«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2011-01-14 | #5, 2011-01-15 | #6, 2011-01-18


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ` ԿՐԿԻՆ ՊԱԿԱՍՈՒՄ

Աղետի գոտու բնակարանաշինության կառավարական գործող ծրագրով Գյումրիում մինչեւ 2012-13 թթ. երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար կառուցվելու է առնվազն 3000- 3300 բնակարան: Անցյալ տարի այստեղ շահագործման հանձնված 22 բնակելի շենքերից հետո այժմ հաջողությամբ ընթանում է եւս 38-ի կառուցումը:

Սակայն, դատելով տեղի պատասխանատուների հայտարարություններից, այս տարի եւս, ինչպես եւ նախորդ տարի, կրճատվել է կառուցվող բնակարանների սկզբնապես նախատեսված քանակը: Եթե շինարարության նախորդ փուլում քաղաքում անցյալ տարի ծրագրված 1320-ի փոխարեն կառուցվեց եւ շահագործման հանձնվեց 1056 բնակարան, այսինքն` 264 բնակարանով պակաս, ապա այս տարի նախատեսված 1944-ի փոխարեն կշահագործվի 1750 բնակարան կամ մոտ 200-ով պակաս: Պատճառաբանությունը երկու դեպքերի համար մոտավորապես նույնն է. նախորդ փուլում նախապես որոշված 1 եւ 2 սենյականոցների հաշվին շինարարության ընթացքում որոշվեց եւ կառուցվեց 264 հատ 3 սենյականոց, իսկ այժմ 1, 2 եւ 3 սենյականոց բնակարանների թվի կրճատման հաշվին նախատեսվում է նախագծային փոփոխություններ կատարելով կառուցել նաեւ 40-ի չափ 4 սենյականոց բնակարան: Երեկ այսպիսի հաղոդագրությամբ է հանդես եկել Գյումրու «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

«Ներկայումս Գյումրու անօթեւանների ցուցակում կա հաշվառված չորսսենյականոց բնակարանի հավակնորդ 44 ընտանիք,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:- Անշուշտ, առաջին հայացքից մարդասիրական է նման փոփոխությունը: Սակայն առավել տրամաբանական կլիներ, եթե ընթացիկ տարում կառուցվող բնակարանների նախատեսված քանակի կրճատման փոխարեն 4 սենյակի հավակնորդ բազմանդամ ընտանիքներին հատկացվեին երկուական բնակարաններ: Խնդիրն այն է, որ երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում նման ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել. հիմնականում նրանց եւ անդամների քանակն է ավելացել, եւ ընտանիքների ներսում նոր ընտանիքներ են ավելացել: Ուստի այս շահառուներն այժմ ստանալիք բնակարանի պատկանելությունը որոշելու բավական լուրջ խնդիրներ ունեն: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի կողմից տրված պարզաբանմամբ` Գյումրու անօթեւանների հերթացուցակում հաշվառված 5 սենյականոց բնակարանի հավակնորդ` 8 անձից բաղկացած ընտանիքներին ամենայն հավանականությամբ հատկացվելու են երկուական բնակարաններ: Իսկ ինչո՞ւ չի կարելի հարկ եղած դեպքերում նույն կերպ վարվել նաեւ 4 սենյականոցի շահառու ընտանիքների հարցում»:

2009 թվականին Գյումրու անօթեւանների հերթացուցակում կար հաշվառված առնվազն 4100 ընտանիք: Անցյալ տարի նրանց համար շահագործման հանձնված 1056 եւ այս տարի հանձնվելիք 1750 բնակարանից հետո այդ ցուցակում հաշվառված կմնան էլի մոտ 1300 ընտանիքներ: Վկայակոչելով Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին, «Շիրակ կենտրոնը» ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ հնարավոր է` հաջորդ տարի նրանց խնդրի լուծման նպատակով պետբյուջեից գումարներ հատկացվեն ոչ թե բնակարանների կառուցման, այլ բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու համար

«Էլ չենք խոսում Գյումրիում տնակներում եւ վարձով բնակվող հարյուրավոր այն անօթեւան ընտանիքների գոյության մասին, որոնք տարաբնույթ պատճառներով հաշվառված չեն հերթացուցակում եւ փաստորեն զրկված են անգամ անօթեւանի կարգավիճակից, հետեւաբար ըստ ՀՀ կառավարության գործող որոշումներով սահմանված կարգի` ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2010 թվականին Շիրակի մարզում քաղաքաշինության ոլորտում իրականացվել է 35 մլրդ 700 մլն դրամի շինաշխատանք: 2011-ին արդեն այստեղ իրականացվելու են 38,2 մլրդ, այդ թվում բնակարանաշինության ուղղությամբ` 27 մլրդ 584 մլն դրամի աշխատանքներ:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4