«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2011-01-15 | #6, 2011-01-18 | #7, 2011-01-19


ՄԵՔԵՆԱՆԵՐԻ 65 ՏՈԿՈՍՆ ԱՆՑԵԼ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

120 տուժածներ կստանան փոխհատուցում

Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը եւ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը երեկ Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեցին պարտադիր ավտոապահովագրության (ԱՊՊԱ) գործընթացի այս պահի արդյունքները: Վահե Վարդանյանը հայտնեց, որ այս տարվա առաջին տասնօրյակում ԱՊՊԱ պայմանագրեր ստացած տրանսպորտային միջոցների թիվը կազմել է մոտ 265 հազար, որը կազմում է գրանցված մեքենաների շուրջ 65 տոկոսը: Այդ գործընթացը շարունակվում է եւ օրական ապահովագրվում է 7-10 հազար ավտոմեքենա: Հայաստանում գրանցված ավտոմեքենաների 10 տոկոսն էլ հանվել է հաշվառումից: Ըստ Վահե Վարդանյանիՙ գործընթացի այս տեմպը գոհացուցիչ է եւ շարունակվելու դեպքում շուտով ավտոապահովագրում անցած մեքենաների թիվը կհասնի 80 տոկոսի:

Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետը տեղեկացրեց, որ այս ընթացքում վթարների վերաբերյալ մոտ 1200 զանգ է եղել ապահովագրական ընկերություններ, եւ քանի որ զանգերի զգալի մասը երկկողմանի է, ապա, նրա կարծիքով, գրանցված վթարների թիվը այդ օրերի ընթացքում մոտ 700-800 է: Սա վկայում է, որ վթարների գրանցումների քանակն ավելացել է անգամներով, քանի որ 2009-ին տարեկան կտրվածքով գրանցված վթարների քանակը 1250 է եղել: Փոխհատուցման պահանջ են ներկայացրել 354 տուժող, որոնցից 120-ը կստանան փոխհատուցում: Փոխհատուցման միջին չափը կկազմի 140 հազար դրամ: Մյուս դեպքերի առնչությամբ դեռ փորձաքննություն պետք է կատարվի:

Վրաստանում մեր ԱՊՊԱ կտրոնի հետ կապված խնդիրների առնչությամբ տրված հարցին ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետը տեղեկացրեց, որ այս հարցն ընդգրկված է միջկառավարական նիստի օրակարգում եւ վրացական կողմի հետ բանակցություններ են տարվում:

Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ ապահովագրում չանցած մեքենաների տերերը կտուգանվեն 50 հազար դրամ չափով: Նա նշեց, որ դա օրենքի պահանջ է եւ հնարավոր չէ չկիրառել: Ճանապարհային ոստիկանության հետ քննարկումներից պարզվել է, որ տուգանքից կարող են ազատվել միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք հաշվառումից կհանվեն խոտանման հիմքով: Ճանապարհային ոստիկանության մեքենաներում տեղադրված համակարգիչներից հնարավոր կլինի ստուգելՙ անցե՞լ է մեքենան ապահովագրում, թե՞ ոչ, օգտվելով Կենտրոնական բանկում ստեղծված տվյալների ռեգիստրից:

Այն լուրերին, որ հայտնվել են ԱՊՊԱ կեղծ կտրոններ, Կենտրոնական բանկում նույնպես լսել են, բայց փաստեր դեռ չեն գրանցվել: Համենայն դեպս, Վահան Ավետիսյանը տեղեկացրեց, որ կտրոնը կեղծելու համար տուգանքը 150 հազար դրամ է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4