«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2011-01-15 | #6, 2011-01-18 | #7, 2011-01-19


«ԵՂԲԱՅՐ» ԵՐԿՐԻՑՙ «ԲԱՐԵԿԱՄ» ԵՐԿԻՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեկ` Կիպրոսի Լառնակա քաղաքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնեց Հունաստան: Դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահի առանձնազրույցը հույն գործընկեր Կարոլոս Պապուլիասի հետ, ինչին հաջորդել է երկկողմ պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում: Ինչպես տեղեկանում ենք նախագահի մամլո գրասենյակից` «երկու երկրների նախագահները քննարկել են հայ-հունական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակաբար զարգացման, առեւտրատնտեսական, ռազմական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման, ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության ակտիվացման, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր, անդրադարձել ԼՂ հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումներին»: Հույս հայտնելով, որ մոտ ապագայում ինքը պատասխան այցով կժամանի բարեկամ երկիր` Հունաստանի նախագահը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, ասուլիսում, ընդգծել է. «Հայաստանն ու Հունաստանը այսօր գերազանց հարաբերություններ ունեն»: Այս ամենի վկայությունը, թերեւս, երկկողմ ստորագրված երեք փաստաթղթերն են. Հայաստանի ու ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի միջեւ ստորագրվել է «Պաշտպանության նախարարությունների միջեւ ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր», «Կառավարությունների միջեւ կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում 2011-13-ին համագործակցության մասին ծրագիր», ինչպես նաեւ «ՀՀ մշակույթի նախարարության եւ Հունաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության միջեւ 2012-ին` Հունաստանում «Հայկական մշակույթի օրեր» եւ 2013-ին Հայաստանում «Հունական մշակույթի օրեր» կազմակերպելու եւ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր»:

Հայաստանի նախագահը հատկապես կարեւորել է պաշտպանության գերատեսչությունների միջեւ ծավալված համագործակցությունը` ընդգծելով, որ այդ ոլորտը` «նախագահների ուշադրության կենտրոնում է»: Հատուկ նշանակություն տալով Աթենքում մեկնարկած հայ-հունական գործարար համաժողովին` երկու նախագահները կարեւորել են նաեւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Տարածաշրջանային հարցերից` ԼՂ-ի եւ հայ-թուրքական հարաբերությունների մասով` Հայաստանի նախագահը տեղեկացրել է, որ ինքը հույն գործընկերոջը հայտնել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները եւ եւս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի դիրքորոշումը, այն է` «չնայած Բաքվի կողմից ուժի կիրառման սպառնալիքներին, հայկական կողմը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով խնդիրը կարգավորելու քաղաքականությանը»: Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ նախագահը նկատել է, որ. «Հայաստանը փորձեց Թուրքիային ընդառաջ քայլ կատարել` հարեւան երկրներին վայել հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց մենք չգտանք անհրաժեշտ քաղաքական կամք Թուրքիայի կողմից: Ես ուրախ եմ լսելու, որ նաեւ մեր գործընկերները դեմ չեն Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը, բայց այդ նպատակակետն անցնում է սեփական անցյալի եւ հարեւանների հետ քաղաքակիրթ գործակցության ճանապարհներով: Եվ երբ Թուրքիան համապատասխանի եվրոպական չափանիշներին, մենք կունենաք ավելի կանխատեսելի հարեւան»:

Երեկ Հայաստանի նախագահը այցելեց նաեւ «Ակրոպոլիս» թանգարան, այնուհետեւ ներկա գտնվեց իր եւ տիկին Ռիտա Սարգսյանի պատվին Հունաստանի նախագահի անունից տրված ընթրիքին: Այսօր արդեն Սերժ Սարգսյանը բալկանյան հնագույն երկրում կշարունակի իր հանդիպումների շարքը, որոնց թվում է նաեւ հանդիպումը հայկական համայնքի եւ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Մի հավելում եւս. բարեկամ Հունաստանի նախագահի պատասխան այցը Հայաստան հնարավոր է, որ կայանա ապրիլի սկզբներին: Բանն այն է, որ ապրիլի 4-6-ը Պապուլիասը պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Հարեւան երկրում Հունաստանի նախագահը եւս կստորագրի երկկողմ միջպետական` առավելապես առեւտրա-տնտեսական փաստաթղթեր, կայցելի Բաքվում գտնվող «Հունական մշակույթի եւ լեզվի կենտրոն»: Իսկ փետրվարի 2-ին էլ նախատեսված է, որ պետք է տեղի ունենա Ադրբեջան-Հունաստան միջկառավարական հանձնաժողովի նիստը Բաքվում: Սակայն այս վերջինը դեռ կարող է չեղյալ համարվել. նիստը պետք է կայանար անցյալ տարվա նոյեմբերի 26-ին` կրկին Բաքվում, սակայն «տեխնիկական պատճառով» չեղյալ հայտարարվեց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4