«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2011-01-13 | #4, 2011-01-14 | #5, 2011-01-15


ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է

Անցած տարվա վերջին գրանցված իրողությունների իներցիայով երկրում կադրային փոփոխությունների թեման այսօր էլ մնում է ամենաքննարկվողը: Ընդ որում` իշխանությունները հերթական նշանակումներով թեման թեժ պահելու առիթներ են տալիս:

Կադրային քաղաքականության մեջ շեշտադրումների փոփոխության մասին առաջին անգամ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակի նիստում ունեցած ելույթում:

«Միշտ չէ, որ մենք պատասխանատու քաղաքական պաշտոնների ենք նշանակում հանրապետականների... Ցանկացած դեպքում, եթե տեսնենք, որ տվյալ գործը կարող է ավելի լավ կատարել մեկ այլ անկուսակցական, մենք այդպես ենք վարվելու», Սերժ Սարգսյանի այս խոսքերը միանգամից ընկալում չգտան, բայց մի քանի օրվա տարբերությամբ արդեն պարզ էր, որ այդ մոտեցումը կյանքի է կոչվում անմիջապես. ամենահիշարժանն այս առումով հանրապետականներ Գեւորգ Դանիելյանի ու Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո նրանց զբաղեցրած պաշտոններում անկուսակցական Հրայր Թովմասյանի ու Կարեն Կարապետյանի նշանակումն էր:

Ինչո՞վ էր սա նշանակալից: Այն հանգամանքով, որ վկայում էր մոտեցման փոփոխության մասին: Եթե նախկինում պորտֆելները բաժանվում էին ըստ կուսակցությունների, եւ կուսակցություններն իրենք էին որոշում կադրային հարցերը, ապա այժմ, կարծես թե, պետության կամ բարձրագույն իշխանության կողմից սահմանվում են ընդհանուր պահանջներ: Ավելի կարճ` մասնագիտական պիտանելիություն:

Նախկինում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ «պրոֆնեգոդնոստի» պատճառով առանձին պաշտոններում պարբերական փոփոխություններ են տեղի ունեցել: Ամենատիպիկ օրինակը մի քանի տարի առաջ մշակույթի նախարարության շուրջը ստեղծված իրավիճակն էր, երբ ՕԵԿ-ին բաժին հասած պորտֆելի խնդիրը կայունացավ միայն այն բանից հետո, երբ այդ պաշտոնն ապակուսակցականացվեց: Այդ ժամանակ դա մեկ առանձին ոլորտում իրականացված հաջող քայլ էր, մինչդեռ հետագայում պարզվեց, որ խնդիրը համակարգային բնույթ է կրում:

«Կուսակցականացված» նշանակումները մտածողության արդյունք են` Հայաստանի քաղաքական մշակույթի մաս, որն այսօր էլ գերիշխող է: Բայց այդ մշակույթը խոչընդոտում է պետական կառավարումն արդյունավետ դարձնելուն, հետեւապես` խոչընդոտում է երկրի արդիականացմանն ու զարգացմանը: Ինչո՞ւ: Ախտորոշում տալը դժվար է, բայց փորձենք որոշակիորեն բանաձեւել:

Կայացած երկրներում քաղաքական կուսակցություններն ունեն հստակ ծրագրեր` քաղաքական լուծումներով, եւ որ ամենակարեւորն էՙ կադրային բազա, որոնք մասնագիտական տեսանկյունից տիրապետում են այդ ծրագրերին եւ ունակ են ոչ միայն դրանք իրագործելու, այլեւ առաջ մղելու համար ինքնուրույն որոշումներ կայացնելու: Այս ամենին գումարած, որպես կանոն, մեկ քաղաքական թիմի մեջ համախմբվածները վառ անհատականություններ են, քաղաքական գործիչներ, եւ կարողանում են համակարգն «իրենց տակ» կառուցել:

Հայաստանը, ինչպես եւ անցումային որեւէ երկիր, զարգացման որոշակի փուլում նույնպես վարակվեց այդ «խրոնիկական հիվանդությամբ», երբ կուսակցությունները ձեւավորվում էին վառ անհատականությունների շուրջը եւ համալրվում էին անցումային իրադարձությունների ընթացքում աչքի ընկած գործիչներով (վառ հեղափոխականներ, պատերազմի մասնակիցներ, հաջողակ բիզնեսմեններ): Արդյունքում` կուսակցական կադրային բազան թվում է մեծ, բայց որպես կանոն համալրված չի լինում անհրաժեշտ բոլոր մասնագիտություններով ու հմտություններով: Որոշակի բացեր են մնում, ինչն էլ, իր հերթին, պատճառ է դառնում, որ անգամ բոլոր մանրամասներով քաղաքական լուծումներ պարունակող ծրագրերը մնան չիրականացված:

Ի՞նչ է ստացվում: Որպեսզի իրականացնի իր քաղաքական ծրագիրը, կուսակցական ղեկավարությունն իշխանության գալու դեպքում այսպես թե այնպես պատասխանատու քաղաքական պաշտոններում նշանակում է հենց իր թիմակիցներին, որոնք տարբեր պատճառներով (ոլորտին չտիրապետելը, գաղափարներ չգեներացնելը, սահամանափակ ինքնուրույնությունը եւ այլն) չեն կարողանում իրենց վստահված ոլորտներում ենթահամակարգ կառուցել: Հետեւանքները կարելի է մատների վրա հաշվել.

- նման գործիչները չեն կարողանում վերահսկել իրավիճակը, եւ ենթակա ստորաբաժանումները սկսում են ինքնուրույն գործել,

- փաստացի հրաժարվում են ոլորտը կառավարելուց եւ տարբեր սխեմաներով փորձում են օգուտներ քաղել զբաղեցրած դիրքից,

- վերածվում են բյուրոկրատական ապարատի` սահմանափակվելով միայն վերեւից եկած որոշումների վարչական իրացմամբ:

Կրկնում ենք` սա բնորոշ է բոլոր անցումային երկրներին: Եվ եթե անցման առաջին փուլում ինստիտուցիոնալ կայացման շրջանում, այն ընդհանուր զարգացման վրա էական ազդեցություն կարող է եւ չունենալ, ապա բարեփոխումների երկրորդ` ենթակառուցվածքների ստեղծման, կառավարումն արդյունավետ դարձնելու փուլում, նման իրավիճակը միանշանակ խոչընդոտ է առաջընթացին, որովհետեւ ոլորտներից յուրաքանչյուրը պետք է կառավարվի ինքնուրույն` ձեւավորելով սեփական համակարգը:

Խնդիրը հասկանալու համար առաջարկում ենք ինքնուրույն համեմատել մեկ առանձին (ձեզ ծանոթ) ոլորտում տարբեր գործիչների պաշտոնավարման ժամանակ տիրող իրավիճակը: Նման համեմատությունների դեպքում դուք կբացահայտեք, որ նույն նախարարությունը ժամանակային մի հատվածում ներկայացնում է կուռ ամբողջական համակարգ` միասնական կառավարմամբ, իսկ մեկ այլ գործչի պաշտոնավարման ընթացքում նույն նախարարության ենթակայության ներքո գործող ստորաբաժանումներն ավելի շատ ինքնուրույն մարմինների գործելակերպ են որդեգրել: Կարծում ենք` հասկանալի է, թե խոսքն ինչի մասին է, եւ հասկանալի է նաեւ, որ այդկերպ շարունակելու դեպքում երկրի առաջընթացի մասին խոսք լինել չի կարող:

Իսկ ո՞րն է հիվանդության բուժման եղանակը:

Առաջին քայլով քաղաքական ղեկավարությունը, կուսակցությունների ղեկավարները պետք է ընդունեն, որ նման խնդիր գոյություն ունի: Ցանկալի է` հրապարակավ: Երկրորդ` քայլեր արվեն խնդիրը լուծելու ուղղությամբ:

Որ նախագահն իր ելույթում նշված շեշտադրումներն արել է, ենթադրել է տալիս, որ խնդիրըՙ որպես համակարգային, ոչ միայն ընդունվում է, այլեւ լուծման մտադրություն կա: Լուծումները նույնպես շատ չեն. կուսակցություններում սերնդափոխություն` երկրորդ սերնդի բարեփոխումների պահանջներին համապատասխանող կադրերի ներգրավմամբ, եւ քաղաքական պաշտոնների ժամանակավոր ապակուսակցականացում` այդ պաշտոններին ենթակա ոլորտներում պետական կառավարումն արդյունավետ դարձնելու մտադրությամբ:

Վերջին կադրային փոփոխությունները վկայում են, որ երկրորդ ուղղությամբ եւս իշխանությունները ձեռքերը ծալած չեն նստում: Ներկայացված բանաձեւի շրջանակներում կարելի է վերլուծել վերջերս իրականացված կադրային նշանակումներից յուրաքանչյուրը, բայց արդեն իսկ պաշտոնանկ արված գործիչների հասցեին մեղադրանքներ չհնչեցնելու եւ նորանշանակներին գովասանքի խոսքեր չշռայլելու մտադրությունից ելնելովՙ առաջարկում ենք, որ այդ անալիզն ընթերցողն ինքնուրույն անի:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4