ավելի բարձր է:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ