«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2011-01-14 | #5, 2011-01-15 | #6, 2011-01-18


«ՎԱՐՈՐԴԸ ԴԱՐՁԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ»

Փոխհատուցումներ ԱՊՊԱ-ից եւ դժգոհություններ ճանապարհային ոստիկանությունից

«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հունվարի 10-ից ճանապարհատրանսպորտային պատահարների մասին իր հաճախորդներից զանգեր է ստացել: Հայտերի ընդհանուր թիվը կազմել է 96, որից 6-ի գծով կտրվի շուրջ 1 մլն 200 հազար դրամի փոխհատուցում, մնացածների մասով գնահատում է կատարվում: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց այս ընկերության տնօրեն Գոռ Խաչատրյանը : Նույն ասուլիսին հրավիրված մեկ այլՙ «Ռեսո» ընկերության տնօրեն Սամվել Գրիգորյանն էլ հայտնեց, որ ներկայումս գնահատվում են հաճախորդներից ստացված 43 հայտեր, իսկ որպես փոխհատուցում կտվի 6-7 մլն դրամ: Երկու ընկերությունների ղեկավարներն էլ ասացին, որ լինում են փոքր դեպքեր, երբ վարորդները միմյանց հետ համաձայնության են գալիս, եւ այդ դեպքում, ըստ օրենքի, ընկերությունները չեն միջամտում:

Վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը , ընդհանուր առմամբ դրական մոտեցում ունենալով պարտադիր ավտոապահովագրության (ԱՊՊԱ) նկատմամբ, մի շարք հարցերում իր դժգոհությունը հայտնեց: Մասնավորապես, վարորդներից նրա ստացած տեղեկությունների համաձայն, երբ վթարի հետեւանքով կողմերն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները համաձայնության են գալիս միմյանց հետ, ճանապարհային ոստիկանությունը գումար է պահանջում: «Սա անթույլատրելի չարաշահում է ճանապարհային ոստիկանության կողմից», շեշտեց նա: Ճանապարհային ոստիկանությունը նաեւ հավելյալ գումար է պահանջում տուգանային հրապարական տարված մեքենաների տերերից, մինչդեռ 5 օր տուգանային հրապարակ մնալուց հետո է միայն, որ մեքենայի տերը պետք է վճարի օրական 500 դրամ: Մի խոսքով, ըստ Էդուարդ Հովհաննիսյանիՙ «վարորդը դարձել է ճանապարհային ոստիկանության թիրախ» (Հետաքրքիր է, թե ե՞րբ այդպես չի եղել: Ա. Մ.):

«Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահի կարծիքով, հատկապես գյուղական շրջաններում ապրող վարորդների համար շատ բարձր է ԱՊՊԱ չունենալու համար սահմանված տուգանքի չափըՙ 50 հազար դրամը: (Հարկ ենք համարում այստեղ նշել, որ այդ մարդիկ կարող են մեքենաները արդեն առանց 5 հազար դրամ վճարելու, անվճար հանել հաշվառումից: Ա. Մ.): Նա նաեւ վրդովմունք հայտնեց այն փաստից, որ հոգեբուժական տեղեկանքիՙ այսպես կոչված «պսիխոյի» համար եւս գումար է պահանջվումՙ այս անգամ արդեն առողջապահության նախարարության կողմից: Նախկինում այդ տեղեկանքն անվճար էր տրամադրվում:

Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն, իրենց հերթին դժգոհություն հայտնեցին «այն մարդկանցից», որոնք լուրեր էին տարածում ԱՊՊԱ-ի ժամկետների իբր հետաձգման մասին: Ըստ Սամվել Գրիգորյանի, այդ մարդկանցից ոչ ոք պատասխան չտվեց, իսկ շատ քաղաքացիներ տուժեցինՙ ուշացումով ապահովագրելով իրենց մեքենաները եւ հայտնվելով հերթերի մեջ: Սամվել Գրիգորյանն այն կարծիքը հայտնեց, որ առնվազն 600 մարդ զգացել է ԱՊՊԱ-ի առավելությունը: Եթե նախկինում նրանք պետք է վճարեին ե՛ւ իրենց, ե՛ւ դիմացինի մեքենայի պատճառած վնասները, ապա այժմ 30 հազար դրամը նրանք վճարել են, եւ ապահովագրական ընկերությունը կփոխհատուցի նրանց կողմից վթարված մեքենաների վնասները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4