Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին պետական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն, իսկ հունվարի 18-ին կմեկնարկի նախագահ Սարգսյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն: Կիպրոսի Հանրապետություն այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի, արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ: Հանրապետության ղեկավարը նաեւ կմասնակցի հայ-կիպրական գործարար համաժողովի բացմանը: Կիպրոսում Սերժ Սարգսյանը կհանդիպի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի վերջին օրը` հունվարի 18-ին, նախագահը Լառնակա քաղաքում ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ կմեկնի Հունաստանի Հանրապետություն: Հունաստանում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նախագահ Կառլոս Պապուլիասի, Աթենքի եւ համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ի, խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի, վարչապետ Յորղոս Ա. Պապանդրեուի հետ: Աթենքում հանրապետության ղեկավարը կհանդիպի նաեւ Սփյուռքում գործող ավանդական հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Հ. Ա.